ԱՄՆ Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան Շրջանը մեկնարկեց 2026 թուականի ամառային գործնական ուսուցման ծրագիրը

ԱՄՆ Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան Շրջանը մեկնարկեց 2026 թուականի ամառային գործնական ուսուցման ծրագիրը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ՔԱԼԻՖՈՐՆԻԱ – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Արեւմտեան Շրջանը (ANCA-WR) հպարտութեամբ յայտարարում է 2026 թուականի ամառային գործնական ուսուցման (Summer Internship) ծրագրի մեկնարկի մասին՝ ողջունելով եօթ բացառիկ ուսանողների, որոնք ձեռնամուխ կը լինեն շահերի պաշտպանութեան, կրթութեան եւ համայնքային առաջնորդութեան զարգացման նոր ճանապարհի։

«ANCA-Արեւմտեան Շրջանի ամառային գործնական ուսուցման ծրագիրը մեր համայնքի ապագայի համար կատարուող ամենակարեւոր ներդրումներից մէկն է»,– ասել է ANCA-WR-ի նախագահ Օշին Յարութիւնեանը։ «Այս տարուայ մասնակիցները մարմնաւորում են հայ-ամերիկեան երիտասարդութեան ներուժը, խորութիւնն ու վճռականութիւնը։ Մենք հպարտ ենք նրանց տրամադրելու այնպիսի հարթակ, որի միջոցով նրանք կը զարգացնեն իրենց կարողութիւնները, կ՛ամրապնդեն իրենց կապը Հայ Դատի հետ եւ կը դառնան այնպիսի պաշտպաններ ու առաջնորդներ, որոնց կարիքն ունի մեր համայնքը»։

Հիմնուած ANCA-WR-ի «Կրթել։ Ոգեւորել։ Գործի մղել» կարգախօսի վրայ՝ ծրագիրը երիտասարդ ամերիկահայերին զինում է իրենց համայնքներում եւ դրանց սահմաններից դուրս արդիւնաւէտ պաշտպանութեան համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտութիւններով։ Դասընթացների, դասախօսութիւնների, գործնական աշխատանքների, դաշտային այցելութիւնների եւ համայնքային կազմակերպչական նախաձեռնութիւնների միջոցով մասնակիցները խորապէս ծանօթանում են պետական կառավարման, հանրային քաղաքականութեան, լրատուամիջոցների հետ աշխատանքին եւ ժողովրդական շարժումների կազմակերպման սկզբունքներին՝ հայկական տեսանկիւնից։

Ծանօթացէ՛ք մասնակիցներին

Սամուէլ Մինասեան

Գլենդելի համայնքային քոլէճի երկրորդ կուրսի ուսանող Սամուէլը ծնուել է Հայաստանում եւ Միացեալ Նահանգներ տեղափոխուելուց յետոյ աշխուժօրէն ներգրաւուել է Լոս Անջելեսի հայկական համայնքի կեանքում։ Նա աշխատում է East Los Angeles College Foundation-ում եւ կամաւորական աշխատանք է կատարում տարբեր հասարակական կազմակերպութիւններում։ Վաշինգտոնում ANCA-ի Rising Leaders ծրագրին մասնակցելուց յետոյ որոշել է աւելի խորացնել իր ներգրաւուածութիւնը Հայ Դատի աշխատանքներում։

«Վստահ եմ, որ այս փորձառութիւնը կը նպաստի իմ ապագայ նպատակների իրականացմանը, քանի որ մեծ հետաքրքրութիւն ունեմ հասարակական մասնակցութեան եւ շահերի պաշտպանութեան նկատմամբ»,– նշել է Սամուէլը։

Ամարաս Մեհրաբեան

UCLA-ի քաղաքագիտութեան ուսանող Ամարասը ծրագրում է դառնալ փաստաբան։ Նա UCLA-ի Հայ նախաիրաւաբանական ընկերակցութեան իրաւաբանական հանդէսի առաջին համարի խմբագրակազմի անդամ է եւ առաջնորդւում է արդարութեան ու հասարակական փոփոխութիւններ իրականացնելու ձգտումով։

«Մանկուց սովորել եմ արժեւորել իմ հայկական ինքնութիւնն ու վերադարձնել այն համայնքին, որը ձեւաւորել է ինձ։ Այս ծրագրի միջոցով ցանկանում եմ սովորել նուիրուած առաջնորդներից, ստեղծել ամուր կապեր եւ նոր ուղիներ գտնել մեր համայնքին ծառայելու համար»,– ասել է Ամարասը։

Թիլա Շիթանեան

Crescenta Valley High School-ի վերջերս շրջանաւարտ Թիլան աշխուժօրէն մասնակցում է ՀՄԸՄ-ի եւ համայնքային ծառայութեան ծրագրերին, որոնք խթանում են հայկական մշակոյթն ու քաղաքացիական ներգրաւուածութիւնը։ Իրաւունքի, հանրային քաղաքականութեան եւ պաշտպանական աշխատանքի նկատմամբ ունեցած հետաքրքրութիւնը նրան մղել է աւելի մեծ դեր ստանձնելու հայկական համայնքին վերաբերող հարցերում։

«ANCA-Արեւմտեան Շրջանի ծրագրի միջոցով ցանկանում եմ զարգացնել առաջնորդական, հաղորդակցական եւ պաշտպանական կարողութիւններս եւ աւելի խորանալ հանրային քաղաքականութեան ու համայնքային կազմակերպման ոլորտներում»,– նշել է Թիլան։

