Խաղաղութիւնը չի կարող լինել անվտանգութեան հաշուին
Այո՛, հակամարտութիւնն ու դրանից բխող՝ Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, բռնագրաւուած տարածքների ազատագրման եւ միւս հարցերը պէտք է լուծուեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգաւորման եւ դրանք ծնող պատճառների վերացման։
Իրական խաղաղութեան հաստատման գործընթացում արցախահայութեան հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիւ, անվտանգ եւ միջազգայնօրէն երաշխաւորուած ապրելու իրաւունքի իրացում։
Մարդասիրական հարցերի վերջնական կարգաւորումն անհնար է առանց Բաքւում պահուող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց նման մարդասիրական հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղութիւն։
Խաղաղութիւնն անհնար է առանց Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուած ուժերի դուրսբերման։
Ինչ վերաբերում է արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքի եւ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նոյնացմանն ու հաւասարեցմանը՝ քաղաքական եւ իրաւական տեսանկիւնից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրաւունքի նոյնացումը Ադրբեջանի կողմից շրջանառուող «Արեւմտեան Ադրբեջան» թեզի հետ։
Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկուած բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնօրէն ճանաչուած իրաւունքն է՝ այդ թւում ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից։
Դրան հակառակ՝ «Արեւմտեան Ադրբեջանի» հայեցակարգը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած եւ իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։
Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խօսում արցախահայերի հաւաքական վերադարձի մասին, այլեւ ամէն կերպ հետապնդում է այդ իրաւունքի մասին բարձրաձայնողներին։
Եթէ ՀՀ գործող իշխանութիւնները մեծ ցանկութիւն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա դրան պէտք է հակադրել Բաքւում, Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի հետեւանքով իրենց ծննդավայրը լքած հազարաւոր հայերի իրաւունքների պաշտպանութեան հայեցակարգային մօտեցումները։
Ամփոփելով՝ իրական խաղաղութիւնն իսկապէս նպատակ է, որին պէտք է ձգտել, բայց խաղաղութիւնը չի կարող լինել անվտանգութեան հաշուին։ Խաղաղութիւնը պէտք է երաշխաւորի ազգի եւ պետականութեան անվտանգութիւնը, ոչ թէ վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկուողը ոչ միայն հեռու է խաղաղութիւնից, այլեւ հակադիր է բուն խաղաղութեան հայեցակարգին։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
