Դոկտոր Ռոբերտ Գրիգորեանը պահանջում է լիարժէք հաշուետուութիւն Կոնգրեսի գրադարանի հովանաւորութեամբ կազմակերպուած՝ Բաքուի ֆինանսաւորմամբ հրատարակուած «Իրեւան» գրքերի շնորհանդէսի վերաբերեալ եւ կոչ է անում Կոնգրեսի Հայկական հարցերով խմբին հետաքննել միջադէպը։
ՎԱՇԻՆԳՏՈՆ — Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը (ANCA) բացատրութիւններ է պահանջում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից՝ հոկտեմբերի 16-ին վերջինիս պաշտօնական հովանաւորութեամբ կազմակերպուած երկու ադրբեջանական պետական աջակցութիւն վայելող գրքերի շնորհանդէսի կապակցութեամբ։ Այդ հրատարակութիւններում Հայաստանի մայրաքաղաք Երեւանը ներկայացւում է որպէս ադրբեջանական տարածք։
Հայ դատի յանձնախումբը պահանջում է գրադարանից լիարժէք հաշուետուութիւն եւ դիմում է Կոնգրեսի Հայկական հարցերով խմբին՝ ուսումնասիրելու, թէ ինչպէս է երկրի գլխաւոր գրադարանը իր անունն ու հեղինակութիւնը տրամադրել Հայաստանի դէմ ուղղուած օտարերկրեայ քարոզչական արշաւին։
Նոյեմբերի 24-ին Կոնգրեսի գրադարանի տնօրենի պաշտօնակատար Ռոբերտ Ռ. Նիւլենին ուղղուած նամակում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հետազօտութիւնների եւ վերլուծութիւնների տնօրէն դոկտոր Ռոբերտ Գրիգորեանը զգուշացրել է «այն օրինականութեան եւ հեղինակութեան մասին, որ Կոնգրեսի գրադարանը հաղորդել է այս միջոցառմանը՝ իր պաշտօնական հովանաւորութեամբ»։

«Խիստ անընդունելի է, որ Կոնգրեսի գրադարանը մասնակից դառնայ օտարերկրեայ նման քարոզչական գործողութիւնների։ Մենք դիմելու ենք Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի անդամներին՝ պարզելու, թէ ինչպէս կարող էր տեղի ունենալ ակադեմիական բարեվարքութեան այսպիսի աղաղակող խախտում»,– գրել է դոկտոր Գրիգորեանը։
Նամակի պատճէնն ուղարկուել է նաեւ գրադարանի Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի բաժնի ղեկավար դոկտոր Եորամ Բիթոնին։
Այն հասցէագրուել է նաեւ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին (դեմոկրատ, Նիւ Ջերսի), Գաս Բիլիրակիսին (հանրապետական, Ֆլորիդա) եւ Դէյւիդ Վալադաոյին (հանրապետական, Կալիֆոռնիա), փոխնախագահ Բրեդ Շերմանին (դեմոկրատ, Կալիֆոռնիա), ինչպէս նաեւ կոնգրեսականներ Մայք Քերիին (հանրապետական, Օհայօ) եւ Դինա Թայթուսին (դեմոկրատ, Նեւադա)։
Վերջիններիս ներկայացրած օրէնսդրական նախաձեռնութիւնները Կոնգրեսի գրադարանին յանձնարարում են պահպանել եւ ուսուցանել ամերիկահայութեան պատմութիւնն ու Հայոց ցեղասպանութիւնը։
Բաքուի «Իրեւան» գրքերը Կոնգրեսի գրադարանում
Ադրբեջանի պետական AZERTAG լրատուական գործակալութիւնը հոկտեմբերի 30-ին հաղորդել է, որ ադրբեջանցի պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիեւայի հեղինակած՝ «Իրեւանի» պատմութեանը նուիրուած երկու գրքեր, հինգ հրատարակութիւններով, ներառուել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի գրացուցակում։
AZERTAG-ի համաձայն՝ գրքերի ներառումը հաստատուել է հեղինակին ուղղուած պաշտօնական նամակով։
Գրքերի շնորհանդէսները տեղի են ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Նիւ Եորքում, եւ հոկտեմբերի 16-ին՝ Վաշինգտոնում։
Վաշինգտոնեան միջոցառման հրապարակուած լուսանկարներում Սաֆիեւան եւ գրադարանի աշխատակիցներից մէկը ցուցադրում են երկու գրքերը՝ Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի բաժնի պաշտօնական ամբիոնի մօտ։
