Վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհ են դարձել 15 զինծառայող

Վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհ են դարձել 15 զինծառայող

2023թ. Յունուարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղում տեղակայուած N զօրամասի ինժեներասակրաւորային վաշտի անձնակազմի համար նախատեսուած կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նոյն վաշտի զինծառայողների մահուան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ ստանալու դէպքի առթիւ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչութիւնում նախաձեռնուել է քրէական վարոյթ ՀՀ քրէական օրէնսգրքի 532-րդ յօդուածի 4-րդ մասի յատկանիշներով։

Նախաձեռնուած քրէական վարոյթի շրջանակներում կատարուել են ողբերգութեան հանգամաքները, մասնաւորապէս հրդեհի առաջացման, զինծառայողների մահուան պատճառները, կացարանում հակահրդեհային կանոնները պահպանուած լինելու վիճակը, պատասխանատու պաշտօնատար անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողութիւններին եւ հնարաւոր անգործութեանն իրաւական գնահատական տալուն ուղղուած գործողութիւններ։

ՀՀ քննչական կոմիտէի նախագահի յանձնարարութեամբ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչութիւնում ձեւաւորուել է քննչական խումբ։

Յունուարի 19-ի գիշերը՝ դէպքից կարճ ժամանակ անց, քննիչների եւ փորձագէտի կողմից սկսուել եւ մինչեւ օրուայ առաջին կէսը շարունակուել են դէպքի վայրի զննութեան աշխատանքները։ Դրանց ընթացքում յայտնաբերուել եւ վերցուել են քրէական վարոյթի համար նշանակութիւն ունեցող բազմաթիւ առարկաներ։

 Հարցաքննուել են մի շարք ականատես վկաներ։

Քրեական վարոյթի շրջանակներում այս պահի դրութեամբ կատարուած քննչական, վարութային գործողութիւններով, այդ թւում նաեւ հարցաքննուած ականատես-վկաների ցուցմունքներով պարզուել են դէպքի վերաբերեալ էական մի շարք հանգամանքներ։

Մասնաւորապէս, ըստ ստացուած նախնական տուեալների, ՀՀ ՊՆ N զօրամասի ինժեներասակրաւորային վաշտը 2021 թուականի մայիսի 13-ից տեղակայուել է Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի տներից մէկում։

Տունը բաղկացած է եղել նախասրահից եւ երկու սենեակներից, որոնցից մէկը ծառայել է որպէս զինանոց, իսկ միւսը՝ զօրանոց, որտեղ տեղադրուած են եղել երկհարկանի զինուորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացուել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրուած է եղել նախասրահում։

2023 թուականի յունուարի 18-ին, զօրամասի ինժեներական ծառայութեան սպայ կապիտանը նշանակուել է ինժեներասակրաւորային վաշտի պատասխանատու եւ իր ծառայութիւնը կատարել է նշուած կացարանում։

18․01․2023թ-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրաւորային վաշտի անձնակազմը, աւարտելով իրեն յանձնարարուած աշխատանքները, վերադարձել է յիշեալ կացարան եւ ժամը 21։30-ից սկսած պառկել է քնելու։

19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնուել է զօրանոցում՝ քնած, իսկ 2 ժամկէտային զինծառայող վարորդները գնացել են աղբիւրից ջուր բերելու։ Օրուայ հերթապահը գտնուել է կացարանից քիչ հեռու գտնուող խոհանոցում եւ խօսել է բջջային հեռախօսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկէտային զինծառայողից հարցրել եւ տեղեկացել է վառարանը վառելու նպատակով աւտօկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքաւորումը (մեկնարկիչը) լիցքաւորելու համար նախատեսուած աւտօբենզինի առկայութեան մասին։ Այնուհետեւ 5 լիտր տարողութեամբ պլաստամսէ տարայում գտնուող աւտօբենզինով փորձել է վառել վառարանը։

