Կոնգրէսական Շըրմընը եւ Հայ Դատի Ամերիկայի Յանձնախումբը Քեփիթոլ Հիլի մէջ կազմակերպեցին մամուլի ասուլիս՝ նշելով գերութեան 1,000-րդ օրը
ՎԱՇԻՆԿԹԸՆ, Տի.Սի. – Կոնգրէսի անդամները միացան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբին (ANCA)՝ նշելու ադրբեջանական գերութեան մէջ գտնուող հայ ռազմագերիների, Արցախի ղեկավարների եւ քաղաքացիական պատանդների կալանքի 1,000-րդ օրը՝ պահանջելով նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը, այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների տունը պատրաստւում է քուէարկելու մի շարք նախաձեռնութիւնների շուրջ, որոնք Ադրբեջանին պատասխանատու են պահում Հայաստանի ինքնիշխանութեան, միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների շարունակական խախտումների համար։
Կոնգրէսի Հայկական հարցերով յանձնախմբի փոխնախագահ Բրատ Շըրմընը (Դեմոկրատ, Քալիֆորնիա), ներկայացուցիչներ Ճուտի Չուն (Դեմոկրատ, Քալիֆորնիա), Լորա Ֆրիտմանը (Դեմոկրատ, Քալիֆորնիա) եւ Ճիմ Քոսթան (Դեմոկրատ, Քալիֆորնիա) ելոյթ ունեցան Քեփիթոլ Հիլի մամուլի ասուլիսին, որը կազմակերպել էին Շըրմընը եւ Հայ Դատի Ամերիկայի Յանձնախումբը։ Միաժամանակ, Կոնգրէսի անդամներ երկու պալատներից էլ սոցիալական ցանցերում յիշատակեցին այս խորհրդանշական օրը եւ պահանջեցին գործնական քայլեր։ Հայ Դատի Ամերիկայի Յանձնախմբի Լէօ Սարգիսեանի եւ Մարալ Մելքոնեան-Աւետիսեանի ամառային ծրագրի մասնակիցները մասնակցեցին ասուլիսին եւ այցելեցին Սենատի ու Ներկայացուցիչների տան գրասենեակներ՝ կրելով Ադրբեջանում պատանդառուած Արցախի ղեկավարների անուններն ու լուսանկարները պատկերող շապիկներ եւ կոչ անելով աջակցել հայամէտ օրէնսդրական նախաձեռնութիւններին։
Ներկայումս առնուազն տասնինը հայ ռազմագերի եւ քաղաքացիական պատանդ շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի մէջ։ Նրանց շարքում են Արցախի ութ ղեկավարներ՝ Ռուբէն Վարդանեան, Արայիկ Յարութիւնեան, Բակօ Սահակեան, Արկադի Ղուկասեան, Դաւիթ Իշխանեան, Դաւիթ Բաբայեան, Լեւոն Մնացականեան եւ Դաւիթ Մանուկեան։
Շըրմըն, Չու, Ֆրիտման եւ Քոսթա․ ազատ արձակել հայ պատանդներին



Շըրմընը իր ելոյթում յիշեցրեց, որ 2023 թուականին Ադրբեջանը էթնիկ զտման միջոցով տեղահանեց աւելի քան 100,000 բնիկ հայերի Արցախից եւ շարունակեց բռնութիւնները կալանաւորուածների նկատմամբ։ Նա ընդգծեց, որ պատերազմի աւարտից յետոյ էլ հայ ռազմագերիներն ու քաղաքական բանտարկեալները ենթարկուել են խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի։ Շըրմընը քննադատեց կեղծ դատավարութիւնները, որոնց արդիւնքում որոշ կալանաւորներ դատապարտուել են 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման, եւ նշեց, որ դատավարութիւններն անցկացուել են առանց անկախ դիտորդների ներկայութեան։ Նա յատկապէս անդրադարձաւ Ռուբէն Վարդանեանի գործին՝ յիշեցնելով, որ Amnesty International-ը այդ գործընթացը բնութագրել է որպէս «իսկական ծաղր արդարադատութեան նկատմամբ»։
Շըրմընը շեշտեց, որ կայուն խաղաղութիւն հնարաւոր չէ, քանի դեռ բոլոր հայ ռազմագերիներն ու քաղաքական բանտարկեալները չեն ազատուել եւ չեն վերադարձել իրենց ընտանիքների մօտ։ Նա նաեւ մատնանշեց, որ Ադրբեջանը ոչ միայն չազատ արձակեց որեւէ կալանաւորի Եւրոպական խորհրդարանի դատապարտող բանաձեւից յետոյ, այլեւ խզեց յարաբերութիւնները այդ կառոյցի հետ եւ մերժեց անգամ «ռազմագերի» եզրը։
