ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը

յուլիսի 11֊ին ՀՅԴ «Սիմոն Վրացեան» կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում Իշխան Սաղաթելեանը ամփոփեց Եւրոպական խորհրդարան այցի արդիւնքները, անդրադարձաւ մի շարք հանդիպումներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւններին, խօսեց ներքաղաքական զարգացումների եւ առաջիկայ անելիքների մասին, ինչպէս նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին։

Միջազգային կառոյցներում, մասնաւորապէս՝ Եւրոպական խորհրդարանում, Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի շահերը պատշաճ ներկայացուած չէն, եւ մեր հանդիպումների ընթացքում ակնյայտ դարձաւ, որ Հայաստանի խորհրդարանական դիւանագիտութիւնը, ինչպէս նաեւ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չէն պաշտպանում հայ ժողովրդի շահերը. յայտարարեց Իշխան Սաղաթելեանը՝ ներկայացնելով Եւրոպական խորհրդարանում իր հանդիպումների արդիւնքում արուած արձանագրումներից առաջինը։

Նրա երկրորդ արձանագրումը՝ ՀՀ իշխանութիւնների պնդումները, թէ կայ միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերեալ, անհիմն են, նման պահանջ գոյութիւն չունի։

«Այլ հարց է, որ գոյութիւն ունի խաղաղութեան հասնելու պահանջ, խաղաղութեան օրակարգ, բայց երբ այդ հանդիպումների ընթացքում մանրամասն բացատրում էինք, որ հայ ժողովուրդը դէմ չէ խաղաղութեանը, սակայն այդ խաղաղութիւնը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով, եւ պարտադրուած խաղաղութիւնը տարածաշրջանին չի կարող բերել կայունութիւն, այս հիմնաւորումները նրանց համար շատ հասկանալի էին»,- ասաց Սաղաթելեանը։

Ըստ երրորդ արձանագրման՝ Հայաստանի ընդդիմութիւնը պայքարում է մի քանի ճակատներով։ Այսպէս՝ թուրք -ադրբեջանական պատուիրակութիւններն աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմութեանը փորձում են ներկայացնել իբրեւ ռեւանշիստական, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր, եւ նրանց այս թեզերը նաեւ աջակցութիւն են ունենում Հայաստանի իշխանութիւնների կողմից։ Հետեւաբար, ընդդիմութեան բոլոր պնդումներն ու յայտարարութիւնները, որ ՀՀ իշխանութիւնները չէն սպասարկում մեր ժողովրդի շահերը, համագործակցում են Թուրքիայի եւ Ադրբեջւանի հետ, նոյն թեզերն են առաջ տանում միջազգային կառոյցներում, շատ ակնյայտ էին հանդիպումների ժամանակ։

Չորրորդ՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում եւ վերադասաւորումների փուլում, որը Հայաստանի համար յղի է նոր սպառնալիքներով, ՀՀ իշխանութիւնները վարում են պարտուողական, ոչ համարժէք քաղաքականութիւն»,- նշեց Սաղաթելեանը ՝ շեշտելով, որ Ադրբեջանը դարձել է հետաքրքիր Եւրոպայի համար՝ նաւթի ու գազի շնորհիւ, ու այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն աւելի հետաքրքիր է Եւրոպային, քան «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանը։

Հինգերերոդ արձանագրմամբ՝ Հայաստանում միջազգային կազմակերպութիւնները ներքաղաքական կեանքի մասին զեկուցումները ներկայացնում են միակողմանի, եւ այս հանդիպումները շատ կարւեւոր էին, որպէսզի ներկայացուի Հայաստանում տիրող իրական վիճակը՝ քաղբանտարկեալներ, ապօրինութիւններ եւ այլն։

Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որովհետեւ Մանուել Փարամազեանն այս իշխանութեան դէմ պայքարել է, այդ պայքարի հետեւանքով ապօրինի ազատազրկուել է եւ քանի ամիս բանտարկութեան մէջ է գտնուել, այն ինչ կատարուել է Քաջարանում, ինձ համար անընդունելի է, ինչ–որ տեղ նաեւ անհասկանալի․ ասաց Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով հարցին՝ թէ ի՞նչ կարծիք ունի Քաջարանի քաղաքապետի կողմից Աննայ Յակոբեանին վարդերով դիմաւորելու առիթի վերաբերեալ։

Նա ընդգծեց` շատ է վստահել Փարամազեանին, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է ու դատապարտելի:
Սաղաթելեանը չբացառեց, որ նման դէպքեր էլի կը լինէն, բայց բացառում է, որ նման դէպքերը կարող են մեծ ազդեցութիւն ունենալ «Դիմադրութիւն» շարժման վրայ:

«Ով գնալու է, թող գնայ, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում», – ասաց նա:

Իշխան Սաղաթելեանն ասաց, թէ վստահ է` շատ լուրջ ճնշում է գործադուել Փարամազեանի նկատմամբ. «Այլ պարագայում չէր անի»:

Գրեթէ բոլոր մարզերում արդէն ձեւաւորուել են «Դիմադրութիւն» շարժման խորհուրդները: Աեօ, հիմա հանրահաւաքները տեղի են ունենում շաբաթը մէկ անգամ, իսկ մնացած օրերը մէզ համար լիարժէք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք, որ ձեր եւ մեր հանրութեան առջեւ տեսանելի չէն. անդրադառնալով «Դիմադրութիւն» շարժման գործունէութեանը, յայտարարեց Իշխան Սաղաթելեանը:

«Շարժման ընթացքում բոլոր բացթողումները, խնդիրները եւ կազմակերպական դժուարութիւնները գնահատուած է, արձանագրուած է եւ այդ թերութիւնները վերացնելու եւ շարժումն աւելի ընդլայնելու ուղղութեամբ գնում է յստակ աշխատանք», – նշել է նա` յաւելելով, որ Հայաստանի տարբեր մարզերում ձեւաւորւում են շարժման խորհուրդներ, որպէսզի շարժումն ամբողջ ծաւալով տեղափոխուի մարզեր:

Ըստ Սաղաթելեանի` բացի հիմնական կուսակցութիւններից, որոնք ունեն կազմակերպական կառունցներ մարզերում, շարժմանն են ներգրաււում նաեւ բազմաթիւ անհատների, ուժերի. «Ստեղծուել են 8 կոմիտեներ, ովքեր այդ ուղղութեամբ շատ յստակ աշխատանքներ են իրականացնում, որոնց աշխատանքները աւարտելուց յետոյ, դրանց արդիւնքները բոլորին տեսանելի կը լինի»:

Իշխան Սաղաթելեանը նաեւ յայտարարեց, որ ՀՀ երկրորդ նխագահ Ռոբերտ Քոչարեանը մասնակցել է հանրահաւաքներին, առաջիկայում էլի կմասնակցի, որեւ խնդիր չկայ:

Անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկեալների առկայութեան խնդրին, Սաղաթելեանն ասաց, որ այս առումով իրենք թերացել են եւ միջազգային հանրութեանը այստեղից ճիշտ զեկոյցներ չէն հասել, շատերն առաջին անգամ էին լսում. «Բայց առնուազն այն խնդիրները, որոնք կոծկուել են, սրանից յետոյ ուշադրութիւն կը դարձուէն, այս իմաստով տեղաշարժ լինելու է»:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտօնանկութեան գործընթաց սկսելուն, ընդդիմադիր գործիչը յստակեցրեց. «Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսել ենք պաշտօնանկութեան գործընթաց: Ասել եմ՝ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին աւելանում է եւս մէկը՝ պաշտօնանկութեան հնարաւորութիւնը: Ասել եմ յստակ, մենք այդ գործընթացի մէջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ յաջողութեան հասնելու համար լինէն բաւարար հիմքեր: Ձեւական այդ պրոցեսի մէջ չենք մտնելու: Իսկ այդ հիմքերը իրաւական ու քաղաքական առումով ակնյայտ է, որ կան: Այդ գործընթացը յաջողութեամբ կաւարտուի միայն այն դէպքում, եթէ համաժողովրդական շարժումը հասնի այն կէտին, որ այլեւս այլընտրանք չլինի: Խորհրդարան վերադառնալու հետ կապուած ասել եմ՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապէս մեր օրակարգով»,-ասաց Սաղաթելեանը:

