«Ժողովուրդ». Ծառուկեանի առիւծները խառնել են պետական համակարգը․ ներիշխանական բախումներ

«Ժողովուրդ». Ծառուկեանի առիւծները խառնել են պետական համակարգը․ ներիշխանական բախումներ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւններով՝ առիւծների առգրաւման գործողութիւնը լուրջ տարաձայնութիւնների պատճառ է դարձել Քննչական կոմիտէի, Երեւանի կենդանաբանական այգու եւ Սննդամթերքի անվտանգութեան տեսչական մարմնի (ՍԱՏՄ) միջեւ։ Կենդանիների տեղափոխման ընթացքում թոյլ տրուած սխալների հետեւանքով արդէն ողբերգական հետեւանք է արձանագրուել՝ սատկել է մէկ առիւծ։

Գագիկ Ծառուկեանի կալանաւորումից յետոյ հանրային քննարկումները չեն դադարում։

Մի կողմում իրաւապահների կողմից 70-ամեայ, դիմադրութիւն չցուցաբերող անձի նկատմամբ կիրառուած ուժի համաչափութեան հարցն է, միւս կողմում՝ նրա առանձնատնից առգրաւուած կենդանիների ճակատագիրը, որն օրէցօր աւելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։

Առգրաւման գործողութիւնների հետեւանքով արդէն արձանագրուել է առնուազն մէկ առիւծի մահ, իսկ միւս կենդանիների առողջական վիճակի վերաբերեալ մինչ օրս չի հրապարակուել պաշտօնական եւ ամբողջական տեղեկատուութիւն։

Քաղաքապետարանը, յղում անելով կարանտինային ռեժիմին, փաստացի սահմանափակել է լրագրողների մուտքը կենդանիների պահման վայր, ինչի հետեւանքով հանրութիւնը զրկուած է սեփական աչքով տեսնելու, թէ ինչ վիճակում են այսօր Ծառուկեանի կենդանիները։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրաւապահ աղբիւրների փոխանցմամբ, առիւծների պատմութիւնն արդէն վերածուել է միջգերատեսչական լուրջ հակասութիւնների։

Թերթի տեղեկութիւններով՝ կենդանիների առգրաւման սկզբնական փուլում Քննչական կոմիտէն դիմել է համապատասխան կառոյցներին՝ ապահովելու կենդանիների տեղափոխումն ու հետագայ պահպանումը։ Թէ դիմումն ինչ ձեւաչափով է եղել՝ գրաւո՞ր, թէ՞ բանաւոր, այս պահին յստակ չէ։ Սակայն խնդիրները սկսուել են հենց այդ փուլում։

Սկզբում Երեւանի կենդանաբանական այգին, տնօրենի պաշտօնակատար Արմէն Տէր Թովմասեանի գլխաւորութեամբ, պատրաստակամութիւն է յայտնել մասնակցելու գործընթացին։ Աւելին, այգին շտապել է տարածել պաշտօնական հաղորդագրութիւն՝ նշելով, որ կենդանիները տեղափոխուել են իր առաջարկով եւ այնտեղ ապրելու են աւելի բարենպաստ պայմաններում։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխուել է առաջին ողբերգական դէպքից յետոյ, երբ առիւծներից մէկը սատկել է։

Դրանից յետոյ կենդանաբանական այգու ղեկավարութիւնն ու Երեւանի քաղաքապետարանը, ոչ հրապարակաւ, սկսել են պարզաբանել, թէ նախապէս տեղեկացրել էին Քննչական կոմիտէին, որ չունեն բաւարար պայմաններ եւ տարածք Ծառուկեանի կենդանիներին ընդունելու համար, հետեւաբար չեն կարող կազմակերպել նրանց տեղափոխումն ու պահպանումը։

