Գլենդէյլի ոստիկանութիւնը ձերբակալել է մահուան ելքով վրաերթի վայրից փախուստի դիմած տղամարդու

Գլենդէյլի ոստիկանութիւնը ձերբակալել է մահուան ելքով վրաերթի վայրից փախուստի դիմած տղամարդու

ԳԼԵՆԴԷՅԼ, Կալիֆորնիա — Սեպտեմբերի 9-ին՝ մօտաւորապէս ժամը 22։04-ին, Գլենդէյլի ոստիկանութեան ծառայողները մեկնել են Իսթ Քոլորադօ փողոցի 1400-րդ թաղամաս՝ արձագանգելով փոխադրամիջոցի եւ հետիոտնի մասնակցութեամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդմանը։

Պատահարի մասնակից փոխադրամիջոցը հեռացել է դէպքի վայրից՝ առանց կանգ առնելու։ Հետիոտնը՝ մօտ 60 տարեկան տղամարդ, ստացել է կեանքին սպառնացող վնասուածքներ։ Տուժածը, որի ինքնութիւնն այս պահին չի հրապարակւում, տեղափոխուել է մերձակայ հիւանդանոց, որտեղ աւելի ուշ մահացել է ստացած վնասուածքներից։

Գլենդէյլի ոստիկանութեան Ճանապարհային երթեւեկութեան բաժնի եւ Կողոպուտների ու սպանութիւնների քննութեան ստորաբաժանման քննիչները ժամանել են դէպքի վայր եւ անմիջապէս սկսել միջադէպի քննութիւնը։ Ականատեսների նկարագրութիւնների, տեսագրութիւնների եւ համարանիշների ինքնաշխատ ճանաչման համակարգի (ALPR)՝ ժամային նշումով լուսանկարի միջոցով քննիչներին յաջողուել է պարզել ենթադրեալ կասկածեալի փոխադրամիջոցն ու դրա պետհամարանիշը։ Լրացուցիչ միջոցների կիրառմամբ քննիչները պարզել են փոխադրամիջոցի գրանցուած սեփականատիրոջ ինքնութիւնը եւ հետագայ ստուգումներ իրականացրել նրա գրանցման հասցէում։

Քննութեան արդիւնքում կասկածեալը ճանաչուել է որպէս Լոս Անջելեսի բնակիչ, 36-ամեայ Ջասթին Ռամիրէզ։ Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 1։00-ից կարճ ժամանակ անց, քննիչները Ռամիրէզին յայտնաբերել են նրա աշխատավայրում՝ Իսթ Քոլորադօ փողոցի 1200-րդ թաղամասում։ Ռամիրէզը ձերբակալուել եւ կալանքի է վերցուել՝ ծանր յանցագործութիւն համարուող՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելու մեղադրանքով։

Քննութիւնը շարունակւում է։ Գլենդէյլի ոստիկանութիւնը կը շարունակի հետաքննութիւնը եւ սերտօրէն կը համագործակցի Լոս Անջելես շրջանի դատախազութեան հետ՝ պարզելու տուժածի մահուան առնչութեամբ այլ համապատասխան մեղադրանքներ առաջադրելու անհրաժեշտութիւնը։

Դէպքի վերաբերեալ տեղեկութիւն ունեցող անձանց կոչ է արւում կապ հաստատել Գլենդէյլի ոստիկանութեան հետ՝ 818-548-4840 հեռախօսահամարով։

Share