Մարդահամար

Մարդահամար

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ

ԼՈՍ-Անջելեսում անձրեւոտ օրերը ասես վերջ չունեն; Մեկ-մէկ երինքը պարզում է, մի պատառ արեւի ժպիտ ու կրկին անձրեւ, անձրեւ…
Հեռւում ուրուագծուող լեռներին ձիւն է , ճեփ ճերմակ:
Ասում են մէկ էլ մի կէս դար առաջ է նման եղանակ եղել:
Չգիտեմ, կէս դար առաջ այստեղ՝ Լոս-Անջելեսում որքան է եղել հայերի թիւը, բայց հիմա, մօտաւոր հաշուարկով, 350-400 հազար հայ է ապրում, ու ես ամէն առաւօտ ինձ համար ամենաթանկ հայի ձեռքը բռնած տանում եմ դպրոց:
Ճանապարհը երկար չէ, ընդամէնը տասը րոպէ, բայց այդ տասը րոպէն էլ բաւական է հասկանալու, որ արժեր տասնուեց ժամ ինքնաթիռով ճանապարհ անցնել ու վայելել այս բերկրանքը, որի մէջ մի քիչ էլ թախիծ ու տխրութիւն կայ:
— ՁԵՐ դասարանում քանի՞ ՀԱՅ կայ,- հարցնում եմ թոռանս:
— Չեմ հաշուել պապիկ, որ վաղը ասեմ կը լինի՞:
Յաջորդ օրը դպրոցի ճանապարհին ենք:
Անձրեւը մի քիչ դադար է առել:
Երկնասլաց արմաւենիների ծայրին արեւն է նստել:
-Հաշուել եմ, պապիկ, մեր դասարանում վեց հատ հայ կայ, ութ հատ մեքսիկ…
-Չէ՛, Վահան ջան, ոչ թէ վեց հատ, այլ վեց հոգի,-ուղղում եմ նրան:
-Ի՞նչ տարբերութիւն պապիկ,- զարմացած հարցնում է թոռս;
-Ա՛յ, օրինակ, կարող ես ասել վեց հատ մատիտ, վեց հատ գրիչ, բայց մարդկանց հատով չէն հաշւում…
-Լա՛վ, վեց հոգի հայ, ութ հոգի մեքսիկ, երկու ռուս…
Այստեղ սպառւում է Վահանի մարդահամարը:
-Քանի՞ հոգի էք դասարանում;
-Քսանչորս:
-Վեց հայ, ութ մեքսիկ, երկու ռուս, արեց տասնուեց, բա մնացա՞ծը…
-Մնացածը ամերիկացի են:
…. Ասում են Լոս Անջելոսում կրկին անձրեւ է;

Share