Արցախի ժողովրդի իրաւունքները սակարկութեան առարկայ չեն. Արա Պուլուզեան

Արցախի ժողովրդի իրաւունքները սակարկութեան առարկայ չեն. Արա Պուլուզեան

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում, արձագանգելով Նիկոլ Փաշինեանի՝ օգոստոսի 8-ին հնչեցրած այն յայտարարութեանը, որ «խաղաղութիւնն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտութիւն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրաւունքի մասին խօսոյթը չշարունակելը», նշեց․

«Մի քանի օր առաջ լսեցինք Դաւիթ Իշխանեանի ձայնը Բաքուի բանտից։ Նա մեզ արժանապատուութեան զգացում փոխանցեց, իսկ երէկ ականատեսը եղանք այս իշխանութիւնների պարագլխի քծնանքին ու շողոքորթութեանը Ալիեւին։ Դաւիթ Իշխանեանը եւ հայ գերիները, որոնք այսօր գտնւում են Արցախի ժողովրդի դէմ իրականացուած ցեղասպանութեան հեղինակների եւ կատարողների դատարանների առաջ, իրենց շատ աւելի արժանապատիւ են պահում եւ, փաստօրէն, աւելի են պաշտպանում հայ ժողովրդի իրաւունքներն ու պատիւը, քան Հայաստանի այսօրուայ իշխանութիւնները։

Արժանապատուութիւնը արդարութեան համար պայքարին նուիրուելու պատրաստակամութիւնն է, իրաւունքը չզիջելն է։ Մարդկութեան պատմութեան զարգացման եւ ազգերի պատմութեան մէջ նրանք են արժանի տեղ ունեցել, հերոսացել, ներշնչման աղբիւր դարձել, ովքեր պայքարել են յանուն արդարութեան, յանուն իրաւունքի։ Արժանապատիւ մարդու համար հոգ չէ՝ այսօր զնդանում է, թէ ազատութեան մէջ։ Կարեւորը յանուն վեհ գաղափարի սկզբունքային եւ քաջարի կեցուածքի առկայութիւնն է։

Իսկ միայն այսօրեական որկրամոլութեան եւ իշխանական աթոռների համար ստորաքարշները վաղ թէ ուշ պատմութեան աղբարկղում են յայտնուելու։ Պատմութեան անիւը նրանց դուրս է շպրտելու, եւ նրանք ունենալու են ֆրանգիւլների ու վասալների ճակատագիրը։ Դա անխուսափելի է։

Վստահ եմ՝ հայ ժողովուրդը արհամարհելու եւ նուաստութեան աթոռին է գամելու նաեւ մերօրեայ ֆրանգիւլներին։

Արցախի ժողովրդի իրաւունքները սակարկութեան առարկայ չեն։ Իրաւունքը փոխզիջման առարկայ չէ։ Իրաւունքի հիմքն արդարութիւնն է, իսկ արդարութիւնը համամարդկային արժէք է»։

Share