Նիւ Եորքի ամերիկահայ համայնքի ջանքերով հեռացուել է Ադրբեջանի «Յաղթանակի օրուան» նուիրուած դրօշը

Նիւ Եորքի ամերիկահայ համայնքի ջանքերով հեռացուել է Ադրբեջանի «Յաղթանակի օրուան» նուիրուած դրօշը

Համայնքի համախմբուած գործողութիւնների շնորհիւ քաղաքային իշխանութիւնները հեռացրել են վիճայարոյց դրօշը, որի բարձրացմամբ նշւում էր Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումը։

ՆԻՒ ԵՈՐՔ — Նոյեմբերի 8-ին Ստորին Մանհեթենի պատմական Բոուլինգ Գրին զբօսայգում Ադրբեջանի «Յաղթանակի օրը» նշելու նպատակով բարձրացուած ադրբեջանական պետական դրօշը հեռացուել է նոյեմբերի 16-ին՝ Նիւ Եորքի ամերիկահայերի դիմումների եւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի (ANCA) համազգային, շրջանային ու տեղական կառոյցների հետեւողական աշխատանքների արդիւնքում։

Դրօշի բարձրացման արարողութիւնը կազմակերպել էր Ադրբեջանա-ամերիկեան երիտասարդական դաշնութիւնը՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչութեան եւ Սփիւռքի հետ աշխատանքի պետական կոմիտէի աջակցութեամբ։

Միջոցառմամբ տօնւում էր 2020 թուականի նոյեմբերի 8-ին՝ 44-օրեայ պատերազմի ընթացքում, Շուշիի դէմ իրականացուած չհրահրուած յարձակումը, ինչպէս նաեւ 2023 թուականին Արցախից (Լեռնային Ղարաբաղից) աւելի քան 150 հազար հայերի յետագայ բռնի տեղահանումը։

Քաղաքային իշխանութիւնների տուած թոյլտուութիւնները նախատեսում էին, որ դրօշը տասը օր կը ծածանուի Նիւ Եորքի ամենահին զբօսայգու հանրային տարածքում՝ Ուոլ Սթրիթի մերձակայքում։

Նիւ Եորքի բնակչուհի Հռիփսիմէ Բիյազեանն առաջինն է նկատել դրօշը՝ զբօսայգուն նայող իր շէնքից։ Նա կապ է հաստատել ամերիկահայ շահերի պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւնների, այդ թւում՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հետ, եւ համախմբել համայնքի անդամներին՝ քաղաքային պաշտօնեաներին դիմելու նպատակով։

«Երբ քաղաքապետ Մամդանին ստանձնեց պաշտօնը, ես ուրախացայ, որովհետեւ ակնկալում էի քաղաքային իշխանութիւն, որը հիմնուած կը լինի իրականութեան վրայ եւ կը հասկանայ, թէ ինչով են ապրում իր բնակիչները։ Իշխանութիւն, որը պարզապէս չի ենթարկուի նրան, ով աւելի շատ փող կամ ազդեցութիւն ունի»,– ասել է Բիյազեանը։

«Ուստի առանձնապէս ցնցուած էի, երբ իմ պատուհանից, որը նայում է զբօսայգուն, տեսայ հանրային տարածքում բարձրացուած մի դրօշ, որով տօնւում էին ռազմական նուաճումն ու Շուշիի բռնակցումը։ Սկսեցի ուսումնասիրել հարցը եւ գտայ համապատասխան մարդկանց, որոնց պէտք էր դիմել՝ իրավիճակը շտկելու համար։ Ես իսկապէս չէի կարողանայ դա անել առանց Նիւ Եորքի իմ հայ հայրենակիցների»։

Բիյազեանը շարունակել է.

«Յոյս ունեմ, որ քաղաքային իշխանութիւններն այժմ աւելի մանրամասն կ՚ուսումնասիրեն Բոուլինգ Գրին ընկերակցութեան գործունէութիւնը, ներառեալ օտարերկրեայ հնարաւոր ազդեցութիւններն ու կապերը, որովհետեւ նիւեորքցիներն իրաւունք ունեն իմանալու, թէ հանրային տարածքներում ինչի համար են ծախսւում իրենց վճարած հարկերը»։

Ի պատասխան Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ներկայացրած նամակի՝ քաղաքապետի գրասենեակը տարածել է հետեւեալ յայտարարութիւնը.

