Սիրանուշ Սահակեանն արձագանգել է Ադրբեջանի ՄԻՊ-ի յայտարարութեանը

Սիրանուշ Սահակեանն արձագանգել է Ադրբեջանի ՄԻՊ-ի յայտարարութեանը

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանի մեկնաբանութիւնը՝ Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպան Սաբինա Ալիեւայի յայտարարութեան վերաբերեալ․

«2026 թուականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմն «անհիմն» էր որակել Ռուբէն Վարդանեանի կողմից՝ իր եւ Ումբակիում պահուող միւս հայ բանտարկեալների վերաբերեալ բարձրացրած հարցերը։ Այս պատասխանն ուշագրաւ է ոչ այնքան նրանով, թէ ինչին է պատասխանում, այլ նրանով, թէ ինչից է խուսափում։

1. Մի շարք բողոքներ, որոնք վերաբերում էին տեսազանգերի բացակայութեանը, կրթութեան իրաւունքին, ԿԽՄԿ-ի այցերի կանոնաւոր հասանելիութեանը, հարազատների հետ տեսակցութիւններին, նամակների ու ծանրոցների ստացմանը, դիւանագիտական կամ հիւպատոսական հասանելիութեանը, ինչպէս նաեւ Վերոնիկա Զոնաբենդի առաջարկած մարդասիրական այցին, պատասխանում պարզապէս տեղ չեն գտել։

Հարազատների հետ տեսակցութիւնների եւ առաջարկուած մարդասիրական այցի վերաբերեալ լռութիւնը խօսուն է։ Աշխատակազմը պնդում է, որ ընտանիքի հետ կապն ապահովւում է։ Կալանաւորումից ի վեր հարազատների հետ ոչ մի տեսակցութիւն տեղի չի ունեցել։ Միակ առկայ կապը հեռախօսային է, այն էլ՝ ոչ բոլորի համար։ Վերոնիկա Զոնաբենդի այցին աջակցելու վերաբերեալ դիմումները Պաշտպանի աշխատակազմ են ուղարկուել յունիսին եւ յուլիսին։ Դրանք շարունակում են մնալ անպատասխան։ Միաժամանակ՝ ադրբեջանական լրատուամիջոցները բացայայտօրէն գրում են, որ եթէ նա մեկնի Բաքու, կարող է ձերբակալուել։ Ահա թէ գործնականում ինչ է նշանակում «ընտանիքի հետ կապն ապահովւում է»։

2. Փոխարէնը պատասխան է տրւում մի հարցի, որը ոչ ոք նրան չի ուղղել։ Արայիկ Յարութիւնեանին տրամադրուած նոտարական ծառայութիւնը չի բացատրում, թէ ինչու Ռուբէն Վարդանեանը չի կարողանում ձեւակերպել իր լիազօրագրերը։ Գրքերի առկայութիւնը չի պատասխանում թերթերի բաժանորդագրութեան անհնարինութեան մասին բողոքին։ Բժշկական զննութեան մասին յայտարարութիւնը չի հաստատում, որ Վարդանեանի պահանջած կոնկրետ ախտորոշիչ հետազօտութիւններն իրականացուել են, իսկ դրանց արդիւնքները փոխանցուել են նրան։

3. Պաշտպանի ներկայացրած պատասխանները հիմնաւորուած չեն ապացոյցներով եւ փաստաթղթերով։ Այսպէս՝ աշխատակազմը պնդում է, որ 916 թեժ գծին ուղղուած իւրաքանչիւր դիմումի ժամանակին պատասխան է տրուել։ Վարդանեանին նման զանգ կատարելու հնարաւորութիւն է տրուել մէկ անգամ՝ յունիսի 19-ին։ Որեւէ հաստատող փաստաթուղթ չի ներկայացուել։ Չեն ներկայացուել նաեւ նրա անունից ուղարկուած գրաւոր դիմումների՝ ըստ էութեան պատասխանները։