Ըստ նոյն պարզաբանման՝ գործընթացն իրականացուել է ՍԱՏՄ-ի միջամտութեամբ։

Այսպիսով, պետական երկու կառոյցներ փաստացի մատնանշում են տարբեր պատասխանատուութեան շրջանակներ։ Մինչդեռ հենց ՍԱՏՄ-ն էր այն մարմինը, որը պարտաւոր էր վերահսկել կենդանիների անասնաբուժական զննութիւնը, կարանտինային պայմանների ապահովումը, պահպանման ընթացակարգերը եւ կենդանիների առողջութեան հետ կապուած ամբողջ գործընթացը։

Համակարգում, սակայն, հարցադրում են անում, թէ արդեօք այդ պարտականութիւնները պատշաճ իրականացուե՞լ են։

Մասնագէտների գնահատմամբ՝ նման խոշոր գիշատիչների տեղափոխման ժամանակ պարտադիր է ապահովել ոչ միայն քնեցման դեղաչափի ճշգրտութիւնը, այլեւ կենդանու շնչառութեան անընդհատ վերահսկողութիւնը եւ, անհրաժեշտութեան դէպքում, թթուածնային ապահովումը։

Սակայն հրապարակուած տեսանիւթերում ակնյայտ երեւում է, որ տեղափոխուող առիւծների եւ վագրի բերաններին թթուածնային սարքեր չեն երեւում։ Չկան նաեւ մասնագիտական այլ պաշտպանիչ միջոցներ, որոնք նման գործողութիւնների ընթացքում սովորաբար կիրառւում են։

Աւելին, ըստ քաղաքապետարանից ստացուած տեղեկութիւնների, կենդանիների քնեցման գործընթացն իրականացրել են հենց ՍԱՏՄ-ի մասնագէտները, իսկ դրա հետեւանքով առնուազն մէկ առիւծ այլեւս չի արթնացել։

«Ժողովուրդ»-ը դիմել է Քննչական կոմիտէի մամուլի քարտուղար Կիմա Աւդալեանին՝ պարզելու, թէ ինչու են կենդանիները տեղափոխուել կենդանաբանական այգի, եթէ այնտեղ բաւարար պայմաններ չեն եղել։ Ի պատասխան՝ նա յայտնել է.

«Վարոյթն իրականացնող մարմնի կողմից կայացուած որոշման համաձայն՝ կենդանիները ճանաչուել են իրեղէն ապացոյց, որից յետոյ յանձնուել են «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վարչակազմի պատասխանատու պահպանութեանը։

Այն տեղեկութիւնները, թէ իբր Կենդանաբանական այգու պատասխանատուները մեզ տեղեկացրել են, որ չունեն բաւարար տեղ կենդանիների տեղափոխման համար, իրականութեանը չեն համապատասխանում։ Նման գրութիւն կամ նման խօսակցութիւն չի եղել։ Հորդորում եմ չտարածել նման զաւեշտալի տեղեկութիւններ»։

Այսպիսով, պետական մարմինները պատասխանատուութիւնը միմեանց վրայ են բարդում, մինչդեռ մինչ օրս որեւէ պաշտօնատար անձ չի ներկայացրել մասնագիտական եզրակացութիւն այն մասին, թէ ինչու սատկեց կենդանին, արդեօք պահպանուե՞լ էին բոլոր միջազգային չափանիշները եւ ո՞վ է կրելու տեղի ունեցածի պատասխանատուութիւնը։

Փաստացի ստեղծուել է մի իրավիճակ, երբ Քննչական կոմիտէն, Երեւանի կենդանաբանական այգին եւ ՍԱՏՄ-ն նոյն գործընթացի վերաբերեալ տարբեր մեկնաբանութիւններ են տալիս, իսկ ամենակարեւոր հարցը՝ կենդանիների ճակատագիրը, մնում է անպատասխան։

Այս պատմութիւնն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ, որը դժուար է անտեսել։ Դեռ օրեր առաջ Գագիկ Ծառուկեանը յայտարարել էր, որ եթէ որեւէ մէկը կարողանայ ապացուցել իր հասցէին հնչեցուած լրտեսութեան մեղադրանքները, ինքը կը համաձայնի Հանրապետութեան հրապարակում գնդակահարուել, իսկ եթէ դրանք սուտ են, ապա զրպարտողները պէտք է մտնեն իր որձ առիւծի վանդակը։