Այս հանգամանքը փաստւում է նաեւ վկաների տուած ցուցմունքով առ այն, որ այդ հատուածում եղել է բենզինով լցուած 5 լիտրանոց 10 տարայ, մինչդեռ դէպքի վայրի զննութեամբ այնտեղ յայտնաբերուել է 9-ը։

Վառարանն աւտօբենզին լցնելուց յետոյ բոց է բռնկուել, որի հետեւանքով պատասխանատու կապիտանը, այրուածքներ ստանալով, մեխանիկօրէն իր ձեռքի աւտօբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մէջ, ապա տուեալ օրուայ վերակարգում գտնուող մէկ այլ ժամկէտային զինծառայողի հետ, ով նոյնպէս ստացել է այրուածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։

Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետեւանքով զինծառայողները չէն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնուող պարտադիր ժամկէտային զինծառայողները կարողացել են 2 ժամկէտային զինծառայողի օգնել դուրս գալ զօրանոցից։

Դրսում գտնուող ժամկէտային զինծառայող վարորդներից մէկը «Ուրալ» մակնիշի աւոտմեքենայով երկու անգամ հարուածել է կացարանի պատին՝ անցք բացելու եւ համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդիւնքում պատի որոշակի հատուած քանդուել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնուող միւս զինծառայողներին չէն կարողացել դուրս բերել, որի արդիւնքում թուով 15 ժամկէտային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերուել հրդեհը մարուելուց յետոյ։

Նախաձեռնուած քրէական վարոյթով որոշումներ են կայացուել տուժող ճանաչելու եւ նմուշ ստանալու մասին, նշանակուել են դիակի դատաբժշկական փորձաքննութիւններ, դատագենետիկական փորձաքննութիւններ։

Նախաքննութիւնը շարունակւում է, ձեռնարկուելու են բոլոր միջոցները նաեւ հանրութեանը հետաքրքրող հարցերի պատասխանները վարոյթի շրջանակում լիարժէք ստանալու համար։ Այդ նպատակով մամուլում տեղ գտնող՝ դէպքին առնչուող, իրենց մէջ կոնկրէտութիւն պարունակող հրապարակումները եւս դարձուելու են ստուգման առարկայ։

ՀՀ քննչական կոմիտէն պարբերաբար տեղեկատուութիւն կտրամադրի քրէական վարոյթի ընթացքի եւ արդիւնքների մասին»,-նշուած է Քննչական կոմիտէի հաղորդագրութեան մէջ։

Ծանուցում. Յանցանքի համար մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ ՀՀ քրէական դատաւարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատաւճռով:

Հայաստան Դաշինքի Յայտարարութիւն

Հայրենակիցներ,

ՀՀ Զինուած ուժերում արձանագրուեց հերթական, միաժամանակ՝ արտառոց աղէտը, որի հետեւանքով հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրաւորներ։ Մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում զոհերի ընտանիքներին, մտէրիմներին եւ մեր ժողովրդին։ Արագ ապաքինում ենք մաղթում վնասուածքներ ստացած զինծառայողներին։

Միաժամանակ, ցաւով արձանագրում ենք, որ նման ողբերգական դէպքը հերթական անգամ ապացուցեց իշխանութեան քաղաքական պատասխանատուութեան բացակայութիւնը եւ մշտապէս հնչեցուած ահազանգերի իրական լինելը՝ փաստելով բանականաշինութեան գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինուած ուժերի առանձին հատուածների տեղակայման, բնակաւորման եւ զօրքերի ծառայութեան կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիւ հատուածների կահաւորուածութեան ու ինժեներական ենթակառուցուածքների բացերը։

«Հայաստան» խմբակցութիւն

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը Արամ Առաջինի վշտակցութիւնը

Այս մասին յայտարարութիւն է տարածել նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը Արամ Ա-ն:

«Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղութեան, ընտանիքների Սուրբ Հոգու մխիթարութեան եւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար։

Թող Աստուած անսասան պահի մեր Հայրենիքն ու հայոց բանակը»,-ասել է նա:

Share