2020 թուականի 44-օրեայ պատերազմը եւ 2023 թուականի սեպտեմբերի 19-ին Արցախի դէմ սանձազերծուած պատերազմը մեր ժողովրդի յիշողութեան մէջ մնացին որպէս անդառնալի կորուստների, տեղահանութեան եւ հայրենազրկման ծանրագոյն էջեր։
Այսօր խոնարհւում ենք բոլոր նրանց յիշատակի առջեւ, ովքեր իրենց կեանքը տուեցին հայրենիքի պաշտպանութեան համար։ Յիշում ենք 2020 թ. 44-օրեայ եւ 2023 թուականի սեպտեմբերի 19-ի պատերազմների ընթացքում զոհուած մեր հայրենակիցներին եւ այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 25-ին զոհուեցին բենզինի պահեստի պայթիւնի հետեւանքով։
Այս ցաւը չի տեղաւորւում թուերի ու տարեթուերի մէջ։
Այն ապրում է կիսատ մնացած խօսքերի, չվերադարձած մարդկանց, դատարկուած տների եւ սպասման մէջ քարացած ընտանիքների յիշողութեան մէջ։
Այսօր առանձնայատուկ խոնարհումով յիշում ենք նաեւ մեր այն հայրենակիցներին, որոնց ճակատագիրը մինչ օրս անյայտ է։ Նրանց ընտանիքների համար պատերազմը չի աւարտուել։ Սպասումը շարունակւում է՝ ամէն օր, ամէն զանգի, ամէն լուրի սպասումով։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը վերահաստատում է, որ Արցախի ժողովրդի կորուստների, բռնի տեղահանութեան, անյայտ կորածների եւ գերեվարուածների ճակատագրի նկատմամբ անտարբերութիւնն անընդունելի է մեզ համար։ Միեւնոյն ժամանակ, Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու իրաւունքը ոչ միայն պէտք է պահպանուի որպէս պահանջ, այլեւ շարունակի մնալ մեր ազգային օրակարգի անբաժանելի մասը։
Մենք պարտաւոր ենք յիշել։
Պարտաւոր ենք բարձրաձայնել։
Պարտաւոր ենք պահպանել մեր զոհերի անուններն ու յիշողութիւնը եւ չթողնել, որ նրանց կեանքն ու կորուստը վերածուեն պարզապէս վիճակագրութեան։
Այս օրը մեր խոնարհումն է զոհերի յիշատակին, մեր զօրակցութիւնը՝ նրանց ընտանիքներին, եւ մեր պարտաւորութիւնը՝ չմոռանալ։
Յիշում ենք։
Խոնարհւում ենք։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւն
19 սեպտեմբերի, 2026 թ.