Եթէ ամենշաբաթեայ հեռախօսազանգերն իսկապէս հասանելի են իւրաքանչիւր բանտարկեալի, ապա ինչո՞ւ է Լիւդուիգ Մկրտչեանը յաջորդ զանգին սպասում մէկուկէսից աւելի քան երկու ամիս։ Հեռախօսազանգերի գրանցամատեանները կարող են անմիջապէս պատասխանել այս հարցին։

Վարդանեանը բազմիցս փորձել է նոտարի հասանելիութիւն ստանալ՝ լիազօրագրեր ձեւակերպելու համար, կամ ստանալ համապատասխան ձեւաթղթերը, որպէսզի դրանք ինքնուրոյն ստորագրի։ Ո՛չ մէկը, ո՛չ միւսը չի տրամադրուել։ Այդ պատճառով օգոստոսի 20-ին հայց է ներկայացուել Բաքուի վարչական դատարան, որը գրանցուել է միայն վերջերս։ Յունիսից օգոստոս Պաշտպանի աշխատակազմ է ուղարկուել առնուազն վեց գրաւոր դիմում՝ բժշկական հետազօտութիւնների, տեսազանգերի, 916 թեժ գծի, նրա հետ հանդիպման եւ հարազատների հետ տեսակցութիւնների վերաբերեալ։ Դրանցից ոչ մէկին պատասխան չի տրուել։

Նոյն պատկերն է նաեւ փաստաբանի հասանելիութեան հարցում։ Տեղացի փաստաբանին բազմիցս թոյլ չի տրուել հանդիպել Վարդանեանի հետ։ Սեպտեմբերի 16-ին նրա մուտքը մերժուել է՝ հաստատութեան ղեկավարի բացակայութեան պատճառաբանութեամբ։ Սեպտեմբերի 19-ին Պաշտպանը յայտարարել է, որ բանտարկեալների իրաւունքներն ապահովւում են։ Սեպտեմբերի 22-ին փաստաբանին կրկին մերժել են նոյն պատճառաբանութեամբ։ Այդ պատճառով հարցը հարկադրաբար տեղափոխուել է դատարան․ հանդիպումը թոյլ չտալու փաստով հայց է ներկայացուել հաստատութեան վարչակազմի դէմ։

Մարդու իրաւունքների պաշտպանը նաեւ մեծապէս յղում է կատարում իր աշխատակազմի իրականացրած այցելութիւններին։ Սակայն զաւեշտն այն է, որ հէնց այն կառոյցը, որն այդ այցելութիւնները ներկայացնում է որպէս արդիւնաւէտ վերահսկողութեան ապացոյց, արդէն քննադատուել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դէմ կոմիտէի կողմից՝ լուրջ խախտումների վերաբերեալ արժանահաւատ պնդումներին արձագանգելիս «իր գործառոյթներն արդիւնաւէտօրէն չիրականացնելու» համար, ինչը, Կոմիտէի գնահատմամբ, «վկայում է անկախութեան բացակայութեան մասին»։

Եթէ Ռուբէն Վարդանեանի պնդումներն իսկապէս «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրէք Ումբակիում պահուող իւրաքանչիւր հայ բանտարկեալի վերաբերեալ փաստաթղթերը՝ հարազատների հետ տեսակցութիւնների, հիւպատոսական հասանելիութեան վերաբերեալ, հեռախօսազանգերի գրանցամատեանները, նրանց դիմումներին տրուած գրաւոր պատասխանները, նոտարական ծառայութիւնների եւ անկախ պաշտպանի հասանելիութեան գրանցումները։ Կատեգորիկ հերքումը, որքան էլ վճռական լինի, ապացոյց չէ։


Հ.Գ. Բանտարկեալների՝ Մարդու իրաւունքների պաշտպանի հետ հանդիպելու խնդրանքը, որը փոխանցուել է Ռուբէն Վարդանեանի միջոցով, շարունակում է մնալ անպատասխան։ Ինչպէս նաեւ անպատասխան են մնում բարձրացուած այն հարցերը, որոնց յայտարարութիւնը խուսափել է պատասխանել»։

Share