Կեղծ խաղաղութեան կարգախօսների ներքոյ շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանութիւնը
Սեպտեմբերի 21-ի կապակցութեամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ուղերձը.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան յոբելեանի առթիւ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետութիւնը, որի մասին երազել են մեր նախնիների բազմաթիւ սերունդներ։ Երկար ու բարդ, յաղթանակներով ու զրկանքներով լի ճանապարհ անցանք։
Այդ տարիներից 10 տարին պատիւ եմ ունեցել ղեկավարել Հայաստանի Հանրապետութիւնը։ Մեր աշխատասէր ու պատուախնդիր ժողովրդի ջանքերով կարողացել ենք զարգացման եւ խաղաղութեան շրջան ապահովել Հայաստանի եւ Արցախի համար, համախմբուել հայկական Սփիւռքի հետ, արժանապատիւ ու անվտանգ ազգային պետութիւն կառուցել։
Ցաւօք, մեր Անկախութեան 35-րդ տարեդարձը մենք դիմաւորում ենք բարդ իրավիճակում։ Կտրականապէս շեղուել ենք տարիներ առաջ բռնած ճանապարհից ու գնալով հեռանում ենք հռչակուած ազգային նպատակներից։ Ըստ էութեան, ապամոնտաժւում են բոլոր այն յենասիւները, որոնց վրայ դրել ենք մեր պետականութեան հիմքը։
Կորցրել ենք Արցախը։ Կեղծ խաղաղութեան կարգախօսների ներքոյ շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանութիւնը։ Մոռանալով արժանապատուութեան, մեր ինքնութեան ու մեր ազգային նկարագրի մասին՝ շարունակում ենք կատարել թշնամու նուաստացուցիչ պահանջները։
Մեր հասարակութիւնը պառակտուած է, յուսահատուած։ Ազգային իմունային համակարգը քայքայուած է, ինչը մեր պետութեան վաղուայ օրուայ հանդէպ միայն մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս։ Հայաստանը, իր բռնապետ ղեկավարի աթոռամոլութեան, արկածախնդրութեան եւ տգիտութեան պատճառով, վերածուել է գերտէրութիւնների շահերի եւ կոնֆլիկտների բախման կէտի։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր, շնորհաւորելով բոլորիս Անկախութեան յոբելեանի կապակցութեամբ, ուզում եմ յոյս յայտնել, որ մենք, որպէս ժողովուրդ ու որպէս հասարակութիւն, կը սթափուենք, կը վերագտնենք մեր ճշմարիտ ճանապարհը ու կը վերանուաճենք մեր ինքնիշխանութիւնը, մեր Անկախութիւնը։
Ժամանակ չկայ։
