Նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, Հայաստանում յաճախ կիրառւում է որպէս պատիժ

Նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, Հայաստանում յաճախ կիրառւում է որպէս պատիժ

Բոլորին յայտնի է, որ նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, Հայաստանում յաճախ կիրառւում է որպէս պատիժ, յատկապէս Նիկոլ Փաշինեանի քաղաքական հակառակորդների, իրեն քննադատողների եւ ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն, ըստ հրապարակման, պարզւում է, որ մարդկանց կալանաւորելով ու բանտ ուղարկելով էլ յաճախ չեն բաւարարւում. կալանքի պայմանները եւս տարբեր մարդկանց համար տարբեր են։

Նախ՝ տարբեր են խուցերը։ Քաղաքական բանտարկեալներին, որպէս կանոն, տեղաւորում են աւելի վատ պայմաններ ունեցող խցերում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն նաեւ՝ ծանր քրէական յանցագործութիւնների համար դատապարտուած անձինք։ Եթէ սովորական քրէական յանցագործների համար թոյլատրուած է խցում ունենալ սառնարան, հեռուստացոյց, օդորակիչ եւ յարմար մահճակալ, ապա քաղաքական կալանաւորների դէպքում, ըստ հրապարակման, դրանք յաճախ արգելուում են։

Սամուէլ Կարապետեանին, օրինակ, ամռանը չեն թոյլատրել փոխանցել որեւէ հովացնող սարք, իսկ ձմռանը՝ նոյնիսկ վերմակ, այն պայմաններում, երբ խցում ջերմաստիճանը մօտ էր զրոյին, իսկ կալանավայրը մինչեւ Դեկտեմբերի 10-ը չէր ջեռուցուել։

Գագիկ Ծառուկեանի նախորդ կալանքի ընթացքում, ըստ հրապարակման, նրան ստիպել են քնել իր չափերից գրեթէ երկու անգամ փոքր մահճակալի վրայ, ինչը գործնականում անհնար է եղել։ Հեղինակը ենթադրում է, որ այժմ եւս իրավիճակը նոյնն է։

Հրապարակման համաձայն՝ գրեթէ բոլոր քաղաքական բանտարկեալների տեսակցութիւնները քննիչի կամ դատաւորի որոշմամբ արգելուում են։ Արեգնազ Մանուկեանի դէպքում, նշւում է, որ արգելուել է նոյնիսկ անչափահաս զաւակի հետ հանդիպումը։ Սահմանափակուել են նաեւ պատգամաւորների այցելութիւնները, եւ միայն փաստաբաններն են կարողանում տեսակցել կալանաւորներին, ինչը, ըստ հեղինակի, նպատակ ունի հոգեբանական ճնշման ենթարկել նրանց։

Հրապարակման մէջ նաեւ պնդւում է, որ այս լրացուցիչ սահմանափակումներն ու պայմանները սահմանւում են վերեւից, իսկ կալանավայրերի վարչակազմերն ու քննիչները պարբերաբար կալանաւորներին տեղեկացնում են, թէ դրանք իրականացւում են «առաջին դէմքի անձնական ցուցումով»։

«Հրապարակ»

Share