ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմն Իրանի դէմ դեռ աւարտուած չէ, չնայած ամերիկեան եւ իրանական նախագահների կողմից յուշագրի ստորագրմանը։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում յայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնը։
«Ես չեմ կարծում, թէ կարելի է ասել, որ այս հակամարտութիւնը վերջնականապէս կարգաւորուած է», — ասել է նա՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ գնահատել իրանական հակամարտութեան նախնական արդիւնքները։
Նա ողջունել է ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների կողմից կարգաւորման մասին յուշագրի ստորագրումը, որը, նրա խօսքով, յաջողուել է համաձայնեցնել «ինքնաբուխ», եւ դա տեղի է ունեցել «Եօթնեակի խմբի» (G7) գագաթնաժողովի վերջին ժամերին։ «Այս համաձայնագիրը նշանակում է հրադադար, որը վերաբերում է նաեւ Լիբանանին, ինչպէս նաեւ Հորմուզի նեղուցով նաւագնացութեան վերականգնում, — նշել է Մակրօնը։ — 60 օր անց մէզ մնում է որոշել, թէ ինչ քայլեր ձեռնարկել միջուկային ծրագրի եւ բալիստիկ հրթիռների վերաբերեալ, եւ արդեօք Իրանն իսկապէս դարձել է աւելի քիչ վտանգաւոր, քան նախկինում»։
Աւելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ն եւ Իրանը ստորագրեցին փոխըմբռնման յուշագիր, որը նախատեսում է մարտական գործողութիւնների անյապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թւում՝ Լիբանանում։ Իսրայելական կողմը յուշագրի շուրջ բանակցութիւններին չի մասնակցել։
