Մարդու արժանապատւութիւնը գերագոյն արժէք է

Մարդու արժանապատւութիւնը գերագոյն արժէք է


Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ընտրուել եմ Ազգային ժողովի Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ։ Այս պաշտօնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը սահմանադրական պարտադիր լիազօրութիւն է (ընդդիմութիւնն իրաւունք ունի համամասնօրէն ընտրուելու եւ մաս կազմելու ԱԺ ղեկավար մարմիններին)։
Նախ, ուզում եմ շնորհակալութիւն յայտնել իմ քաղաքական թիմին՝ ՀՅԴին եւ Հայաստան խմբակցութեանը՝ այս կարեւորագոյն յանձնաժողովի նախագահի պաշտօնում իմ թեկնածութիւնն առաջադրելու կապակցութեամբ։
Բնականաբար, մեր իրականութեան եւ Հայաստանում Մարդու իրաւունքների ծանր իրավիճակի շուրջ իմ քաղաքական գնահատականները չեն փոխուել։
ԱԺ Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ հանրային հարցերի մշտական յանձնաժողովում աշխատանքը դիտում ենք իբրեւ ծառայութիւն, հարթակ եւ գործիքակազմ, որը կը փորձի Հայաստանի իրականութեան մէջ որոշիչ փոփոխութիւններ բերել եւ մեղմել երկրում տիրող ապօրինութիւններն ու անպատժելիութեան մթնոլորտը։
Յանձնաժողովը դիտարկում եմ ոչ միայն որպէս օրինագծեր քննարկող, ապօրինութիւնները արձագանգող մարմին, այլեւ պրոակտիւ, մարդու իրաւունքների համակարգային վերահսկողութիւն իրականացնող խորհրդարանական գործիք։
Հայաստանում ոչ միայն պիտի երաշխաւորուած լինեն մարդու անօտարելի իրաւունքները, սահմանադրական նորմերն ու օրէնքի գերակայութիւնը, այլեւ դրանց իրացումը։
Մարդու արժանապատւութիւնը գերագոյն արժէք է։
Գործունէութիւնս կրելու է ներառական բնոյթ, այն է՝ մասնագիտական հանրութեան, քաղհասարակութեան եւ հանրութեան լայն շրջանակների ներգրաււածութիւն, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների հետ սերտ աշխատանք։
Ինձ համար առաջնահերութիւններ են
‒ Բաքւում պատանդառուած Հայ գերիների վերադարձը,
‒ Քաղաքական բանտարկեալների իրաւունքների պաշտպանութիւնն ու քաղաքական նպատակադրումներով հետապնդումների բացառումը,
‒ Միջազգային իրաւունքով պաշտպանուած արցախահայութեան բնական իրաւունքները։
Դէպի առաւել կենսունակ երկիր, ուր պաշտպանուած են ՀՀ բոլոր քաղաքացիների/ազգային փոքրամասնութիւնների/ քաղաքական, սոցիալական եւ մշակութային իրաւունքները, երկիր, որն ունակ է պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների իրաւունքներն ու օրինական շահերը։
ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻՆ!!!!!!
Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share