«Հայփոստ»-ը հրաժարւում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապուած է Հայաստանից դէպի Ադրբեջան հաղորդակցութեան հետ. Սիրանուշ Սահակեան

«Հայփոստ»-ը հրաժարւում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապուած է Հայաստանից դէպի Ադրբեջան հաղորդակցութեան հետ. Սիրանուշ Սահակեան

«Հայ գերիները զրկուած են նամակներ ուղարկելու եւ նամակներ ստանալու հնարաւորութիւնից, ինչը կրկին յանցագործներին ներյատուկ երաշխիք է փակ հաստատութիւններում պահուելու պարագայում»,– «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը։

Նա յիշեցրեց, որ Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքւում գերեվարուած Ռուբէն Վարդանեանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նախաձեռնութիւն էր սկսել, որի շրջանակում գերիներին նամակ ուղարկելու մտադրութիւն ունեցող անձինք կարող էին որոշակի հասցէներով ուղարկել այդ նամակները։

«Դրանք հաւաքագրուել են, ուղարկուել են Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը՝ կառավարական ճանապարհով Ադրբեջանում պահուող մեր գերիներին հասցնելու նպատակով, քանի որ ընտանիքները, հարազատները, ընկերները զրկուած են ուղղակիօրէն այդ քրէակատարողական հիմնարկ կամ իրենց ՄԻՊ-ի միջոցով նամակ ուղարկելու հնարաւորութիւնից։

Այստեղ կրկին ունեցանք հակասական տեղեկատուութիւն։ Կառավարութիւնը նշեց, որ կարող են «Հայփոստ»-ի միջոցով ուղղակի հասցէագրել Ադրբեջանին։ Նշեմ, որ մենք բազմաթիւ տարիներ միշտ նման փորձարկումներ ունենք, արել ենք եւ ներկայումս էլ անում ենք, ունենք ապացոյցներ, որ «Հայփոստ»-ը հրաժարւում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապուած է Հայաստանից դէպի Ադրբեջան հաղորդակցութեան հետ, եւ նաեւ եղաւ «Հայփոստ»-ի պաշտօնական պարզաբանումը։

Սրանք ապացոյցներ են, որոնք եւս վկայում են, որ նամակագրութեան ազատութիւնը սահմանափակուած է, կայ բացառիկ բնոյթի մեկուսացուածութիւն»,– նշել է նա։

Յիշեցնենք՝ նախօրէին կայացած ճեպազրոյցում Փաշինեանն ասել էր.

«Բաքւում պահուող հայերին հասցէագրուած 1254 նամակները պէտք էր ոչ թէ փոխանցել Հայաստանի կառավարութեանը, այլ ուղարկել փոստային ծառայութեան միջոցով։

Չգիտեմ՝ ինչ որոշում է կայացուել, բայց, ճիշտն ասած, դա տարօրինակ է։ Եթէ կան նամակներ, ինչո՞ւ դրանք չեն ուղարկում փոստով։ Դրա համար գոյութիւն ունեն փոստային ծառայութիւններ, որոնք կարող են դա անել։ Ինչո՞ւ պէտք է մենք հանդէս գանք որպէս միջնորդ»։

Share