Նիկոլ Փաշինեանը հրապարակաւ արձագանգել էր. «Վանդակում կը նստի հենց Գագիկ Ծառուկեանը, որձն էլ իր հետ կը լինի, իսկ տունը կը դառնայ ծերանոց»։

Այսպիսով, ըստ հրապարակման, անմեղ կենդանիները դարձել են քաղաքական խօսոյթի եւ իշխանական հաշուեյարդարի անմեղ զոհերը։


Ծառուկեանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Մեզ անհրաժեշտ է ներքին, հանրային համերաշխութիւն

Գագիկ Ծառուկեան. «Անկախ բոլոր անարդարութիւններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին»

«Երեւան Կեդրոն» ՔԿՀ-ից յայտարարութիւն է տարածել «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը։

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինձնից կախուած ամէն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մէջ, չեմ քաշուել մի կողմ, չեմ ասել՝ կարեւորը իմ բարեկեցութիւնն է։ Հաւաքել եմ լաւ թիմ, մշակել ենք շատ լաւ ծրագիր, յայտարարել եմ, որ չունեմ անձնական որեւէ յաւակնութիւն, չեմ յաւակնել որեւէ պաշտօնի։

Պատրաստուել էի լաւ ծրագրային քարոզարշաւի, որը տեւեց, ցաւօք, ընդամէնը 4-5 օր։ Դրանից յետոյ՝ անձնական վիրաւորանքներ, ընտանիքիս անդամների թիրախաւորում, թիմակիցներիս ձերբակալութիւններ, քրէական գործեր եւ այլն։ Նոյնիսկ այդ պայմաններում յայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների եւ, առաւել եւս, նրանց ընտանիքների նկատմամբ որեւէ վիրաւորանք բացառում եմ։

Բոլոր հարուածներով ու յարձակումներով հանդերձ՝ «Բարգաւաճ Հայաստան»-ը հաւաքեց բաւարար ձայներ՝ Ազգային ժողով մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցաւ պարզ գողութիւն։ Գործող իշխանութիւնների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցութեան թոյլ չտուեցին լինել Ազգային ժողովում։ Մեր տասնեակ հազարաւոր ընտրողների իրաւունքները ոտնահարուեցին, նրանց ձայները փոշիացուեցին։ Ամէն ինչ կատարուեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։

Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին եւ անհատներին, որոնք, անկախ իրենց քաղաքական նախասիրութիւններից, իրենց ձայնը բարձրացրին անարդարութեան դէմ։ Սա շատ թանկ եւ երբեք չմոռացուող վերաբերմունք է։

Իմ նկատմամբ իրականացուող ակնյայտ կեղծ, սարքովի գործը այս ամէնի շարունակութիւնն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։

Ցաւօք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրաւէրների առջեւ։ Մեզ սպասում են բարդ ու վտանգներով լի ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմութիւն։

Մեզ նաեւ շատ անհրաժեշտ է, ինչպէս ասել եմ ընտրութիւններից առաջ եւ ասում եմ հիմա, ներքին, հանրային համերաշխութիւն։ Սա ասում եմ ես, ում նկատմամբ կատարուեց ամենամեծ անարդարութիւնը։

ԿԸՀ-ի եւ Սահմանադրական դատարանի որոշումները, քրէական գործերն ու կալանքը չեն կարող փոխել իմ մտածողութիւնը, իմ արժեհամակարգը։

Անկախ բոլոր անարդարութիւններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։

Ես մնում եմ ձեր Ծառուկեանը․ ում կարող եմ՝ օգտակար կը լինեմ, ինչով կարող եմ՝ կ՛օգնեմ իմ երկրին»։

Share