harparak.am- ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարեանը հարց է բարձրացնում՝ Հայաստանի հետ առանձնաշնորհեալ յարաբերութիւններ ունեցող Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ինչո՞ւ նպաստեց, որ Փաշինեանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»։
Զաքարեանն, անդրադառնալով նաեւ Ֆրանսիայում զարգացումներին, գրել է․
«Reuters-ի տուեալների համաձայն՝ Ֆրանսիայի աջակողմեան ուժերի առաջնորդ Մարի Լը Պենը եւ ձախ ուժերի առաջնորդ Ժան-Լիւկ Մելանշոնը 2027 թ. նախագահական ընտրութիւններին ընդառաջ հրապարակուած նոր հարցման համաձայն՝ առաջ են անցնում միւս թեկնածուներից։
Ըստ հարցման՝ ընտրութիւնների առաջին փուլում Լը Պենն առաջատարն է՝ ստանալով ընտրողների 35–37%-ի աջակցութիւնը։ Իսկ Մելանշոնը երկրորդ փուլ է անցնում բոլոր սցենարների դէպքում։
Կանխատեսումների համաձայն՝ երկրորդ փուլում Լը Պենը զգալի առաւելութեամբ կը յաղթի Մելանշոնին։ Սակայն սա դեռ ամբողջ պատկերը չէ։
Գործող նախագահ Մակրոնի քաղաքական թիմի անդամները թեկնածուի հարցում միասնական չեն։ Կենտրոնամէտ դաշինքի մի մասը հակուած է աջակցելու Գաբրիէլ Ատալին, միւս մասը՝ Էդուարդ Ֆիլիպին, իսկ որոշ մասն էլ ընդհանրապէս քննարկում է սոցիալ-դեմոկրատական թեկնածուին աջակցելու հնարաւորութիւնը։
Կենտրոնամէտների ճամբարում այս պահին հիմնական հարցն այն է, թէ կը կարողանա՞ն արդեօք միասնական թեկնածու առաջադրել։
Հ.Գ. Հայ-ֆրանսիական պատմականօրէն բարեկամական ու առանձնաշնորհեալ յարաբերութիւններում սեւ հետքի պէս միշտ դաջուած է մնալու այս հարցը. «Ինչո՞ւ բարեկամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ նրա քաղաքական գործընկեր, ֆրանսախօս Շառլ Միշելը համոզեցին ապազգային ու հակապետական քաղաքականութեան հեղինակ Նիկոլին՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարուել հայկական Արցախից։ Ի՞նչ շահեց դրանից Մակրոնը (կամ Ֆրանսիան)՝ աջակցելու փոխարէն քանդելով հայ ժողովրդի ամենանուիրական ձեռքբերումն ու նսեմացնելով հայկական քաղաքականութիւնը»։
Միեւնոյն է՝ այդ կերպ Հարաւային Կովկասում ՌԴ-ի դէմ երկրորդ ճակատ չբացեցին, ՌԴ-ին Կովկասից չհեռացրին, Ուկրաինայում չյաղթեցին, Սիւնիքից ուրան չստացան, հաղորդակցութիւններում չկան… ընդամէնը հազարամեայ Արցախը զոհաբերեցին ու անդառնալի վնաս պատճառեցին հայ ժողովրդին։
Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ կողմից շատ սիրելի ու բարեկամ ֆրանսիացիների նախագահի ջանքերով ու նրա հայեացքի ներքոյ Հայաստանի ոչ բարով որեւէ ղեկավար կարող է հրաժարուել Արցախից ու արցախեան հարցից…»։
