Յուլիսի 6-ի լուսադէմին, երեք օր հիւանդանոցում գտնուելուց յետոյ, սրտի կանգի հետեւանքով կեանքից հեռացել է Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստ Արտաշէս Ալեքսանեանը։ Նա 64 տարեկան էր։
Արտաշէս Ալեքսանեանը ծնուել է 1961 թուականի Յուլիսի 17-ին, Երեւանում։ 1978 թուականին աւարտել է Լենինականի թիւ 33 ֆիզիքամաթեմատիկական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թուականներին ուսանել է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան Ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամեանի ղեկավարութեամբ, իսկ 1984-1988 թուականներին՝ Մոսկուայի Համամիութենական պետական կինոյի ինստիտուտում (ՎԳԻԿ)՝ Արմէն Ջիգարխանեանի ղեկավարութեամբ։
1986 թուականին նկարահանուել է Սվերտլովսկի կինոստուդիայում եւ «Ղազախֆիլմ»-ում։ 1988-1990 թուականներին եղել է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան Ազգային ակադեմիական թատրոնի դերասան։ 1990 թուականին նկարահանուել է «Երեք թագաւորների կռիւը» եւ «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում, որի համար արժանացել է «Տարուայ լաւագոյն դերասան» մրցանակին։
1991-1992 թուականներին մասնակցել է Արցախի ազատամարտին, եղել է ֆետայի եւ «Մահապարտների» ջոկատի պատուաւոր անդամ։ 1992-1994 թուականներին աշխատել է Երեւանի Մհեր Մկրտչեանի անուան Արտիստական թատրոնում, իսկ 1994-1996 թուականներին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի եւ հայկական մի շարք հեռուստաընկերութիւնների հետ։
1998-2001 թուականներին եղել է Չեխիայի «Մայր» թատրոնի բեմադրիչը՝ ներկայացնելով հինգ բեմադրութիւն՝ Ուիլիամ Շէյքսփիրի «Մաքբէթ», Լոփէ տէ Վեկայի «Շունը դեզի վրայ», Նիկոլայ Կոկոլի «Ռեւիզոր», Թ. Պրենտոյի «Չարլիի մօրաքոյրը» եւ Ռ. Քալինովսկու «Գազանը լուսնի վրայ» ստեղծագործութիւնները։
2003-2022 թուականներին նա կրկին ստեղծագործել է Երեւանի Գաբրիէլ Սունդուկեանի անուան Ազգային ակադեմիական թատրոնում՝ մարմնաւորելով բազմաթիւ դերեր։ Միաժամանակ դասաւանդել է Խաչատուր Աբովեանի անուան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Մշակոյթի ֆակուլտետում։ 2011 թուականին հիմնադրել է թատրոն-ստուդիա, որտեղ բեմադրել է «Հայերի դատը մարդկութեան դատն է» ներկայացումը։
Նրա բեմական աշխատանքների շարքում են «Արա Գեղեցիկ», Ուիլիամ Շէյքսփիրի «Համլէթ», Վահրամ Սահակեանի «Ժանգոտ բանալի», «Մաքբէթ», «Վասիլի արքայ» եւ «Յիշատակի օր 1915» ներկայացումները։
Արտաշէս Ալեքսանեանը նկարահանուել է նաեւ բազմաթիւ ֆիլմերում, այդ թւում՝ «Մեր բակը», «Ապու Լալա Մահարի», «Երեք թագաւորների կռիւը», «Ինկած բերդի իշխանուհին», «Մի՛ վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ռուսական տապան», «Յատուկ նշանակութեան ջոկատ», «Սուրը ամպերի մէջ», «Պանտիտական Պետերբուրգ» եւ «Մետալի հակառակ կողմը»։
Նա մասնակցել է նաեւ «Ճակատագրի գերիները», «Դժբախտ երջանկութիւն», «Եզրագծից այն կողմ», «Վերադարձ», «Ոստիկաններ», «Հարազատ թշնամի», «Առաջնորդները», «Պատուից աւելին», «Սարի աղջիկ», «Կոյր աշխարհ» եւ «Վերջին զանգ» հեռուստասերիալներին։
Արտաշէս Ալեքսանեանը նաեւ նկարիչ էր։ Չեխիայում ունեցել է իր ստեղծագործութիւնների երկու անհատական ցուցահանդէս։
Իր երկարամեայ ծառայութեան համար արժանացել է բազմաթիւ պետական եւ մասնագիտական պարգեւների, այդ թւում՝ «Վազգէն Սարգսեան» մետալի, «Յովհաննէս Բաղրամեան» եւ «Սասունցի Դաւիթ» շքանշանների, «Գարեգին Նժդեհ» մետալի, ՀՀ Մշակոյթի նախարարութեան ոսկէ մետալի եւ 2017 թուականին արժանացել է Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստի կոչմանը։ 2004 թուականին նրա անունը ներառուել է Հայկական սփիւռքի հանրագիտարանում՝ սփիւռքում հայապահպանութեան եւ հայկական մշակոյթի տարածման գործում ունեցած մեծ աւանդի համար։
