«Համախմբումը» միանում է Արցախի ԱԺ-ի 5 խմբակցութիւնների պահանջին

«Համախմբումը» միանում է Արցախի ԱԺ-ի 5 խմբակցութիւնների պահանջին

ՀՀ իշխանութիւնները պէտք է հաւատարիմ մնան ՀՀ Գերագոյն խորհրդի 1992թ. յուլիսի 8-ի որոշմանը

Մարտի 13-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի հինգ խմբակցութիւնները միասնական յայտարարութեամբ հանդէս եկան՝ դատապարտելով թշնամական Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնները, համոզմունք յայտնելով, որ ղարաբաղեան հակամարտութիւնը՝ որպէս միջազգային օրակարգի հարց, պէտք է լուծւի բանակցութիւնների միջոցով համապատասխան միջազգային կառոյցների միջնորդութեամբ ու երաշխիքներով, Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրաւմամբ։ Այս մասին ասւում է «Համախմբում» շարժման տարածած յայտարարութեան մէջ։ Գրում է Yerkir.am-ը:

«Հաշւի առնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան շարունակական հակահայ քարոզչութիւնը, գործելաոճը եւ Արցախի ժողովրդի դէմ կիրառւող հումանիտար ճնշումներն ու ցեղասպան քայլերի հետեւողականութիւնը՝ «Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները, արտայայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից հաւատարիմ մնալ ՀՀ Գերագոյն խորհրդի 1992թ. յուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը: Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցութիւնները վերահաստատում են իրենց հաւատարմութիւնը մեր ժողովրդի կամքն արտայայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդւել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով»։

«Համախմբում» շարժումը յայտնում է աջակցութիւն Արցախի ժողովրդին եւ նրա օրինական ընտրւած ներկայացուցիչներին, միանում է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի հինգ խմբակցութիւնների սոյն պահանջին եւ հաստատում․ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՒ ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՄԻԱՒՈՐՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆ ԱՄՐԱԳՐՒԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ ԵՒ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀՀ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ:

Սոյն պարտաւորութիւնից հրաժարւելը հաւասարազօր է ՀՀ Սահմանադրութեան չեղարկմանը եւ Հայաստանի Հանրապետութեան՝ փաստացի որպէս ինքնիշխան, ազգային եւ ժողովրդավարական պետութեան լուծարմանը: Հայաստանի Հանրապետութեան որեւէ քաղաքացի նմանօրինակ լիազօրութեամբ չի օժտել որեւէ իշխանութեան, աւելին, հայ ժողովրդն իր հաւաքական կամքն է արտյայտել՝ բացառելով Արցախը թշնամական ցեղասպան պետութեան կազմում լինելը:


Հետեւաբար, «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը նպատակ է հետապնդում պայքարելու ցանկացած իշխանութեան դէմ, որը կը փորձի չեղարկել ՀՀ Անկախութեան հռչակագիրը եւ Սահմանդրութիւնը եւ խարխլել հայկական ազգային պետութեան հիմնասիւները: Հետեւողական ենք լինելու, որպէսզի նմանօրինակ գործողութիւններն անպատիժ չմնան, եւ Սահմանադրութեան տապալման ցանկացած փորձ կատարող պաշտօնեայ կրի պատասխանատւութիւն՝ օրէնքի ողջ ուժով եւ խստութեամբ։ Ակնկալում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցների աջակցութիւնը եւ կոչ անում Հայաստանի, Արցախի եւ սփիւռքահայ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին Արցախի Հանրապետութեան փրկութեան օրակարգի շուրջ միասնական ճակատ ձեւաւորել»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Share