Փաշինեանի ձեւակերպումը Հայոց Ցեղասպանութեան ժխտում է, ինչը համարւում է քրեօրէն հետապնդելի արարք. Հայկ Դեմոյեան

Փաշինեանի ձեւակերպումը Հայոց Ցեղասպանութեան ժխտում է, ինչը համարւում է քրեօրէն հետապնդելի արարք. Հայկ Դեմոյեան

Ապրիլի 18-ին ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինեանը ներկայացնելով 2022 թուականի Կառաւարութեան կատարողականը, անդրադարձել էր նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններին։

«Պետք է արձանագրեմ, որ այո՛, մեր երկրների միջեւ բնականոն յարաբերութիւններ հաստատելու մեծ հնարաւորութիւն կայ, եւ այդ հնարաւորութիւնը, պիտի խոստովանեմ՝ մեծացել է վէրքաղաքական, վերդիւանագիտական գործոնների, աւելի ճիշտ՝ մարդկային արժէքների շնորհիւ այն բանից յետոյ, երբ մենք որոշեցինք մարդկային, հարեւանային արժէքների վրայ հիմնուած տրամաբանութեամբ արձագանքել Թուրքիայում այս տարուայ սկզբին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժին, եւ Թուրքիայի կառավարութիւնն ու հանրութիւնը մեր գործողութիւնները այդպէս էլ ընկալեցին եւ ընդունեցին:

Մենք Թուրքիայ փրկարարական ջոկատ եւ հումանիտար օգնութիւն ուղարկելու որոշում չէինք կայացնի, եթէ չփոխեինք պատմութիւնն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկիւնը այս ժամանակահատուածում, եթէ մնայինք հայրենասիրութեան վերը յիշատակուած մոդելի մէջ, Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը մեր բեռների եւ փրկարարական ջոկատի համար չէ՛ր բացի, եթէ չհաւատար մեր անկեղծութեանը»,- նշել էր Նիկոլ Փաշինեանը։

168.am-ի հետ զրոյցում Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն, պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանն անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութեանը եւ առհասարակ հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման գործընթացին, նախ ասաց, որ որպէս գիտնական՝ անպատուաբեր է համարում անդրադառնալ Նիկոլ Փաշինեանի որեւէ յայտարարութեան, քանի որ նրան չի ընկալում՝ որպէս ՀՀ վարչապետ։

«Երբեք որեւէ սկզբունքով հայկական կողմն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում. նոյն Նիկոլ Փաշինեանը չէ՞ր ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ». Դաւիթ Բաբայան
«Ես լիովին համոզուած եմ եւ կարող եմ ցանկացած հարթակում ու ցանկացած անձանց հետ ապացուցել թաւշեայ յեղափոխութեան խեղկատակութեան ֆեյք, շինծու լինելը։ Այսինքն՝ ով այդ ամէնին հաւատացել է կամ դրա մէջ եղել է, ինձ համար ֆեյք անձ է, որը կառավարւում ու ուղղորդւում է՝ լինելով կախուած ինչ-ինչ հանգամանքներից։

Զուտ լեզուական ու հոգեւելուծական մեթոդների դիտանկիւնից եթէ նայեք, ապա առանց հոգեբուժական գիտութեան չենք կարող մեկնաբանել կամ փորձ կատարել մեկնաբանել այդ ամէնը։ Ցեղասպանութեան մէջ յայտնի մի խօսք կայ՝ ցանկացած ժխտողականութիւն արդէն հոգեբուժական խնդիր է, սա ես չեմ ասում, այլ ապացուցուած բան է։ Այսինքն՝ եթէ մէկը գիտի, որ ցեղասպանութիւն է եղել, սակայն ասում է ճիշտ հակառակը, ապա գործ ունենք ոչ թէ հոգեբանի, այլ հոգեբոյժի հետ, որը պէտք է միջամտի ու ասի, թէ ինչով է տառապում պացիենտը։ Այստեղ «ուրախալին» այն է, որ Նիկոլ Փաշինեանը «հայրենասիրութեան նախկին մոդել» ասելով՝ նկատի ունի ցեղասպանութեան մասին խօսելը։ Ըստ նրա արտայայտած «մարգարիտների»՝ եթէ այդ մոդելով առաջնորդուէն, ապա Մարգարայի կամուրջը Թուրքիան թոյլ չէր տա բացել։ Յիշողութիւն չունեցող մարդը մանկուրտն է, որը չի յիշում ծնողին, հայրենիքին»,- նշեց Հայկ Դեմոյեանը։

Շարունակելով միտքը՝ Հայկ Դեմոյեանն ասաց, որ եթէ այս ամէնը դիտարկում են Թուրքիայ-հայ ժողովրդի յիշողութիւններ համատեքստում, ապա դա հանգում է մէկ կէտի, որը կոչւում է Հայոց ցեղասպանութիւն։

«Երբ խօսում ենք Հայոց ցեղասպանութեան մասին եւ առնչւում ենք այսօրուայ Թուրքիայի հետ, ապա ունենք ձեւակերպում՝ Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարում։ Ուրեմն՝ Նիկոլ Փաշինեանի ասած այդ ձեւակերպումը ես կարող եմ դիտարկել փաստ՝ հաղորդում տալու քրեօրէն հետապնդելի արարք կատարելու մասին, այն է՝ Հայոց ցեղասպանութեան ժխտում Հայաստանի վարչապետ հանդիսացող անձի կողմից։ Հետեւաբար, ապրիլի 24-ին, եթէ կան հասարակական կազմակերպութիւններ, եթէ ընդդիմութեան շարքում կան Հայ դատով, Հայոց ցեղասպանութեան հարցերով մտահոգ մարդիկ, ապա նրանց յուշում եմ՝ Փաշինեանի նման ձեւակերպումը ենթադրում է Հայոց ցեղասպանութեան ժխտման փորձ, ինչը քրեօրէն հետապնդելի արարք է։ Ըստ այդմ պէտք է սկսել գործընթաց քրէական գործ յարուցելու վերաբերեալ»:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինեանի շրջապատում իր հետ առնուազն կան երկու հոգի, որոնք միայն հայերէն են խօսում եւ նրանց համար պատմութիւնը, մշակոյթը, արժեհամակարգը ոչ թէ լղոզուած են, այլ իսպառ բացակայում են։

Հայկ Դեմոյեանը յիշեցրեց, որ նախկինում կասկած է յայտնել, որ Նիկոլ Փաշինեանի թիմից երկու առանցքային անձ առնուազն կասկածւում են Հայոց ցեղասպանութեան թանգարանից գողութիւն կատարելու մէջ։

«Պահպանելով անմեղութեան կանխաւարկածը, ես յղում եմ տալիս նախկին տնօրենին, ով ասաց, որ այդ գողութիւնը կատարել են ասպիրանտները»,- եզրափակեց Հայկ Դեմոյեանը։

Share