«Հայաստան» դաշինքն դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվաւեր ճանաչել ընտրութիւնները

«Հայաստան» դաշինքն դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվաւեր ճանաչել ընտրութիւնները

Դաշինքի դիմումը ՍԴ են ներկայացրել փաստաբաններ Յովհաննէս Խուդոյանը, Տաթեւիկ Սողոյանը, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։

Յովհաննէս Խուդոյանը լրագրողների հետ զրոյցում յայտնել է, որ Սահմանադրական դատարան ներկայացուած դիմումի հիմքում դրուել են այնպիսի էական հանգամանքներ ու փաստարկներ, որոնք իրենց ամբողջութեան մէջ ցոյց են տալիս՝ ընտրութիւնները թափանցիկ չեն եղել եւ ընթացել են համակարգային խախտումներով։

Փաստաբանը չի բացառել, որ իրենք եւս, ինչպէս «Ուժեղ Հայաստան»-ը, կը միջնորդեն, որ ՍԴ որոշ դատաւորներ չմասնակցեն դիմումների քննութեանը, քանի որ փոխկապակցուած են ՔՊ-ի հետ։

Արծւիկ Մինասեանի խօսքով՝ իշխանութիւնը ինքը ոչ միայն գործադրել է ողջ վարչական ռեսուրսը, հանրութեան պատկանող ֆինանսական միջոցները ոչ միայն ընտրակաշառքի տեսքով տուել է ընտրողներին, նաեւ գործադրել է իր ամբողջ, այսպէս կոչուած, լիազօրութիւնները՝ բռնութեան ենթարկելու քաղաքացիներին։

«Մի մոռացէք, որ այս քարոզարշաւի ընթացքում նաեւ մարդ է մահացել քրեակատարողական հիմնարկում, մի մոռացէք, որ այս իշխանութիւնը Հայաստանում երբեւէ եղած ամենախայտառակ ընտրութիւններն անցկացրած իշխանութիւնն է։ Հիմա իրենք, բնական է, բարձրաձայնում են, թէ իբր ընդդիմադիրները ընտրակաշառքով են ընտրուել։ Աւելին՝ Նիկոլ Փաշինեանը հիմա էլ հրահրում է քաղաքացիական բախումներ, քաղաքացիական բախումների անոնս է անում»,- ասել է Արծւիկ Մինասեանը։

Նշենք, որ Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնները անվաւեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան»-ը, «Միասնութեան թեւեր»-ը եւ ԲՀԿ-ն։

Share