Ո՛չ Ռուսաստանից, ոչ՛ Ամերիկայից հումանիտար օգնութիւն չի մտել Արցախ․ Մոսիեան

Ո՛չ Ռուսաստանից, ոչ՛ Ամերիկայից հումանիտար օգնութիւն չի մտել Արցախ․ Մոսիեան

Արդէն ութերորդ օրն է, ինչ հայկական երկրորդ պետութիւնը շրջափակման մէջ է: Արցախում ստեղծուած իրավիճակի մասին MediaHub-ը զրուցել է Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար, պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի անդամ Արթուր Մոսիեանի հետ։

-Պարոն Մոսիեան, 3 օր առաջ Արցախի պետնախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ յոյս էին յայտնել, որ Լաչինի միջանցքը կը բացուի, ինչո՞ւ տապալուեցին բանակցութիւնները։

 -Բանակցութիւնները, ինչպէս միշտ, տապալւում են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով։ Էդ մարդիկ մտածում են, որ պարտադրանքով կը կարողանան արցախցիներից ինչ-որ բան պոկել, բայց չարաչար սխալւում են։

-Ի՞նչ են ուզում պոկել, արդեօ՞ք թշնամին նպատակ ունի այս քալով ստանալ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքը», թե՞ իսկապէս պայքարը Արցախի հանքերի համար է։

-Չեմ կարող ասել՝ «Զագեզուրի միջանցքով», թէ հանքերով է պայմանաւորուած, բայց ես մի բան գիտեմ՝ Ադրբեջանը այս քայլով ցանկանում է ցոյց տալ, որ Արցախը իր ներքին հարցն է, իրենց երկիրն է։ Մոլորութեան մէջ են, եթէ այդպէս են կարծում։ Գազամատակարարումը կասեցնելը, ճանապարհ փակելը եւ քայլերը ուղղուած են հէնց դրան՝ հերթով փորձարկում են արցախցիներին։

-Պարոն Մոսիեան, Դուք բաւարար համարո՞ւմ եք Հայասատանի իշխանութիւնների ջանքերը՝ իրավիճակը կայունացնելու եւ Արցախը թշնամու ճիրաններից հանելու ուղղութեամբ։

-Իհարկէ բաւարար չեմ համարում։ Իրենք աւելի շուտ կողքից են նայում իրավիճակին ու վաղուց արդէն իրենց ճիշտ չէն պահում։ Արցախի իշխանութիւնները ձեռնարկում են գործուն քայլեր, ինչպէս արդէն գիտեք օպերատիւ շտաբ է ձեւաւորուել։

 -Հայաստանի իշխանութիւնները Ռուսաստանին են համարում ստեղծուած իրավիճակի պատասխանատու՝ յղում անելով նոյեմբերի 9-ի յայտարարութեանը, որտեղ սեւով սպիտակին գրուած է, որ Լաչինի միջանցքը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողութեան գօտին է։

-Այս իշխանութիւնը եկել է իշխանութեան հէնց դրա համար՝ գործողութիւններն անում են, յետոյ գցում ժողովրդի, ռուսների, նախկինների վրայ։ Ստացւում է, որ իրենք ստեղծուած իրավիճակի հետ որեւէ կապ չունեն։ 120 000 արցախցիներ հիմա գտնւում են շրջափակման մէջ եւ հումանիտար աղէտի եզրին։

 -Հումանիտար օգնութիւն գալի՞ս է Արցախ, մէկ ասում են՝ Ամերիկան է օգնում, մէկ՝ Ռուսաստանը։

-Ոչ՛ Ամերիկան է օգնում, ո՛չ Ռուսաստանը, որեւէ հումանիտար օգնութիւն չի մտնում Արցախ։ Դա ասողները պարզապէս Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում, թէ տեսեք՝ հումանիտար աղէտ չկայ։

-Նկարներ հրապարակուեցին, թէ ինչպէս են ադրբեջանցիները բացում ճանապարհը ռուս խաղաղապահների բեռնատարների համար։

-Ի՞նչ մեքենաներ: Ռուս խաղաղապահների մեքենաները իրենց ապրանքներն են բերում, մէզ համար օգնութիւն չի գալիս։

Լիայ Սարգսեան

Share