Դաւիթ Իշխանեան․ «Սա քաղաքական պատուէրով դատավարութիւն է»

Դաւիթ Իշխանեան․ «Սա քաղաքական պատուէրով դատավարութիւն է»

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դաւիթ Իշխանեանի պատգամը Բաքուի բանտից.

««Խաղաղութեան» դատավարութիւնը շարունակւում է։ Ինչպէս տեղեակ էք, այն այժմ վերաքննիչ դատարանում է։ Մենք շատ լաւ հասկանում եւ գիտակցում ենք, որ այս փուլը կրում է առաւելապէս ձեւական բնոյթ, եւ առաջին ատեանի դատավճռի հետ կապուած որեւէ փոփոխութիւն դժուար թէ լինի։ Սակայն, գիտակցելով, որ միջազգային դատարան տանող ճանապարհն անցնում է հենց այս փուլով, մենք դիմել ենք վերաքննիչ դատարան։ Այդ մասին էլ դատարանում յայտարարել ենք․ որեւէ գաղտնիք չկայ։

Նոյնիսկ որոշ պաշտպաններ արդէն դատական նիստում մտահոգութիւն են յայտնում, որ այսպիսի դատավարութեամբ եւ այսպիսի փաստերով միջազգային դատարան գնալը իրենց համար շատ ծանր եւ ամօթալի կը լինի։ Նրանք պաշտօնապէս, դատական ամբիոնից յայտարարում են, որ չեն ցանկանում այս ընթացքով հասնել միջազգային դատարան եւ պարտուել։ Թէ ինչ կը լինի հետագայում՝ այլ հարց է։

Դատարանը շարունակ խօսում է բաց դատավարութեան, արդարութեան եւ արդարադատութեան մասին, սակայն ինչպէս առաջին ատեանի դատարանում, այնպէս էլ հիմա որեւէ էական փոփոխութիւն չկայ։

Անցեալ շաբաթ իմ ելոյթն էր։ Ներկայացրի, թէ ինչու եմ դիմել վերաքննիչ դատարան։ Իմ խօսքը գրեթէ նոյնն էր, ինչ առաջին ատեանի դատարանում վերջին խօսքիս ընթացքում։ Ես կրկին ընդգծեցի, որ սա քաղաքական պատուէրով իրականացուող դատավարութիւն է, որը որեւէ կապ չունի քրէական յանցագործութիւնների հետ։ Սա էթնիք պատկանելութեան եւ ազգային ատելութեան հողի վրայ իրականացուող դատավարութիւն է, եւ ամբողջ գործընթացն ընթանում է այդ մթնոլորտում։

Նշեցի նաեւ, որ առաջին ատեանի դատարանը կոպտօրէն խախտել է Ադրբեջանի Հանրապետութեան քրէական դատավարութեան օրէնսգրքի պահանջները, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքները։

Իմ խօսքը, բնականաբար, բազմիցս ընդհատւում էր դատախազների եւ նաեւ դատաւորի անհիմն միջամտութիւններով։ Այնուամենայնիւ, ելոյթս հասցրեցի աւարտին եւ յօդուած առ յօդուած ներկայացրեցի, թէ ինչպիսի անհիմն ձեւակերպումների, զրպարտութիւնների, առանց ապացոյցների եւ յստակ փաստերի վրայ է հիմնուած դատավճիռը։ Ցոյց տուեցի, թէ ինչպէս են Ադրբեջանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքի յօդուածները կամայականօրէն կիրառուել եւ կոպիտ կերպով վերագրուել ոչ միայն ինձ, այլեւ բոլորիս։ Նոյնիսկ ասացի, որ սա ոչ թէ «կարուած գործ» է, այլ պարզապէս «կարկատան»։

Օրինակ՝ 1993 թուականին ծնուած անձին վերագրում են 1991-1994 թուականների ռազմական գործողութիւններին մասնակցութիւն, պնդում են, թէ դա դատարանում ապացուցուել է, արտացոլում են դատավճռում եւ արդիւնքում դատապարտում 15 տարուայ ազատազրկման։

Ինչպէս ասել եմ առաջին ատեանի դատարանում, այստեղ եւս յստակ յայտարարեցի, որ սա հայ ժողովրդի եւ հայկական պետականութեան դէմ բացուած դատավարութիւն է՝ յստակ ռազմավարութեամբ եւ հեռահար նպատակներով։

Մեզ համար ամենակարեւորը ողջախոհութիւնն է։ Մենք համբերատար, հետեւողական եւ նպատակասլաց շարունակում ենք մեր քայլերը։ Մեր ելոյթները արժանապատիւ են։

Ինչ վերաբերում է միջազգային դատարաններին եւ միջազգային ատեաններին, ապա դրանց նկատմամբ այստեղ վերաբերմունքը բացայայտ արհամարհական է։ Ամենածանրը, սակայն, այն է, որ մեր երեսին ասում են. «Եթէ ձեր իշխանութիւնները ոչինչ չեն անում եւ շահագրգռուած չեն ձեր վերադարձով, ապա ի՞նչ էք ուզում միջազգային դատարաններից։ Նրանք ի՞նչ կարող են անել»։

Սա է իրական վիճակը։

Արդէն լուրեր են շրջանառւում, որ հաւանաբար Գերագոյն դատարանը մեր գործերը չի ընդունի։ Փորձում են կանխակալ մթնոլորտ ստեղծել եւ տարբեր արհեստական միջամտութիւններով ազդել գործընթացի վրայ։ Օրինակ՝ արդէն մէկ տարի է, ինչ չի լուծւում մեր լիազօրութիւնների հարցը։ 2025 թուականի Օգոստոսից ի վեր թէ՛ ես, թէ՛ միւսներից մի քանիսը չենք կարողացել լիազօրութիւններ ձեւակերպել մեր հարազատների կամ իրաւապաշտպանների անունով։

Պատկերացրէք՝ մինչ այս պահը պաշտպանները դեռեւս իրենց տրամադրութեան տակ չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացութիւնը, ո՛չ էլ դատավճիռը։ Մեր պահանջներից յետոյ դատաւորը միայն որոշում կայացրեց, որ պաշտպաններին թոյլատրւում է դատավճռին ծանօթանալ էլեկտրոնային տարբերակով։ Այսինքն՝ նրանք նոյնիսկ չեն կարող ունենալ դրա պատճէնը իրենց մօտ։

Կրկնում եմ՝ մենք արժանապատիւ ելոյթներ ենք ունենում, սպասում ենք այս փուլի աւարտին եւ շարունակելու ենք հետեւողականօրէն իրականացնել մեր քայլերը։

Մնացած ամէն ինչ նորմալ է։

Լաւ մնացէք եւ պինդ եղէք»։

Ձայնագրութիւնը՝ այստեղ։

Share