Գրքերը հրատարակուել են ադրբեջանական պետութեան աջակցութեամբ։
Ըստ AZERTAG-ի՝ «Իրեւան. պատմական փաստաթղթերի լեզուով» գիրքը հրատարակուել է Ադրբեջանի՝ հասարակական կազմակերպութիւններին պետական աջակցութեան գործակալութեան ֆինանսաւորմամբ։
Երկրորդ գիրքը՝ «Իրեւան. պատմութեան եւ կորուսուած ժառանգութեան արձագանգները», լոյս է տեսել չորս լեզուներով՝ Հէյդար Ալիեւի հիմնադրամի փոխնախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստր Լէյլա Ալիեւայի ֆինանսական աջակցութեամբ։
«Վերջին շրջանում Բաքուն ընդլայնել է պատմական յիշողութեան դէմ իր յարձակումը՝ իրականացնելով համակարգուած եւ առատօրէն ֆինանսաւորուող արշաւ, որի նպատակն է պնդել, թէ Հայաստանի մայրաքաղաքը պատմականօրէն պատկանում է Ադրբեջանին։
Կոնգրեսի գրադարանում ներկայացուած ադրբեջանական գրքերը պետական ուղղորդմամբ եւ ֆինանսաւորմամբ իրականացուող տեղեկատուական գործողութեան մաս են, որի նպատակն է հիմքեր ստեղծել հայկական տարածքների նկատմամբ ադրբեջանական յաւակնութիւնների համար»,– գրել է դոկտոր Գրիգորեանը։
Արցախի հայկական ժառանգութեան ոչնչացումից մինչեւ Հայաստանի նկատմամբ տարածքային յաւակնութիւններ
Կոնգրեսի գրադարանում կազմակերպուած միջոցառումը տեղի է ունեցել Ադրբեջանի՝ 2020 թուականին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դէմ սանձազերծած պատերազմից, սովի մատնելու նպատակով իրականացուած շրջափակումից եւ 2023 թուականին շուրջ 150 հազար բնիկ հայերի՝ իրենց պապենական հայրենիքից ցեղասպանական էթնիկ զտման հետեւանքով բռնի տեղահանումից յետոյ։
Այդ ժամանակից ի վեր Բաքուն համակարգուած կերպով ոչնչացրել եւ կեղծել է Արցախում մնացած հայկական քրիստոնէական ժառանգութիւնը։
«Չբաւարարուելով հայկական եկեղեցիների, վանքերի եւ գերեզմանատների ֆիզիկական ոչնչացմամբ՝ Ադրբեջանի կառավարութիւնը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի պատմութեան կեղծմանը՝ հայերին դուրս մղելով իրենց իսկ բնիկ հողերի պատմութիւնից»,– գրել է դոկտոր Գրիգորեանը։
«Իրեւան» գրքերի հիմքում ընկած «Արեւմտեան Ադրբեջան» գաղափարախօսութիւնը ձեւաւորուել է երեք տասնամեակների ընթացքում։
Հէյդար Ալիեւն առաջին անգամ այդ արտայայտութիւնն օգտագործել է 1996 թուականին՝ որպէս տնտեսական փոխաբերութիւն՝ պատկերացնելով «Արեւմտեան Գերմանիայի» օրինակով կապիտալիստական մի համարժէք, առանց տարածքային նշանակութեան։
Սակայն 1998 թուականի դեկտեմբերին նա արդէն այդ եզրոյթը տարածել էր ներկայիս Հայաստանի Երեւանի, Սեւանայ լճի եւ Զանգեզուրի շրջանների վրայ։
2007 թուականին Ադրբեջանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնն աջակցել է «Արեւմտեան Ադրբեջանի յուշարձանները» հրատարակութեանը, որտեղ հայկական եկեղեցիներն ու միջնադարեան հայկական ճարտարապետութիւնը ներկայացուել են որպէս ադրբեջանա-թուրքական ժառանգութիւն։
Պատմութեան կեղծման այս արշաւն ընթանում էր Բաքուի կողմից 1997–2006 թուականներին Նախիջեւանում հազարաւոր միջնադարեան հայկական յուշարձանների ոչնչացմանը զուգահեռ, այդ թւում՝ Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացման։
Արցախի անկումից յետոյ Իլհամ Ալիեւը բացայայտօրէն ներկայացրեց այդ քաղաքական օրակարգը։
2022 թուականի դեկտեմբերի 24-ին, ելոյթ ունենալով նոր անուանում ստացած «Արեւմտեան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների առջեւ, նա յայտարարեց. «Ներկայիս Հայաստանը մեր հողն է»։