Ճուտի Չուն յիշեցրեց իր այցելութիւնը Արցախ եւ նշեց, որ մարդու իրաւունքների պաշտպանութեան համար Ադրբեջանը իրեն արգելել է մուտք գործել երկիր։ Նա վերահաստատեց իր յանձնառութիւնը՝ պաշտպանելու Արցախի հայերի վերադարձի իրաւունքը, մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանութիւնը եւ բոլոր քաղաքական բանտարկեալների ազատ արձակումը։
Լորա Ֆրիտմանը դատապարտեց Ադրբեջանի կեղծ դատավարութիւններն ու Արցախի հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացումը՝ ընդգծելով, որ խաղաղութիւնը անհնար է առանց պատասխանատուութեան, Հայաստանի անվտանգութեան եւ ինքնիշխանութեան յարգման, ինչպէս նաեւ Արցախի բնիկ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան։
Ճիմ Քոսթան կոչ արեց Ադրբեջանին անմիջապէս դուրս բերել իր զօրքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից եւ անվերապահօրէն ազատ արձակել բոլոր կալանաւորներին՝ ընդգծելով, որ նրանք սակարկութեան առարկայ չեն, այլ ընտանիքներ ունեցող մարդիկ, որոնց հարազատներն արդէն 1,000 օր սպասում են նրանց վերադարձին։
Հայ Դատի Ամերիկայի Յանձնախումբ․ Այսպէս կոչուած «խաղաղութեան» համաձայնագիրը ամրագրում է Ադրբեջանի յանցագործութիւնների արդիւնքները

Հայ Դատի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը քննադատեց վերջերս յայտարարուած հայ-ադրբեջանական «խաղաղութեան» շրջանակը՝ այն բնութագրելով ոչ թէ որպէս կայուն խաղաղութեան հիմք, այլ որպէս Ադրբեջանի էթնիկ զտման արդիւնքների ամրագրում։
«Մենք խաղաղութիւն ենք պահանջում, բայց իրական եւ արդար խաղաղութիւն։ Այն, ինչ այսօր ներկայացւում է որպէս առաջընթաց, իրականում Արցախի էթնիկ զտման օրինականացումն է, վերջին պատերազմի արդիւնքների հաստատումը եւ նոր պատերազմի նախերգանքը»,— նշեց Համբարեանը։
Նա զգուշացրեց, որ Ադրբեջանի ագրեսիան ամերիկեան հարկատուների միջոցներով խրախուսելը կը հանգեցնի նոր բռնութիւնների՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հաշուին։ Համբարեանը կոչ արեց Կոնգրէսին ապահովել չորս հիմնական նպատակ՝
- Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ պատանդների ազատ արձակում,
- Ադրբեջանի զօրքերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքներից,
- Արցախի հայերի անվտանգ վերադարձ միջազգային երաշխիքներով,
- Արցախի քրիստոնէական սրբավայրերի եւ մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։
Օրէնսդիրները պահանջում են ազատ արձակել հայ պատանդներին
Սենատոր Ատամ Շիֆը, ներկայացուցիչներ Եանգ Քիմը, Վինս Ֆոնկը, Լորա Ֆրիտմանը եւ այլ օրէնսդիրներ յայտարարութիւններով նշեցին գերութեան 1,000-րդ օրը՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապէս ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական պատանդներին։ Թոմ Լանթոսի Մարդու իրաւունքների յանձնաժողովը նոյնպէս կոչ արեց վարչակազմին ճնշում գործադրել Ադրբեջանի վրայ՝ պահանջելով կալանաւորների անվերապահ ազատ արձակումը։
Ներկայացուցիչների տունը պատրաստւում է քուէարկութեան
Ներկայացուցիչների տան Արտաքին գործերի յանձնաժողովը մօտ ապագայում նախատեսում է քուէարկութիւն անցկացնել Շըրմընի նախաձեռնած փոփոխութեան շուրջ, որով Կոնգրէսը յայտարարում է, որ Ադրբեջանը պէտք է անմիջապէս եւ անվերապահօրէն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղաքական բանտարկեալներին։ Բացի այդ, FY2027 պաշտպանական եւ ազգային անվտանգութեան օրէնսդրական փաթեթների շրջանակում քննարկւում են ութ հայամէտ փոփոխութիւններ, որոնք վերաբերում են հայ պատանդների ազատ արձակմանը, Հայաստանի տարածքային ամբողջականութեան պաշտպանութեանը, Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեանը եւ բռնի տեղահանուած արցախահայերի անվտանգ վերադարձին։
