Բացառիկ հնարաւորութիւն՝ ընդունելու աւելի շատ ընտանիքների եւ գրեթէ եռապատկելու Օզբորն փողոցում գտնուող կենտրոնի տարածքը
ՔԱՆՈԳԱ ՓԱՐՔ, Կալիֆորնիա — Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (ՀՄԸՄ) Սան Ֆերնանդօ հովտի «Մասիս» մասնաճիւղը կոչ է անում համայնքին աջակցել՝ նոր սերնդի համար անհրաժեշտ տարածք ապահովելու նպատակոին։ Ծրագրերի նկատմամբ աճող պահանջարկի եւ անդամակցութեան սպասող ընտանիքների մեծ թուի պայմաններում «Մասիս»-ը բացառիկ հնարաւորութիւն ունի ընդլայնուելու՝ ձեռք բերելով Հարի Կ. Այվազեան երիտասարդական կենտրոնին անմիջապէս կից գտնուող առեւտրային շէնքը։
Մասնաճիւղի աճի հետեւանքով լրացուցիչ տարածքի ապահովումը դարձել է առաջնահերթութիւն։ Ներկայումս աւելի քան 1260 գործող անդամներ եւ 100 մարզական խմբեր օգտւում են ընդամէնը մէկ մարզադաշտից, իսկ մի շարք խմբեր ստիպուած են իրենց մարզումներն անցկացնել Սան Ֆերնանդօ հովտի տարբեր վայրերում վարձակալուած մարզասրահներում։ Միայն վերջին երեք տարիների ընթացքում անդամակցութեան դիմում են ներկայացրել աւելի քան 660 ընտանիքներ, որոնցից շատերը դեռ սպասում են «Մասիս»-ի մեծ ընտանիքին միանալու հնարաւորութեանը։
Գոյքի ձեռքբերումը կը լինի առաջին քայլը։ Այն մարզադաշտերի, դասասենեակների եւ համայնքային օգտագործման համար յարմար տարածքների վերածելու նպատակով անհրաժեշտ կը լինեն յաւելեալ ներդրումներ։ Երկու փուլերի իրականացումն էլ կախուած կը լինի «Մասիս»-ի մեծ ընտանիքի եւ լայն համայնքի առատաձեռնութիւնից ու գործուն մասնակցութիւնից։
Միացէ՛ք մեր յաջորդ քայլի իրականացմանը

Ընդլայնուելու բացառիկ հնարաւորութիւն՝ անմիջապէս հարեւանութեամբ
Հարեւան շէնքը հնարաւորութիւն է ընձեռում բաւարարելու աճող պահանջարկը՝ միաժամանակ պահպանելով «Մասիս»-ի համայնքի միասնականութիւնը։
5.8 միլիոն դոլարով վաճառքի առաջարկուող գոյքը գտնւում է Օզբորն փողոցի 20935 եւ 20945 հասցէներում եւ անմիջական սահման ունի ներկայիս կենտրոնի տարածքի հետ։ Երկու գոյքերի միաւորմամբ հնարաւոր կը լինի ստեղծել մէկ միասնական համալիր՝ մասնաճիւղի փակ տարածքը գրեթէ եռապատկելով՝ մօտաւորապէս 11,000 քառակուսի ոտնաչափից հասցնելով աւելի քան 31,000 քառակուսի ոտնաչափի։
Լրացուցիչ տարածքը «Մասիս»-ին հնարաւորութիւն կը տայ մէկ մարզադաշտի փոխարէն ունենալ երեքը, բոլոր մարզական խմբերը վերադարձնել սեփական կենտրոն եւ ընդունել նոր ընտանիքների։
Նախատեսուող ընդլայնումը նաեւ տարածք կ՚ապահովի հայերէնի դասընթացների, սկաուտական գործունէութեան եւ 1918 խմբի, ժողովների, միջոցառումների, ինչպէս նաեւ երիտասարդական ու մեծահասակների ծրագրերի համար՝ մարզական գործունէութեան հետ մէկտեղ։
Անմիջապէս հարեւանութեամբ ընդլայնուելու հնարաւորութիւնը «Մասիս»-ի համար առանձնայատուկ նշանակութիւն ունի։ Այս ծրագիրն իրականութիւն դարձնելու համար անհրաժեշտ կը լինի ընտանիքների, գործարարների, կազմակերպութիւնների եւ բոլոր աջակիցների համատեղ ջանքը, որոնք հաւատում են յաջորդ սերնդի համար մնայուն օջախ ստեղծելու կարեւորութեանը։
«Մենք այլեւս տարածք չունենք՝ մեր իսկ համայնքի պահանջներին դրական պատասխան տալու համար։ Հարեւան շէնքը հնարաւորութիւն կը տայ մեր բոլոր մարզական խմբերը վերադարձնել սեփական կենտրոն, ընդունել սպասող ընտանիքներին եւ վերջապէս դառնալ աւելին, քան պարզապէս մարզադաշտ։
