Ես, որպէս նախագահ, 2004 թուականին վաւերացրել եմ կառավարութեան որոշումը, վերջ

Ես, որպէս նախագահ, 2004 թուականին վաւերացրել եմ կառավարութեան որոշումը, վերջ

Յունիսի 19-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը հարցազրոյց է տուել Yerevan.Today, «5-րդ ալիք», Հայկական երկրորդ հեռուստաալիք, News.am, «Ժողովուրդ» օրաթերթ լրատուամիջոցներին։

Շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել, որովհետեւ երեք օր առաջ իմ վրայ որեւէ քրէական գործ չկար, ասել է Ռոբերտ Քոչարեանը։

«Աբսուրդ է ուղղակի, նոյնիսկ չգիտեմ, թէ ինչ ասեմ։

Ամբողջ այդ մեղադրանքի մէջ միայն իմ գործողութիւնը, որը ուղղակի նկարագրուած է, դա այն հանգամանքն է, որ ես, որպէս նախագահ, 2004 թուականին վաւերացրել եմ կառավարութեան որոշումը։ Վերջ։ Ուրիշ որեւէ գործունէութիւն, որեւէ կապ իմ հետ այս ամբողջ պատմութիւնը չունի։

Ուղղակի այստեղ խնդիրը հետեւեալն է. այն ժամանակուայ սահմանադրութեամբ՝ 1995 թուականին ընդունուած սահմանադրութեամբ, նախագահը վաւերացնում էր կառավարութեան որոշումները։ Դա պարտականութիւնն էր նախագահի եւ ոչ թէ հաստատում։ Ես այստեղ յատուկ ուզում եմ նշել, որովհետեւ քննիչի հետ խօսելիս ինքը փորձեց կիրառել այդ բառը՝ «բա դուք հաստատել եք որոշումը»։ Նախագահը չի հաստատում կառավարութեան որոշումները, նախագահը, այն ժամանակուայ կարգաւորումներով, սահմանադրական պահանջով վաւերացնում էր։

Սա նշանակում է մէկ բան. դու կապ չունես բովանդակութեան հետ։ Դու վաւերացնում ես, որ դա իսկապէս կառավարութեան որոշում է, եւ վաւերացնում ես, որ դա հրապարակուի»,- նշել է նա։

«Մարդ, ով ասում է, որ խնդիր չկայ՝ ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք տալ, ինչ չտալ, այդ մարդն ամենից շատը պէտք է աշխատի կառավարութեան պահակ, այլ ոչ թէ կառավարութեան ղեկավար, որովհետեւ սա ուղղակի արտառոց դէպք է։ Ինչ վերաբերում է իմ մեկնելուն՝ ես պէտք է թռնէի 14-ին, եւ հետվերադարձս ամսի 17-ին էր՝ երեք օր․ նախօրօք յայտարարել ենք իմ թռնելու մասին եւ յատուկ յայտարարել ենք՝ մտածելով, որ երեւի այսպիսի մի սադրանք կը փորձեն անել։ Հիմա սա է․ ամեն մի քաղաքացի պէտք է նաեւ մտածի, թէ ինչ աստիճանի է իր անձնական կեանքը պաշտպանուած Հայաստանի Հանրապետութիւնում։ Սա շարունակութիւնն է երեւի այս ընտրական գործընթացի ժամանակ համատարած գաղտնալսումների»,- ասել է Ռոբերտ Քոչարեանը։

Հարցազրոյցը՝ տեսանիւթում։

Share