Դր. Պրոֆ. Եսայի Շահիջանեան՝ Գեղամանրանկարիչ 1939-1987

Դր. Պրոֆ. Եսայի Շահիջանեան՝ Գեղամանրանկարիչ 1939-1987

Գրիշ Դաւթեան

Եսայի Շահիջանեանը ծնուել է 1939 թուականի յունուարի 24ին, Նոր Ջուղայում, Իրան։ Տարրական կրթութիւնը ստացել է տեղի պետականացուած, նախկին հայոց, Կենտրոնական դպրոցում․ աւարտելուց յետոյ մտնում է Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը, գեղարուեստական նկարչութեան բաժանմունքը, 13 տարեկանում, աշակերտելով ժամանակի պարսիկ յայտնի գեղանկարիչներ Ռոստամ Շիրազիին եւ Հաջ Մոսաւար օլ Մոլքին։ Նախքան այդ էլ նա սկսել էր տպագիր գեղանկարներից մատիտով ընդօրինակումներ անել, որոնցից երեւում էր պատանու նկարչական հետաքրքրութիւնները եւ սէրը։ Ուսումնառութեան տարիներում նա ծանօթանում է նորջուղայեցի, իրանահայ յայտնի գեղանկարիչ Երուանդ Նահապետեանի հետ․ սկսում է այցելել նրա աշխատանոցը, երբեմնակի գեղանկարչական փորձեր անելով նրա մօտ, իւրացնում է վարպետի տարիների փորձառութիւնը։

Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը աւարտում է բարձր մակարդակով, աւելի կենտրոնացած գեղարուեստական մանրանկարչութեան վրայ։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Լիբանան, բայց երկու տարուց յետոյ վերադառնում է Սպահան, Նոր Ջուղայ, եւ արդէն որպէս գեղանկարիչ աշխատանքի է մտնում Իրանի Մշակութային ժառանգութիւնը պահպանող պետական հիմնարկութեան մէջ։ Գործուղւում է Իրանի պատմական պալատների որմնանկարների վրայ հին գեղանկարների նորոգման ու գոյների թարմացման աշխատանքին․ վարպետանում է, ցուցաբերում է աննախադէպ յաջողութիւն․ այնպէս որ հիմնարկութիւնը նրան նշանակում է իտալական ԻԶՄԷՕ կազմակերպութեան որմնանկարների նկարիչների խմբի հետ աշխատելու, որին ղեկավարում էր Պրոֆեսոր Ռոբերտոյ Չերբինոն, այդ օրերում Իրանում։

Եսայի Շահիջանեանը աշխատում, վերականգնում եւ թարմացնում է Սպահան քաղաքի՝ Ալիղափու, Չեհել Սոթուն, Հաշթ Բեհեշտ պալատների, Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիների, Նաին քաղաքի՝ Փիրնիայ տան, Շիրազ քաղաքի՝ Ղաւամ նարինջստանի,  եւ Ղազուին քաղաքի  պատմական կոթողների որմնանկարները։ Պատմական կոթողների որմնանկարների վրայ աշխատանքի ընթացքում նա նաեւ ուսումնասիրում է դրանց ձեւաւորման գեղանկարչական ոճը, գոյների համադրութեան ճաշակը եւ կիրառուած փորագրումների ու քանդակների իւրայատկութիւնները։ Նա դարձաւ պարսից Սաֆաւիեան եւ Ղաջարական դինաստիաների նկարչութեան ճանաչուած հեղինակութիւն։ Նա վերականգնեց Սաֆաւիեան պատմաշրջանի նկարչական ոճը, որով նա գեղազարդեց Սպահանի՝ Աբբասեան հիւրանոցի սրահները, մայրաքաղաք Թեհրանի՝ Քոսար հիւրանոցը, պատուէրով ստեղծագործեց Նիու Եօրքի՝ Վալդորֆ եւ Աստորիայ հիւրանոցների գեղանկարուած պաստառները։ Ղաջարական դինեստիայի ծաղիկների ու թռչունների նրա վերականգնած եւ իրագործած գեղանկարները հիացմունքով համարւում են տուեալ ոճի բնորդներ։ Իտալական ԻԶՄԷՕ կազմակերպութիւնը նրան պարգեւում է մասնագիտական դիպլոմայ․ իսկ նրա դպրոցը՝ Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը՝ Պրոֆեսորի կարգ ու կոչում է շնորհում նրան։