Այսպէս է մեր սերունդն արձագանգում այն կոչին, որի հիման վրայ 1918 թուականին հիմնադրուեց ՀՄԸՄ-ը՝ բարձրանալ եւ մեզ հետ բարձրացնել նաեւ ուրիշներին»։
Ջոզէֆ Թիթիզեան ՀՄԸՄ «Մասիս» մասնաճիւղի վարչութեան ատենապետ
«Տարիներ շարունակ մարզուել ցանկացող երեխաների թիւն աւելի մեծ է եղել, քան մեր տրամադրութեան տակ եղած մարզադաշտի հնարաւորութիւնները։ Այդ պատճառով ստիպուած ենք սահմանափակել խմբերի անդամների թիւը, մարզասրահներ վարձակալել հովտի տարբեր վայրերում եւ, այդուհանդերձ, իւրաքանչիւր մարզաշրջանում մերժել ընտանիքների դիմումները։
Մէկ մարզադաշտից երեքի անցնելը վերջապէս հնարաւորութիւն կը տայ դրական պատասխան տալ թէ՛ այսօր սպասող ընտանիքներին, թէ՛ այն մարզական խմբերին, որոնք դեռ չենք հասցրել ձեւաւորել»։
Արփիար Սարգիսեան Մարզական պատասխանատու
Համայնքային հանդիպում՝ հոկտեմբերի 15-ին, երեկոյեան ժամը 6։30-ին
Միացէ՛ք մեր ապագայի կերտմանը։
Հարի Կ. Այվազեան երիտասարդական կենտրոն, Քանոգա Փարք
Ծրագրի տեսլականը ներկայացնելու եւ յետագայ քայլերը քննարկելու նպատակով «Մասիս»-ը համայնքի բոլոր անդամներին հրաւիրում է հանդիպման՝ հինգշաբթի, հոկտեմբերի 15-ին, երեկոյեան ժամը 6։30-ին, Հարի Կ. Այվազեան երիտասարդական կենտրոնում՝ 20953 Օզբորն փողոց, Քանոգա Փարք։
Մասնակիցները հնարաւորութիւն կ՚ունենան մանրամասն տեղեկանալու գոյքի, անհրաժեշտ ֆինանսական յանձնառութեան եւ աջակցութեան հնարաւոր եղանակների մասին։
Հրաւիրուած են ծնողները, տատիկներն ու պապիկները, մարզիչները, մարզիկները, սկաուտները, նախկին անդամները, բարեկամներն ու բոլոր աջակիցները։
Հինգշաբթի օրուայ հանդիպումը հնարաւորութիւն կ՚ընձեռի հարցեր ուղղելու, աջակցութեան տարբերակները քննարկելու եւ մասնակից դառնալու «Մասիս»-ի յաջորդ քայլերի ձեւաւորմանը։ Մասնաճիւղը քաջալերում է բոլոր նրանց, ում համար կարեւոր է իր ապագան, ներկայ գտնուել եւ իրենց հետ բերել նաեւ աջակցելու պատրաստ այլ անձանց։
Սերունդներ շարունակ հայ ընտանիքներն իրենց ներդրումն են ունեցել «Մասիս»-ի կառուցման եւ պահպանման գործում։ Այժմ համայնքն ունի այդ ժառանգութեան վրայ նոր ձեռքբերումներ կառուցելու եւ աւելի շատ երեխաների ու ընտանիքների համար տարածք ապահովելու հնարաւորութիւն։
Միացէ՛ք հոկտեմբերի 15-ի հանդիպմանը՝ մասնակից դառնալու այս կարեւոր քննարկմանը։
Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր։
ՀՄԸՄ «Մասիս» մասնաճիւղի մասին

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը (ՀՄԸՄ) հիմնադրուել է 1918 թուականին եւ այսօր գործում է հինգ մայրցամաքներում՝ ծաւալելով մարզական եւ սկաուտական գործունէութիւն։
Քանոգա Փարքում հաստատուած «Մասիս» մասնաճիւղը միութեան խոշորագոյն մասնաճիւղերից մէկն է՝ աւելի քան 1260 գործող անդամներով, 100 մարզական խմբերով եւ 1918 սկաուտական խմբով։
Աւելի քան մէկ սերունդ «Մասիս»-ը Սան Ֆերնանդօ հովտի հայ ընտանիքների համար եղել է այն վայրը, որտեղ երեխաներն ու երիտասարդները մարզւում են, ձեռք բերում առաջնորդութեան փորձառութիւն եւ ամրապնդում համայնքին պատկանելու զգացումը։
Յաւելեալ տեղեկութիւններ՝ massis.org։
Լրատուամիջոցների հետ կապ՝ Կարինէ Պետրոսեան press@huysmedia.com
