ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում քննարկուել է Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում քննարկուել է Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպութեան հանրային շահերի պաշտպանութեան տնօրէն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդէս է եկել հետեւեալ յայտարարութեամբ։

«Այս ամիս լրանում է երեք տարին այն օրուանից, երբ Ադրբեջանը գրաւեց Լեռնային Ղարաբաղը եւ այնտեղից ամբողջութեամբ տեղահանեց նրա հայ քրիստոնեայ բնակչութեանը։

Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է արգելել 150,000 տեղահանուած հայերի վերադարձը իրենց տները՝ հակառակ Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի նոյեմբերի 17-ի որոշման։

Ադրբեջանը նաեւ քաղաքական դրդապատճառներով ապօրինաբար պահում է 20 հայերի եւ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգութեան յուշարձանները։ Վերջին դէպքերից է Շուշիի մերձակայքում գտնուող միջնադարեան գերեզմանատան ոչնչացումը։

Մենք խորապէս մտահոգուած ենք այն փաստով, որ այս ամիս 150 դիւանագէտներից բաղկացած խումբ այցելել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկուած քաղաքներ։ Այդ այցի ընթացքում ադրբեջանցի պաշտօնեաները կեղծ կերպով ներկայացրել են միջնադարեան հայկական եկեղեցիները որպէս մէկ այլ ժողովրդի պատկանող ժառանգութիւն։

Հարաւային Կովկասում խաղաղութիւնը չի կարող կառուցուել էթնիկ զտման, քաղաքական դրդապատճառներով իրականացուող ապօրինի կալանաւորումների եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման հիման վրայ։

Մենք կոչ ենք անում այս Խորհրդին ձեռնարկել գործուն միջոցներ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը իրենց հայրենիք՝ մարդու իրաւունքների լիարժէք իրացման երաշխիքներով։

Դրան հասնելու գործնական միջոցներից մէկը կարող է լինել Շուեյցարիայի խորհրդարանի կողմից առաջարկուած՝ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղութեան ֆորումի աջակցութիւնը»,– նշել է նա։

Share