Եսայի Շահիջանեանը հեղինակային նորոյթ մտցրեց իրանական մանրանկարչութեան մէջ։ Մանրանկարչութիւնը տափակ նկարչութիւն է, ներկայանում է հարթ տարածքով․ չունի խորք։ Նա խորք ստեղծեց տափակ մանրանկարչութեան մէջ, որ իրանական դարաւոր նկարչական գեղարուեստում հսկայական պատմական նորոյթ եղաւ։

Ամուսնացաւ ու բախտաւորուեց երկու զաւակներով՝ աղջիկ ու տղայ։

Այդ տարիներում, իր աշխատանքի շրջանակում, նա ծանօթանում ու մտերմանում է, Իրանում գտնուող, հռչակաւոր արեւելագէտ Արթուր Պոպի հետ, որ դառնում է նրա գեղարուեստի եւ իրագործումների հիացողներից մէկը։

Տարիների աշխատանքների աւանդութեամբ հարուստ ու հռչակուած նա իր սեփական գեղանկարչական գործին զուգահեռ վերադառնում է իր սիրելի Սպահանի Գեղարուեստից ուսումնարանը, որպէս պրոֆէսոր, սովորեցնելու իր կախարդական գեղարուեստը երիտասարդ ու նոր սկսնակներին։ Մանրանկարչութիւն է ուսուցանում նաեւ Սպահանի Պարդիս համալսարանում։

Նոր Ջուղայի ազգային, հասարակական կեանքում նա ներկայ էր իր գեղարուեստով։ Պարմանութիւնից նա անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, սկսեալ պատանեկան խմբերից։ Նա իր մի գեղանկար ստեղծագործութիւնը նուիրում է Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբին, որ վիճակահանութեամբ գումար է ապահւում նոյն յանձնախմբին։

Եսայի Շահիջանեանի բազմաթիւ գեղամանրանկարչական ստեղծագործութիւնները սփռուած են բազմաթիւ վայրերում։ Սպահան եւ Նոր Ջուղայ այցելող ամերիկացիներ եւ եւրոպացիներ այցելում էին, եւ գնում։ Այնպէս որ ցրիւ են բազմաթիւ անյատական հաւաքօղների մօտ։ Նրա  արժանաւոր կողակիցը, Ստելլան, մինչեւ վերջերս էլ, նկարահանդէսներ էր կազմակերպում սփիւռքից՝ հայրենիք։ Այնուամենանիւ Եսայի Շահիջանեանի ստեղծագործական ժառանգութիւնը աւելի ճանաչուած է իրանական հասարակութեան տարածքում։

Եսայի Շահիջանեան, Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանք, Յովսէփ Արամեթացի եկեղեցի

Աւաղ, պատմական կոթողների որմնանկարների նորոգումները դարձան ճակատագրական։ Գաճով սուաղուած հին պատերի քերումների աննկատ փոշին եւ գոյների թարմացումները նրան վարակեցին թօքերի քաղցկեղով, որը անգթօրէն խզեց Եսայու դեռ երիտասարդ կեանքը․ 1987 թուականի դեկտեմբերի 19ին․ ընդամէնը 48 տարեկան հասակում, նա մահացաւ Նոր Ջուղայում։ Բազմահազար ժողովուրդ սգաց նրա մահը։ Ծովածաւալ յուղարկաւորութիւնը քայլեց Նոր Ջուղայից մինչեւ հայոց գերեզմանատունը, հանգստարանը․ նրա աշակերտները ուսամբարձ տարան իրենց սիրելի վարպետի դագաղը։ Իրանի գեղարուեստից նախարարը դամբանական խօսեց․ գնահատեց Եսայուն, որպէս այն մեծագոյն գեղամանրանկարիչը, որ ամենախորքային ոճը զարգացրեց իրանական գեղամանրանկարչութեան մէջ, վերջին երեքհարիւրամեայ ընթացքում։ Դամբանական խօսեց Նոր Ջուղայի մեծ բանասէր եւ պատմաբան Լեւոն Գ․ Մինասեանը եւ ուրիշներ։ Գլենդելում, նրա եղբայրները, եւ հարազատներս, հոգեհանգիստ կատարեցինք, սուգ արինք։

