Մուրադ Փափազեանը մանրամասներ է ներկայացրել Մակրոնի հետ հանդիպման մասին

Մուրադ Փափազեանը մանրամասներ է ներկայացրել Մակրոնի հետ հանդիպման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը յունուարի 23-ին Ելիսեյեան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահներ Արայ Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին: Հանդիպման մանրամասների ու քննարկուած հիմնական հարցերի վերաբերեալ Tert.am-ը զրուցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ։

«Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը տեւել է մօտ մօտ ժամ, որի ընթացքում կարողացանք Էմանուել Մակրոնին ներկայացնել Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակը։ Մասնաւորապէս խօսել ենք Արցախի շրջափակման մասին, որի հետեւանքով 120․000 մարդ կտրուած է աշխարհից, ներկայացրել ենք, որ շրջափակումը լուրջ վտանգների առաջ է կանգնեցրել Արցախի ժողովրդին ու ստեղծել հումանիտար ճգնաժամ, այն էլ 21-րդ դարում՝ առանց միջազգային ճնշումների։ Այս հարցի հետ կապուած ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք Մակրոնը ընդունել է, իրենց կողմից եւս եղել են առաջարկներ։ Այժմ սպասում ենք եզրակացութեանը, առաջիկայ օրերին կրկին պէտք է աշխատանք տանեն իրենց հետ՝ հիմնական եզրակացութիւնների համար»,- ասաց նա։

Մուրադ Փափազեանը նշեց, որ անդրադարձ է կատարուել նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութեանը վերաբերող սպառնալիքներին եւ նոր պատերազմի վտանգին։

«Վտանգ կայ, որ առաջիկայ շաբաթներին կամ ամիսներին նոր պատերազմ կարող է սկսուել  եւ մենք առաջարկեցինք միջազգային գործընթաց սկսել՝ այն կանխելու համար։ Գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիեւը հարցին մօտենում է պատերազմական ոճով, մանաւանդ, երբ խօսում է այսպէս կոչուած «Արեւմտեան Ադրբեջան»-ի մասին։ Այս հարցի շուրջ արել ենք մեր մտահոգութիւնները, առաջարկել, որ Ֆրանսիան միջազգայնօրէն առաջարկներ անի, որը կը ստիպի Ալիեւին յարգել զինադադարը»,- ասաց Մուրադ Փափազեանը։

Վերջինս ընդգծեց, որ Էմանուել Մակրոնը կիսել է իրենց մտագոհութիւնները պատերազմի վերսկսկման, Արցախի շրջափակման վերաբերեալ։

«Գաղտնիք չէ, որ եւրոպական մի շարք երկրներ օգտւում են ադրբեջանական գազից, ուստի յարաբերութիւնները, որ ունի Ալիեւը Եւրոպայի հետ, բաւականին դրական են։ Եւ չնայած, որ ԵԽ-ին որոշեց վերահաստատել 70 դիտորդների մանդատը, Ադրբեջանի դիրքերը շարունակում են ուժեղ մնալ։ Մեր խնդիրն է՝ պարբերաբար բարձրաձայնել  Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգների մասին»,- ընդգծեց Փափազեանը։

Հարցին՝ ինչպե՞ս է Էմանուել Մակրոնը վերաբերւում այն հանգամանքին, որ իր մուտքը ՀՀ արգելել են, Մուրադ Փափազեանը պատասխանեց․

«Անշուշտ, Էմանուել Մակրոնը տեղեակ է այդ փաստից, այդ մասին նա խօսել է Նիկոլ Փաշինեանի հետ, Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ արտգործնախարարի հետ։ Մակրոնը չի հասկանում՝ ինչու է այդպիսի որոշում կայացուել, իր համար դա անթոյլատրելի որոշում էր, մանաւանդ, որ ինքը վկայ է, որ ես մշտապէս պաշտպանել եմ Հայաստանի ու Արցախի շահերը։ Հանդիպման ժամանակ Մակրոնը ինքը անդրադարձաւ այդ թեմային, ես որոշել էի չանդրադառնալ դրան, եւ մտահոգութիւն յայտնեց այդ մասով։ Ես նրան տեղեկացրի այս հարցով վերջին զարգացումների մասին։ Գիտեք, որ դատական գործընթաց է սկսուել եւ մայիսի 17-ին դատական նիստ պէտք է տեղի ունենայ արգելքի որոշման դէմ»։

Մուրադ Փափազեանը ընդգեց, որ Սփիւռքը այսօր լուրջ աշխատանք է տանում եւ շարունակելու է տանել՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի:

«Սփիւռքում ստեղծուած իրավիճակով բաւականին մտահոգ ենք, պէտք է աւելի ակտիւանանք, մեծացնենք մեր աշխատանքի ծաւալը, որպէսզի առաջին հերթին լուծուի շրջափակման հարցը եւ կանխուի նոր հաւանական պատերազմը»,- յաւելեց Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը։


«Ժողւուրդ» օրաթերթը գրում է․ Յունուարի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը Ելիսեյեան պալատում հիւրընկալել է ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արայ Թորանեանին եւ Մուրադ Փափազեանին՝ քննարկելու դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման մէջ գտնուող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը եւ սպառնալիքները, որոնք ազդում են երկրի վրայ, ինչպէս նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը: «Էմանուել Մակրօնը բաւական ուշադիր էր լսում մէզ հանդիպման ժամանակ: Այն տեւել է աւելի քան մէկ ժամ»-«Ժողւուրդ» օրաթերթի հետ զրոյցում նշեց ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արայ Թորանեանը։

«Նախագահն իր վրայ մի քանի կէտէր է վերցրել, որոնք չեմ կարող այստեղ բացայայտել: Ես կարող եմ միայն ասել, որ նա շատ անհանգստացած է իրավիճակով: Նա հետեւում է խնդրին եւ պատրաստւում է իր նախաձեռնութիւններով հանդէս գալ ի աջակցութիւն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հուսով եմ՝ շուտով մենք տեղում կը տեսնենք նրա ստանձնած պարտաւորութիւնների արդիւնքները», – յաւելել է նա։

Share