Այնուհետեւ նա ներկայացրեց յաջորդ փուլը. «Այժմ, երբ Ղարաբաղեան հակամարտութիւնը լուծուած է, սա է մեր օրակարգի հարցը»։
Ալիեւը նաեւ հրահանգեց այդ արշաւը տեղափոխել միջազգային ասպարէզ՝ պահանջելով կազմակերպել «ցուցահանդէսներ, շնորհանդէսներ եւ միջազգային համաժողովներ», ինչպէս նաեւ «կապեր հաստատել տարբեր երկրների քաղաքական շրջանակների, լրատուամիջոցների եւ օրէնսդիր մարմինների հետ»։
Ալիեւի հրահանգի իրականացումը Վաշինգտոնում
Կոնգրեսի գրադարանում կազմակերպուած շնորհանդէսն այս տարի Վաշինգտոնում անցկացուած՝ Բաքուի աջակցութիւնը վայելող երկրորդ միջոցառումն է, որը համապատասխանում է Ալիեւի այդ հրահանգին։
Յունիսի 24-ին «Բաքուի նախաձեռնող խումբը»՝ 2023 թուականին ստեղծուած, ադրբեջանական պետութեան հետ կապուած կազմակերպութիւնը, ԱՄՆ Սենատի Ռասելի գրասենեակային շէնքի Քենեդիի անուան նիստերի դահլիճում կազմակերպել էր «Վերադարձի եւ ինքնորոշման իրաւունք. երկակի չափանիշներ եւ ընտրովի մօտեցումներ» խորագրով համաժողով։
Մասնակիցներն ընդունել էին Կոնգրեսի անդամներին ուղղուած դիմում՝ պահանջելով այսպէս կոչուած «արեւմտեան ադրբեջանցիների վերադարձը» Հայաստանի Հանրապետութեան տարածք։
Կոնգրեսի որեւէ գրասենեակ հրապարակաւ չի հաստատել, որ հովանաւորել է այդ միջոցառումը։
Բաքուն շարունակում է առաջ մղել այս յաւակնութիւնները՝ միաժամանակ արգելափակելով Արցախից բռնի տեղահանուած աւելի քան 150 հազար հայերի վերադարձը եւ շարունակելով հայ պատանդներին պահել իր բանտերում։
Կոնգրեսը գրադարանին յանձնարարում է պահպանել հայկական պատմութիւնը
Կոնգրեսի գրադարանի ներգրաւուածութիւնը Բաքուի պատմական խօսոյթի տարածման գործում հակասում է Կոնգրեսում քննարկման փուլում գտնուող օրէնսդրական նախաձեռնութիւնների նպատակներին։
H.R. 10812՝ «Ամերիկահայ մշակութային ժառանգութեան մասին» օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Քերին, Կոնգրեսի գրադարանին յանձնարարում է գրացուցակաւորել, թուայնացնել եւ կրթական ծրագրերում ներառել ամերիկահայութեան վերաբերեալ նիւթերը։
H.R. 2585՝ «Հայոց ցեղասպանութեան կրթութեան մասին» օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Թայթուսը՝ Բիլիրակիսի, Թեդ Լիուի (դեմոկրատ, Կալիֆոռնիա) եւ Վալադաոյի հետ համատեղ, Կոնգրեսի գրադարանին յանձնարարում է իրականացնել համազգային կրթական ծրագիր՝ 1915–1923 թուականներին Օսմանեան Թուրքիայի կառավարութեան կողմից հայերի, ասորիների, յոյների, սուրիացիների, արամէացիների, մարոնիների եւ այլ քրիստոնեաների դէմ իրականացուած ցեղասպանութեան վերաբերեալ։
Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի նոյն բաժինը 2026 թուականի յուլիսի 16-ին կազմակերպել էր «Ամերիկահայ ժառանգութիւնը՝ 250-ամեակի առիթով. անդրադարձներ գրադարանի հաւաքածուներից» խորագրով միջոցառումը։
Այն ներառում էր բնօրինակ պատմական նիւթերի ներկայացում եւ գրադարանի հայագիտական ու վրացագիտական հարցերով մասնագէտ դոկտոր Խաչիկ Մուրադեանի դասախօսութիւնը։
«Մենք ակնկալում ենք լիարժէք հաշուետուութիւն, որպէսզի նման միջադէպերն այլեւս չկրկնուեն»,– եզրափակել է դոկտոր Գրիգորեանը։
Լուսանկարի բացատրութիւն
2026 թուականի հոկտեմբերի 16-ին ադրբեջանցի հեղինակ Ֆարիդա Սաֆիեւան եւ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աշխատակիցը գրադարանի Աֆրիկայի եւ Մերձաւոր Արեւելքի բաժնի ամբիոնի մօտ ցուցադրում են Բաքուի ֆինանսաւորմամբ հրատարակուած «Իրեւան» գրքերը։