Իրանի Գեղարուեստագէտների խորհուրդը Եսայի Շահիջանեանի գեղանկարչական ստեղծագործութիւնների ժառանգութիւնը ուսումնասիրելով, ետ մասնագիտական քննարկման, նրան ճանաչեց իբրեւ առաջնակարգ գեղարուեստագէտ, ետ մահու նրան պարգեւեց Գեղարուեստի Դոկտորայի տիտղոսով․ Դր Պրֆ Եսայի Շահիջանեան։

Եսայի Շահիջանեանի կիսանդրին զետեղուած է Սպահանի Գեղարուեստից ուսումնարանի պարտէզի Վարպետների ճեմելիքում․ իր պատուանդանից նա հսկում է հասակ առնող գեղանկարիչներին։ ․․․որ ինքը եղել էր․․․

Ես ու Եսային հօրեղբօր զաւակներ ենք․ ես՝ թոռ, Եսային՝ ծոռ յարաբերակցութեամբ։ Մեր գերդաստանի մօտաւոր տարեկից տղաններ խմբով, ընկերներ, հարազատներ էինք․ դէ, տարիքիս բերումով նրանց մեծութիւն էի անում։ Ինչ խօսք, երբեմն էլ ապտակով պատժում։ Վերջին անգամ հանդիպեցինք 1985 թուականում, ընտանիքով Նոր Ջուղայ էինք գնացել․ հիւր եղանք նրա տանը։ Ապա միասին, ընտանիքներով, մեր աւտօներով, գնացինք Նոր Ջուղայի Փերիայ գաւառի մեր տոհմական Բոլորան գիւղը, այնտեղ՝ մեր պապենական խրճիթը։ Պատմեցի նրան, որ ընտանիքով գաղթելու եմ Ամերիկայի Միացեալ Նահանգներ։ Տրտմութեամբ ամպեց․ ասաց, որ ինքը ընտանիքով կը ներգաղթի հայրենիք։ Այն ժամանակներում Խորհրդային Միութեան հիւպատոսարանի սովետահայ հիւպատոսը մերժել էր իմ դիմումը հայրենիք այցելելու։

Գլենդել, Կալիֆորնիա, 2018-06-25

Եսայի Շահիջանեան

ԵՍԱՅԻ ՇԱՀԻՋԱՆՅԱՆԻ

ՀՈՒՇԵՐՈՎ

ՈՒ

ԳԵՂԱՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

(Թերթելով նրա գեղամանրանկարների ալբոմը)

Նրա մօտ եմ, իր անպաճոյճ սենեակում,

Որ գոյների ծիածանով է զոծուած․

Լոյս գոյների երփներով է մտորում

Ու նկարում մանրապատկեր ոսկեմած:

Մերթ խօսում ենք մանկութ յուշի փշրանքով,

Մեր սրտէրում համակ սէրեր հարազատ․

Մերթ շիկնում է պահը գոյնի հրաշքով,

Մանրանկարչութեան եռքով գունաշատ:

Կեանքին նայում է գոյների շողերով,

Որոնք կեանքն են զարդարել ու իր սէրը,

Երկուսին էլ նուիրուած է հաւատքով,

Սերը ունի արժանաւոր իր տէրը:

Նա շիկաւուն մի աղջիկ է հերարձակ,

Որ մտել է նրա սենեակը գունեղ,

Որ մտել է նրա սիրտը ընդարձակ

Ու վառել է գոյների մի նոր կանթեղ։

Խորանում է պարզ կտաւի ծաւալում,

Խոր պեղում է հորիզոնի պարոյկը․

Գոյնզգոյնի մի որայ է նա վրձնում,

Քանդակում է կամարակապ թակոյկը։

Պալատական մի խնջոյք է, գինարբուք,

Շահ Աբբասի արքունիքը՝ Սպահան․

Բարակիրան գեղուհիներ վեհաշուք,

Շահին գինի են մատուցում ու ղալեան։

Որսադաշտ է, շահը ելել է որսի,

Երիւարով հարեհաս է եղնիկին,

Նետով զարկել է եղնարին այնպիսի՝

Տապալել է լեռան ժայռի ցից բաշին։

Ներշնչուել է, նկարել է բնութիւն,

Ծաղկեփունջ է, ծաղիկներ են ու հաւքեր․

Փոխել մանրանկարչութեան էութիւն,

Տափակութեան բաշխել է լայնք ու խորքեր։

Իշխանազունը նստել է ծառի տակ,

Գրկին գոզալն է շուլալուել ցանկութեամբ,

Բարակահոն, խոշորաչուի հրեշտակ,

Զոյգ սրտէրի մի դուրալի պատմութեամբ։

Գինու թասը բռնած նրբին մատներով,

Կուրծք ու կօնքը նազանքով լի փափկութեամբ,

Սիրածին է նա մօտենում պչրանքով,

Մատռուակ չէ, հուրիփերի իրաւամբ։

Հիրիկների մի ածու է նա ցանել,

Թերերը կախ ու ոլորուն երազով,

Պարմանական հաճոյքով է կամեցել

Արեւի տակ տարածելու բոյր ու զով։

Հարսը բակում սաջը շրջած քարերին,

Տակը կրակ ու բովեփ է նա թխում,

Շուրջը՝ խմոր, բուլ, վարդանայ, տնային

Լագան, կճուճ, մի փայտով բոցն է մեղմում։

Գալարւում է առուի վճիտ հայելին

Ու արտէրի կանաչ ափը համբուրում․

Հացիներն են արտացոլուել ջրերին,

Ու երկնքում ամպշողն է առկայծում։

Փոփոխւում է հորիզոնի սահմանը

Կամարները կոր գրկւում են գաւիթում,

Ու մզկիթի մինարեից ազանը1

Ալլահոաքբար2 է ղողում միջոցում։

Վրանի տակ, բախտիարցի մի աղջիկ,

Գորգ է գործում, թափած թելերը ալուան,

Կուժը ուսած բոլորանցի երկու կին

Աղբիւրի մօտ զրուցում են դուրեկան։

Դեռ թերթում եմ նկարների ալբոմը,

Բայց իսկապէս զրուցում եմ նրա հետ․․․

Զրնգում է ուղտէրի ձիգ քարուանը

Անապատում, հանգրուանին ակնդէտ։

Ցեղախմբի քոչն է շարժւում բեռնամբարձ,

Աղաւնաբոյն բուրգի մօտից է անցնում․

Օրն է բացւում, ու փողոցում լուսաբաղձ,

Գիւղի կանայք առւում լուացք են անում ։

Սպահանի Շահ մզկիթի գաւիթն է,

Սիւների ու կամարների հոյակերտ,

Մանրանկար մի հրաշք է ագատէ,

Աչքի լոյսով դարբնած գունեղ նրբակերտ։

Խաչակնքում եմ հաւատքով, Եսայի,

Սուրբ Ամենափրկիչ վանքն եմ երբ մտնում,

Կոթողուել է քո ներշնչմամբ երեւի,

Հանց քո կերտած գոյների ծով կտաւում։

Ծիածանի բիւր գոյները քո սիրած,

Որոնցով դու նկարել ես հեքիաթներ,

Կարաւանի զանգակներով երգ դառած,

Դարձել են քո հրիտակը պատուաբեր։

Որ խուժեցին ու պատեցին քո սիրտը,

Առանց գոյնի էլ ոչ մի տեղ չթողին․

Եղար լոյսի պրիսմակի յակինթը

Սիրոյ գոյներ նուիրեցիր մեր կեանքին։

Գլենդել, Կալիֆորնիա, 2017-11-17

*****

Ժամանակը թարթել է նոյն անտարբեր ընթացքով,

Որով աշխարհքն է դառնում համբոյրներով արեւի․

Մենք եկել ենք այցելու մեր Եսայու յուշերով,

Նրա սիրած աղջկան, ու մօրը զաւակների․․․

Նա մեկնել է հեռացման իր վերջնական մեկնումով,

Թողել է իր գոյները ու շիկաւուն աղջկան,

Որին սիրել էր սրտի սիրած հրէ գոյներով,

Երկու զաւակ պարգեւել, նոյնքան սիրով մոգական։