Էլիզապեթ Յակոբեան

Քաղաքագիտութեան մասնագիտութեամբ UCLA-ի շրջանաւարտ Էլիզապեթը պատրաստւում է շարունակել իրաւաբանական կրթութիւնը՝ մասնագիտանալով քրէական իրաւունքի եւ հանրային պաշտպանութեան ոլորտում։ Հանրային պաշտպանի գրասենեակում իր փորձառութիւնը աւելի է խորացրել արդարութեան եւ իրաւական պաշտպանութեան նկատմամբ նրա նուիրուածութիւնը։ Նա նաեւ համահիմնադրել է Chocolates for Charity նախաձեռնութիւնը, որը հետագայում իր գործունէութիւնն ուղղել է 2020 թուականի Արցախեան պատերազմից տուժած հայկական ընտանիքների եւ երեխաների աջակցութեանը։

«Իմ հետաքրքրութիւնը իրաւունքի եւ հանրային պաշտպանութեան նկատմամբ բխում է այն ցանկութիւնից, որ կարողանամ պաշտպանել անտեսուած համայնքների իրաւունքները։ Շնորհակալ եմ այս ամառ ANCA-WR-ում ծառայելու հնարաւորութեան համար»,– ասել է Էլիզապեթը։

Մարք Բարսեղեան

UC Irvine-ի Քրէագիտութեան, Իրաւունքի եւ Հասարակութեան բաժնի ուսանող Մարքը ծնուել է Սուրիայում եւ մեծացել հայկական համայնքում։ Նա ներգրաւուած է Kappa Sigma Fraternity-ում, Phi Alpha Delta Law Fraternity-ում, Հայ Ուսանողական Միութիւնում (ASA) եւ ՀՅԴ Երիտասարդական Միութիւնում։ Մարքը կամաւոր ծառայել է Hye Hopes-ում, թարգմանել է հայկական գրականութիւն Փիլիպոս վարժարանի համար, աշխատել է Քալիֆորնիայի նախկին սենատոր Անթոնի Փորթանթինոյի գրասենեակում եւ ՀՄԸՄ-ի միջոցով մարզել յատուկ կարիքներ ունեցող երեխաների։

«Ուրախ եմ նոր հմտութիւններ ձեռք բերելու, գործնական փորձ կուտակելու եւ հայկական համայնքին աւելի օգտակար լինելու հնարաւորութեան համար»,– ասել է Մարքը։

Մայա Բալմանուկեան

California State University, Northridge-ի քաղաքագիտութեան ուսանողուհի Մայան նպատակ ունի շարունակել ուսումը իրաւագիտութեան ոլորտում։ Նա հետաքրքրուած է հասարակական պաշտպանութեամբ եւ հանրային ծառայութեամբ, իսկ իր ուսման եւ կամաւոր աշխատանքի միջոցով խորացրել է մարդկանց օգնելու եւ դրական փոփոխութիւններ իրականացնելու իր ձգտումը։

«Անչափ ոգեւորուած եմ աւելի լաւ ճանաչելու իմ համայնքը եւ զարգանալու որպէս պաշտպան եւ որպէս անձ՝ միաժամանակ նպաստելով իմաստալից փոփոխութիւնների իրականացմանը»,– ասել է Մայան։

Նաթալի Բահարեան

Լոս Անջելես Փիրս քոլէճի քաղաքագիտութեան ուսանողուհի Նաթալին ծրագրում է շարունակել ուսումը իրաւաբանական դպրոցում՝ մասնագիտանալով սահմանադրական իրաւունքի եւ իրաւական պաշտպանութեան ոլորտներում։ Հանրային քաղաքականութեան նկատմամբ ունեցած հետաքրքրութիւնը նրան մղում է խրախուսելու քաղաքացիական մասնակցութիւնը՝ որպէս հասարակական փոփոխութիւնների միջոց։ Իր ակադեմական յաջողութիւնների եւ ուսանողական ինքնակառավարման ոլորտում ունեցած փորձի շնորհիւ նա ձեւաւորել է հասարակական խնդիրների խորքային եւ վերլուծական ընկալում։

«Անհամբեր սպասում եմ ANCA-WR-ում իմ գործնական աշխատանքին, որի ընթացքում կը խորացնեմ իմ համայնքի ինքնութեան եւ քաղաքականութեան ու ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների փոխկապակցուածութեան մասին իմ գիտելիքները»,– նշել է Նաթալին։

Այս բացառիկ խումբը ներկայացնում է հայ-ամերիկեան շահերի պաշտպանութեան նոր սերունդը։ Ամերիկայի առաջատար համալսարաններից եւ քոլէճներից եկած այս երիտասարդները տարբեր փորձառութիւններ եւ կարողութիւններ ունեն, սակայն միաւորուած են մէկ նպատակով՝ ծառայել Հայ Դատին եւ հայկական համայնքին։

ANCA-Արեւմտեան Շրջանի գործնական ուսուցման ծրագրի մասին աւելի մանրամասն տեղեկութիւնների համար այցելեցէք՝ ancawr.org/intern։


Կարէն Ճինպաշեան
Համայնքային համակարգող
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբ – Արեւմտեան Շրջան (ANCA-WR)

Հեռ.՝ +1 (818) 500-1918
Բջջ.՝ +1 (626) 437-6250

Էլ. փոստ՝ garen@ancawr.org
Կայք՝ ancawr.org

104 N. Belmont St.
Glendale, CA 91206
ԱՄՆ

Share