«Քաղաքապետ Մամդանին յստակ արտայայտել է իր համերաշխութիւնը հայ համայնքի հետ։ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան յիշատակին նուիրուած իր յայտարարութեան մէջ, նա վերահաստատել է հայ ժողովրդի ազատութեան, անվտանգութեան եւ ինքնորոշման իրաւունքը, ինչպէս նաեւ արձանագրել Լեռնային Ղարաբաղից աւելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանման փաստը։ Սրանք յանձնառութիւններ են, որոնք մենք նոյնպէս կիսում ենք, եւ երախտապարտ ենք հայ համայնքի հետ մեր յարաբերութիւնները շարունակաբար զարգացնելու հնարաւորութեան համար»։

Հայ դատի Նիւ Եորքի յանձնախմբի վարչութեան անդամ Արամ Բալեանը յայտարարել է.

«Նիւ Եորքի ամերիկահայ համայնքն իր անկեղծ շնորհակալութիւնն է յայտնում քաղաքապետ Մամդանիին եւ նրա գրասենեակին՝ ապրիլի 24-ին հնչեցրած յիշատակի խօսքերը գործնական քայլերով ամրապնդելու համար։

Հազարաւոր հայեր ապրում, աշխատում եւ ընտանիքներ են մեծացնում այս հրաշալի քաղաքի բոլոր շրջաններում։ Մեզանից շատերն ունեն հարազատներ, ընկերներ եւ սիրելիներ, որոնք սպանուել կամ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանուել են Արցախի իրենց պապենական տներից։

Ստորին Մանհեթենում՝ քաղաքին պատկանող տարածքում, Ադրբեջանի ցեղասպանութեան, էթնիկ զտման եւ բռնագրաւման արշաւը տօնող դրօշ տեսնելը վիրաւորանք էր ոչ միայն հայ համայնքի, այլեւ իւրաքանչիւր նիւեորքցու համար։

Նիւ Եորքի հանրային տարածքները երբեք չպէտք է օգտագործուեն էթնիկ զտումը տօնելու, պատերազմական յանցագործութիւնները փառաբանելու կամ նման արարքների համար պատասխանատուներին մեծարելու նպատակով։

Մեր համայնքը շարունակելու է զգօն մնալ եւ քաղաքային ղեկավարներից պահանջել հետեւել այդ սկզբունքին։ Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցութիւնը քաղաքապետ Մամդանիի հետ»։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Արեւելեան շրջանի նախագահ դոկտոր Արա Չալեանը նշել է.

«Ամերիկեան քաղաքների հանրային տարածքները երբեք չպէտք է օգտագործուեն Ադրբեջանի կողմից Շուշիի նուաճումը եւ դրան յաջորդած Արցախի էթնիկ զտումը տօնելու համար։

Բաքուն կազմակերպում է նման արարողութիւններ՝ ցեղասպանութիւնը տօնի տեսքով ներկայացնելու եւ բնիկ հայկական հողերի բռնագրաւումը բնականոն դարձնելու նպատակով, մինչ հայ պատանդները շարունակում են մնալ նրա բանտերում, իսկ հայկական քրիստոնէական ժառանգութիւնը ոչնչացւում է։

Նիւ Եորքի հայերը կարողացան արագօրէն կասեցնել դա, եւ Արեւելեան շրջանի մեր բոլոր յանձնախմբերը նոյն կերպ կը գործեն ամէնուր, որտեղ Ադրբեջանը կրկին կը փորձի նման բան անել»։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի համազգային համայնքային աշխատանքների տնօրէն Գեւ Իսկաջեանը յայտարարել է.

«Սա ամերիկահայ համայնքի ուժի վկայութիւնն է։ Համայնքը կարողացաւ արագ համախմբուել եւ բարձրաձայն իր բողոքն արտայայտել ատելութեան ու էթնիկ զտման դէմ»։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Արեւելեան շրջանը շարունակում է քաղաքային պաշտօնեաներից պահանջել աւելի մանրակրկիտ ուսումնասիրել հանրային տարածքներում դրօշների բարձրացման թոյլտուութիւնների տրամադրման ընթացակարգերը, յատկապէս այն արարողութիւնների պարագայում, որոնցով տօնւում է բնիկ ժողովուրդների բռնի տեղահանումը։

Ամերիկահայերը, որոնք ականատես կը լինեն դրօշների բարձրացման, հանրային ցուցադրութիւնների կամ ցեղասպանութիւնը փառաբանող, հայկական ժառանգութիւնն ու մշակոյթը վիրաւորող այլ գործողութիւնների, կարող են այդ մասին տեղեկացնել հետեւեալ էլեկտրոնային հասցէով՝ report-hate-crime@anca.org։

Share