Ինչ վերաբերում է մանդատներից զրկելուն եւ խորհրդարան վերադառնալուն, ապա Իշխան Սաղթելեանն ասաց․«Խորհրդարան կուերադառնանք բացառապէս մեր օրակարգով: Դա կը լինի պաշտօնանկութեան գործընթաց կամ կը լինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպէս արել էինք յունիսի 3-ին: Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունէութիւնը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկութիւնն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղուենք երկրորդական գործերով»,- ասաց Իշխան Սաղաթելեանը:

Պատասխանելով մանդատներից հրաժարուելու մասին հարցին՝ Սաղաթելեանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարուելն է: «Այդ մանդատները մէզ համար կարեւոր չէն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթէ կը գայ մի պահ, որ դրանից հրաժարուելու պահանջ տեսնենք, մենք կքննարկէնք, բայց դրանցից հրաժարուելով՝ որեւէ արդիւնաւետութիւն շարժումը չի ունենալու»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին՝ Իշխան Սաղաթելեանն ասաց․ այդ աշխատանքները կարող են լինել արդիւնաւետ ու վստահելի մթնոլորտում այն ժամանակ, երբ Ադրբեջանն իր զօրքերը հետ քաշի Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իմիջիայլոց, եւրոպական բոլոր հանդիպումների ժամանակ այդ խնդիրը մենք բարձրաձայնել ենք, քարտէզներով, փաստաթղթերով ցոյց ենք տուել, նկարագրել ենք։ Իրենք ունէին տարբեր բացատրութիւններ այդ հարցի հետ կապուած, բայց առնուազն այն հիմնաւորումները, որ տուել ենք, առաջիկայ զեկոյցների ժամանակ այդ հարցերը տեղ կգտնէն»։

Նա նշեց, որ սովորաբար ՊՆ-ին թիրախ չէն դարձրել պայքարի ընթացքում, բայց ըստ նրա՝ Սուրէն Պապիկեանը պէտք է հասկանայ, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ, ու չզբաղուի ՔՊ-ի պաշտպանութեամբ, այլ զբաղուի ՀՀ սահմանների պաշտպանութեամբ․ «Ինքը առհասարակ պէտք է կողմնորոշուի՝ շարունակում է զբաղուել ՔՊ-ի տարածքային գրասենեակների ստեղծումով, թե՞ մեր երկրի պաշտպանութեամբ։ Եւ առհասարակ, լաւ կ’անի՝ ձենը կտրի ու գնայ զբաղուի նրանով, ինչով պէտք է զբաղուի՝ Հայաստանի սահմանների պաշտպանութեամբ, այլ ոչ ընդդիմութեանը հաթաթայ տա, հոխորտայ կամ մատ թափ տա։ Թող զբաղուի բանակի վերակառուցմամբ, որն ամբողջութեամբ ձախողել է ինքը ու իր թիմը»։

Իշխան Սաղաթելեանը պատերազմի վտանգ է տեսնում:

«Կայ պատերազմի վտանգ, ու, եթէ ուզում եք իմանալ, այս իշխանութիւնը պէտք է օր առաջ հեռանայ նաեւ այդ պատճառով: Այս իշխանութիւնը պարտութեան ու պատերազմի խոհրդանիշ է։ Աստուած չանի, եթէ այս իշխանութիւնով մտնենք պատերազմի մէջ, ակնյայտ է՝ ինչ ելք ենք ունենալու»․ յայտարարեց Սաղաթելեանը:

Նա ընդգծեց՝ եթէ իշխանութիւնը մէկ գրամ մտածում է հայ ժողովրդի մասին՝ պէտք է օր առաջ հեռանայ:

«Աեօ՛, պատերազմի վտանգ կայ», – ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share