Հարաւային Կովկասի թնջուկը, եւ իրեն հարազատի պէս չպահող «եղբօր» մասին. Էհսան Մովահեդեանի

Հարաւային Կովկասի թնջուկը, եւ իրեն հարազատի պէս չպահող «եղբօր» մասին. Էհսան Մովահեդեանի

«Ամերիկան ու ԵՄ-ն Երեւանի համար ոչ մի ջուր էլ չեն տաքացնի»

«ԱԼԻՔ» — Աշխարհում քաղաքականութիւնն ականատես է դարձել դիւանագիտական փոխգործակցութեան նոր գործիքների ի յայտ գալուն։

Զանգւածային հաղորդակցութեան տեխնոլոգիաների յայտնւելը, ինչպիսին «Twitter»-ն է, նոր տեսակի դիւանագիտական գործընթաց է ենթադրում։

Սա առաւել զգալի է դարձել, երբ նոյնիսկ ամենաժողովրդավար կեցւածքով ռեժիմներում գործող մեդիաների բիւջէտային կախւածութիւնը վերեւներից դամոկլեան թուրի օրինակն է յիշեցնում, որով զսպւածութիւն է հաղորդւում մեդիադաշտին:

Այսպիսով զանգւածային հաղորդակցութեան տեխնոլոգիաներն, այդ թւում «Twitter»-ը դառնալով տարբեր քաղաքական ու գլոբալ հարցերի շուրջ ակտիւիստների ու քաղաքական գործիչների յարձակումների, քննադատելու, կամ մեկնաբանութիւնների թատերաբեմ, դարձել են փոխադարձ ազդեցութեան յարմարաւէտ միջոց:

Դիւանագիտութեան այս տեսակը կոչւում է «թէոդիւանագիտութիւն»:

Տեղեկատւական մեր որդեգրած այս ընթացակարգում դանդաղօրէն կանդրադառնանք այն հիմնական հարցին, թէ ինչպէս եւ ի՞նչ նարատիւով է փորձագէտը ներկայացնում իր դիւանագիտութիւնը «Twitter»-ում։

Իսկ մինչ այդ, երբ պաշտօնական Թեհրանն իր դիւնագիտական բարքին համապատասխան անաղմուկ է փորձում լուծել խնդիրները, արժէ անդրադառնալ Հայաստանի վերջին անցուդարձերին հետեւող իրանական որոշ փորձագիտական շրջանակների մեկնաբանութիւններին:

Արդէն ընթերցողիս ծանօթ Էհսան Մովահեդեանն իր թէոդիւանագիտական (տելեգրամային ալիք եւ «Twitter») հարթակներրում երեք հարցով դիմել է ՀՀ իշխանութիւններին եւ որոնց համար պատասխան չի ակնկալում, քանի որ իր մեկնաբանութեամբ դրանք անպատասխան են թողնւելու:

Մովահեդեանի գրառումը նոյնութեամբ.

«ՀՀ կառավարութեանն ուղղւած անպատասխան հարցեր.

Դիտարկելով վերջին երկու տարիների զարգացումները, որոնք յանգեցրել են Բաքւի բանակի կրկնակի առաջխաղացմանն ու Հայաստանի պասիւութեանը, գլխումս առաջացել են անպատասխան հարցեր, այդ թւում՝

Ա- Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի ասութեամբ, Բաքւի կողմից Երեւանի դէմ ռազմական գործողութիւնների սրման հաւանականութիւն կայ։ Չնայած այս տեղեկութիւնների, ինչո՞ւ Հայաստանի կառավարութիւնը կոնկրետ ջանք չի գործադրում այդ երկրի ռազմական ենթակառուցւածքներն ուժեղացնելու համար։ Առաւել կարեւոր է պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականութի՞ւնը, թէ, ասենք, ԱՄՆ-ից եւ Եւրոպայից բացասական արձագանգը չստանալը՝ Իրանի հետ ռազմական համագործակցութիւն ստեղծելու գծով, այն դէպքում, երբ նրանցից ոչ մէկը մտահոգւած էլ չէ Հայաստանի գոյութեան համար՝ որպէս ինքնիշխան երկրի, եւ ծրագրել է թալանի ենթարկել տարածաշրջանի հանքային եւ էներգետիկ ռեսուրսները, միաժամանակ հարւածելով Կովկասում Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցութեան հեռանկարներին:

Բ- Ի՞նչ շօշափելի ձեռքբերում ունի խաղաղութեան բանակցութիւնների գործընթացը, որը նախկինում իրականացւում էր Ռուսաստանի միջնորդութեամբ, եւրոպական հարթակ տեղափոխելու ջանքերը Հայաստանի համար։ Բրիւսէլի կողմից կազմակերպւող բանակցութիւնների իւրաքանչիւր փուլից առաջ Բաքուն ձգտում է միաւորներ հաւաքել եւ բանակցել գերակայ դիրքից՝ ուժ գործադրելու միջոցով։ Այս ընթացակարգը Թեհրանում վրդովմունքի առիթ է դարձել, զայրացրել է Մոսկւային, իսկ Պուտինը, որն աչք է փակում Ալիեւի ռազմական ագրեսիաների վրայ, կարծես դէմ չէ այս իրադարձութիւններին եւ դրանք համարում է Փաշինեանին պատժելու միջոց: Բացի այդ, Հայաստանի իշխանութիւնն ինչո՞ւ համարժէք պատասխան չի տալիս նման ագրեսիաներին, որպէսզի Ալիեւի հետ բանակցութիւններում առնւազն հաւասար դիրքերից հանդէս գայ:

Գ- Արցախը Բաքւի Հանրապետութեան մաս համարելու Փաշինեանի համաձայնութիւնը կը տա՞յ արդեօք Հայաստանին իր տարածքային ամբողջականութիւնը երաշխաւորւած տեսնելու առիթ։ Ի՞նչ գործնական երաշխիքներ կան Ալիեւին կանգնեցնելու այդ անհամաչափ մեծ փրկագնից յետոյ։ Եթէ ​​Բաքւի իշխանութիւնը Հայաստանի իշխանութեան կողմից հաստատւած տեսնի իր ինքնիշխանութիւնը եւս Արցախի վրայ, միթէ չի՞ պահանջելու փոխհատուցում, կամ տարբեր այլ տեսակի գլխագին՝ Հայաստանը օկուպացիայի չենթարկելու դիմաց, կամ չի՞ անցնի արդեօք մի շարք նոր քարոզչական հնարքների ու իրաւական հակամարտութիւնների…

Մովահեդեանը վերջում նշում է, որ Հայաստանի կառավարութիւնը պէտք է վերջ տայ այս ապակողմնորոշւածութեանն ​​արտաքին քաղաքականութեան ասպարէզում, որը շփոթեցնող, մտահոգիչ եւ վիրաւորական է այդ երկրի իրական բարեկամների համար:

«Ամերիկան ու ԵՄ-ն Երեւանի համար ոչ մի ջուր էլ չեն տաքացնի»,- եզրակացնում է նա:

Share