Արթուր Վանեցեանը վայր է դրել պատգամաւորական մանդատը և դադարում է  «Պատիւ ունեմ» դաշինքը

Արթուր Վանեցեանը վայր է դրել պատգամաւորական մանդատը և դադարում է «Պատիւ ունեմ» դաշինքը

Արթուր Վանեցեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասւում է․

«Այսօր օրէնքով սահմանուած կարգով դիմում եմ ներկայացրել պատգամաւորական մանդատս վայր դնելու վերաբերեալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնօրէն յայտարարել եմ, որ ինձ այլեւս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներեւ է՝ ՀՀ քաղաքացին մեզ քուէ էր տուել այս իշխանութիւնների կործանարար գործունէութիւնը կասեցնելու եւ երկիրն աղէտից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդիւնաւէտ հարթակ։

«Հայրենիք» կուսակցութեան Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունէութիւնը խորհրդարանից դուրս։ Կուսակցութեան որոշմամբ դէ իւրէ եւ դէ ֆակտօ դադարում է գոյութիւն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձեւաւորած «Պատիւ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց յագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ յանուն երկրի փրկութեան, իսկ ապագայում նաեւ՝ մեր պետականութեան առողջացման եւ ուժեղացման։ Շնորհակալութիւն եմ յայտնում «Պատիւ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցութիւնների մեր գործընկերներին՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։

Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու եւ «Հայրենիք» կուսակցութեան՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապէս մեր ընտրութիւնն են եւ որեւէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործօն հանդիսանալ «Պատիւ ունեմ» խմբակցութեան մեր գործընկերների, այդ թւում՝ «Հայրենիք» կուսակցութեան առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում իւրաքանչիւրն իր գիտակցուած, հիմնաւորուած ընտրութիւնը պիտի անի։

Յարգելի՛ հայրենակիցներ,

2021-ի արտահերթ ընտրութիւններին մասնակցելու եւ արդիւնքում պատգամաւորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ յստակ էին։ Ես մշտապէս յայտարարել եմ, որ մենք ամէն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխութիւն բերելու, անվտանգ Հայաստան եւ Արցախ ունենալու եւ մեր քաղաքացիների կեանքի որակն էապէս բարձրացնելու համար։

Անշուշտ, այդ ամենին, ինչպէս նաեւ իմ՝ պատգամաւորական գործունէութեան այս տասնմէկ ամիսների գործունէութեանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամաւորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամէնը գործիք էր մեր երկրին ու պետականութեանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլեւս ինձ համար կիրառելի չէ։

Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին եւ սխալւելու իրաւունք այլեւս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, եւ ինչպէս բազմիցս նշել եմ՝ այսօր յանուն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի պայքարում կուսակցական դրօշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, եւ մենք՝ «Հայրենիք» կուսակցութեան անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։

Share