Նրա երկնած գոյները շողշողում են հիմա էլ,

Նկարչի յորդ յոյզերը ու խօսքերն են պատկերում․

Նոյն գոյները տեսնում եմ Ստելլայի աչքում էլ,

Որ պահում է նոյն սիրով, որով նրան էր սիրում։

Զրուցում ենք մտէրիմ, չովերջացող յուշերով,

Ջերմութեամբ ենք աղերսւում նրա թողած քանքարին․

Նա, իհարկէ տեսնում է, ժպտում է մէզ անվրդով,

Ոնց խօսում էր ու ժպտում իր գոյներով սրտագին։

Ես նայում եմ ալբոմին, թերթում ապրած օրերը,

Ինչ գունաւոր են եղել, ինչ հարազատ են ու սերտ․

Այդ որտեղի՞ց էր գտնում, ո՞նց էր հիւսում մտքերը,

Եւ ստեղծում ապրող կեանք, եւ այսպիսի երփնաւետ ։

Գալարւում է առուակի պարզ ու խորունկ հայելին,

Ու հեռացող ափերով համբուրում է արտէրը․

Հացիներն են ափունքում, արտացոլուել ջրերին,

Ու երկնքում ամպշողը մթարում է աստղերը։

Փոփոխւում են գոյները, աշխարհ փոխում երփներով,

Հորիզոնի քղանցքը իջնում է լուրթ գմբէթին․

Մինարեից մզկիթի խօլորւում է խորդելով,

Ճաշի ազանն1 է ղողում հաւատքով Մոհամմադի։

Կամարները կարկառւում ու գրկում են գմբէթը,

Որ փիրուզէ կապոյտով շողշողում է լազուրում․

Դարաւանդի կամարը գրկում է լուրթ գաւիթը

Յենասիւնին մարմարէ հէնուած ողորկ ու կայուն։

Կամարները կորութեամբ ձուլուել են կուռ սիւների,

Եւ գաւիթի սրբազան բարձրութիւնն են յօրինում․

Շարուեշարան հասնում են մինչեւ վերջը աղօթքի,

Որ ալլահի ամեհի օրհնութեամբ են բաբախում․․․

Հնչում են եւ զանգերը Նոր Ջուղայի սուրբ վանքի,

Մանրանկար պաճոյճով յատակից մինչեւ գմբէթ,

Սուրբ լոյսով է ճառագուած առաստաղը գմբէթի

Որ ողողուած է գոյնով, պատկերներով երփնաւետ։

Աջի սեղանը գողտրիկ սեղմուել է հաստ որմին,

Որ ոսկեհուռ ապիկով շրջանակել է հիմքը,

Ու գորգերը կարմրաւուն փռուած են ողջ յատակին,

Մինչեւ դասը, ու մինչեւ տաճարի սրբին գիրկը։

Խաչուառն է ճառագում, Աւէտարանն է դրուած,

Յոյսի, սիրոյ, հաւատի անճառելի ծաւալում,

Իսկ երկնքից ջահն է կախ, որպէս լուրը աւետուած

Հայաստանեայց սրբասուրբ եկեղեցու խորանում։

Ամպհովանին գմբէթարդ կապոյտ ծածկով երկնակապ,

Ոսկի աստղունք են փայլում լազուարթի մէջ հովանու․

Սուրբ տաճարը անհունի էութեան մէջ հոյակապ

Ահա Հիսուսն է յառնում իր Համբարձմամբ մտառու․․․

Ալբոմի էջը պայծառ՝ բոյր ու գոյն է հաւատքի,

Վարդերի ու ծիլերի ալեծածան հեղեղով,

Ուր սոխակներն են ոգում գորովանքով հրճուանքի,

Եւ թիթեռներ են ճախրում թռվռոցով հոգէթով։

Կախուած, թեքուած ճիւղերից մուգ հիրիկներ են քրքում,

Ու տարանջատ մի էջում աղեղնաւոր որսորդը,

Հեծած իր ձին փրփրաբաշ, եղնիկներ է նա որսում,

Նետն արձակած խրուել է մի եղջերուի կոկորդը։

Ու յիշում եմ նկարչին․․․ հարազատիս եմ յիշում,

Որ զարկուել է կոկորդին ներկի խլիրդը դժխեմ,

Բայց յաղթել է նա վաղուց խլիրդ ու մահ ու մաշում,

Կանգնել դարերի դիմաց, որպէս կոթող աննսեմ․․․

Գոյներ, գոյներ են գունեղ, մթնոլորտն է գունաւոր,

Նրա ներկած իր կեանքն է, գոյներով է զարդարուն․

Նա մեր կեանքի գոյները բազմացրել է գոյներով

Եւ ապրում է իր կերտած գունաստանում դալարուն։

ԵՍԱՅՈՒ՝ ՍՏԵԼԼԱՅԻ ՏԱՆԸ,  Թեհրան, 2004-02-10

Գլենդել, Կալիֆորնիայ, 2020-07-30

  1. Ազան՝ իսլամական աղօթք։
  2. Ալլահոաքբար՝ մեծն աստուած, իսլամական աղօթքի մէջ արաբերէնով։
Share