Վահէ Յովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Մի քանի օրից լրանում է Հայաստանի անկախութեան հռչակագրի ընդունման 36-րդ տարին։
Այն ընդունեց Գերագոյն խորհուրդը, որը կազմուած էր հիմնականում կրթուած, ազնիւ, հայրենասէր եւ մեծ մասամբ անփորձ գործիչներից։ Տարբեր ոլորտներից, հասկանալի պատճառներով, քաղաքական եւ պետական փորձ չունեցող գործիչներն ընդունեցին մեր հռչակագիրը։ Բոլորովին այլ պայմաններում, այլ ժամանակներում եւ մեր ու աշխարհի մասին բոլորովին այլ պատկերացումներով։ Այն, ի դէպ, ընդունուեց մեծ կոնսենսուսով. փառք ու պատիւ այդ մարդկանց։
36 տարի յետոյ՝ այսօր, մենք խօսում ենք պետականութեան կորստի, տնտեսական փլուզման, տարածքային զիջումների եւ ընդհանրապէս մեր լինել-չլինելու մասին։ Խօսում ենք շատ հանգիստ, կենցաղային մի զրոյցի պէս։
Ոչ մի նմանութիւն՝ այսօրուայ եւ 36 տարի առաջուայ «այս օրերի» միջեւ։ Նման է թերեւս միայն անորոշութիւնը։ Բայց յոյսով օծուած անորոշութիւնն էապէս տարբեր է անհուսութեան բրենդով անորոշութիւնից։
Այսօր Հայաստանը կարիք ունի յետպատերազմեան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի։ Այն պիտի ոչ թէ փոխարինի անկախութեան հռչակագրին (դա աբսուրդ է), այլ, հաշուի առնելով առկայ իրողութիւնները, մշակի, պայմանական ասած, առաջիկայ 36 տարուայ մեր բովանդակութիւնը։ Պետական մտածողութիւնը, պատմական պատասխանատուութիւնը դա են պահանջում։ Եւ բարեկրթութեան մթնոլորտում հէնց այս հարցերը պէտք է գերիշխեն։ Ցաւօք, ո՛չ քննարկողները ունենք, ո՛չ էլ՝ իրական բարեկրթութիւնը՝ որպէս ներհանրային մթնոլորտ։
Խօսքը ռազմավարական հայեցակարգի մասին է, որ կը սահմանի մեր պետական եւ ազգային նպատակները, խնդիրները, Հայաստանի եւ հայկական աշխարհի համակեցութեան կանոնները, ինքներս մեր մասին եւ հարեւանների մասին պատկերացումները՝ տնտեսական մոդելների, դաշնակիցների մասին նոր ընկալումներով։ Հէնց սա պէտք է լինէր մեր պետական մտքի բանավէճի՝ բարեկրթութեան սահմաններում քննարկման առարկան։
Պատերազմից ու ծանր պարտութիւնից յետոյ պետութիւնների վերականգնումը քաոտիկ չի լինում։ Պետութիւնները վերականգնւում են յետպատերազմեան վերականգնման լուրջ ծրագրերով։
Իմ պատկերացրած պետական, ազգային ստրատեգիական փաստաթղթի ծնունդն ունի երկու խոշոր խոչընդոտ։
- Ո՞վ պէտք է դա ընդունի։ Այս ԱԺ-ն չունի այդ հանրային կշիռը։ Եւ չկայ որեւէ այլ՝ հեղինակութիւն վայելող ձեւաչափ։
- Այն պէտք է ընդունուի ներքին համերաշխութեան մթնոլորտում։
Ի վերջոյ, մենք պէտք է ունենանք խիզախութիւն՝ ընդունելու, որ այս տարածաշրջանում հայկական տարածքները եւ հայ բնակչութեան թիւը վերջին 100 տարում անդադար նուազում են։ Սա է մեր մասին ամենախօսուն փաստը։ Մենք պէտք է ունենանք խիզախութիւն եւ գրագիտութիւն՝ հասկանալու պատճառները եւ գտնելու այս ընթացքը կասեցնելու քայլերը։
Կ՚անե՞նք, կ՚ունենա՞նք. ես չգիտեմ։
Մենք առ այս պահը չունեցանք նոյնիսկ խիզախութիւն՝ բաց խօսելու եւ առողջ գնահատականներ տալու մեր ընդամէնը 36 տարուայ ճանապարհին, որն անցել ենք միասին, բոլորովս։ Այդ 36 տարուայ ուրացումը մեծագոյն սխալ է, սխալ է նաեւ դրա իդէալականացումը։
36 տարի առաջ քաղաքական եւ առաջադիմական միտքը հիմնականում ԱԺ-ում էր։ Այսօր՝ հիմնականում բանտում կամ տնային կալանքի մէջ։ Կամ՝ անզօրութիւնից փակուած ինքն իր մէջ, որը բանտից քիչ է տարբերւում։ Այս անառողջ ձեւով մտնել Հայաստանի կեանքի յաջորդ փուլ՝ նշանակում է դատապարտուել ինքնավերացման։ Ու այս ընթացքի մէջ որեւէ բարեկրթութիւն չկայ։ Այսօր պիտի գտնուեն այն ուժերը, այն ձեւաչափերը, որոնք կը նախաձեռնեն այդ քննարկումը, կը բացեն նոր քաղաքական մտքի ընթացքը։ Սա, մեծ հաշուով, ինքնապաշտպանական խնդիր է, եւ այդ հանրային խօսակցութիւնը միայն կարող է դառնալ Հայաստանի հետագայ զարգացման ներքին, իրական երաշխաւորը։
