Ընդդիմութեան նկատմամբ իշխանութիւնների գործողութիւնները կապուած են Բաքուին արուող զիջումների հետ
Առաջին պաշտօնեան, որն ընտրութիւններից յետոյ ժամանել է Հայաստան, ընդ որում՝ դեռեւս դրանց արդիւնքների պաշտօնական հրապարակումից առաջ, դարձել է Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը, որը Դիլիջանում հանդիպել է Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորեանի հետ։ Յունիսի 15-ին ֆէյսբուքեան իր էջում տեսաուղերձով այդ մասին յայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ վերլուծելով երկրում վերջին ներքաղաքական իրադարձութիւնները։ Սաղաթելեանը նշել է, որ քանի դեռ Փաշինեանն այս օրերին ցուցադրաբար հեծանիւ է քշում Տաւուշում, կուլիսներում վճռւում են հարցեր, թէ յատկապէս ինչ է քննարկուել ու համաձայնեցուել Բաքուի հետ։ Սաղաթելեանի խօսքով՝ այդ հանդիպումից անմիջապէս յետոյ վարչապետի հնչեցրած յայտարարութիւնները՝ ընդդիմադիր ազգային ուժերին ձերբակալելու, կուլակաթափ անելու եւ ոչնչացնելու սպառնալիքներով, Ադրբեջանի նախագահի առջեւ ստանձնած պարտաւորութիւնների ուղղակի կատարումն են, ումից Փաշինեանը, հաւանաբար, պարզապէս լրացուցիչ ժամանակ է խնդրել քաղաքական դաշտը մաքրելու համար։
«Լսի՛ր, Փաշինեան, երկրի թիւ մէկ օրակարգը անվտանգութեան հարցերն ու տնտեսութեան խնդիրներն են, որը դու հասցրել ես կոլապսի, ինչպէս նաեւ քո կեղծուած ընտրութիւնները, այլ ոչ թէ ընդդիմադիր գործիչների ձերբակալութիւնները»,- ընդգծել է Իշխան Սաղաթելեանը։
Նա կառավարութեան ղեկավարին կոչ է արել հանրութեանը բացայայտ պատասխանել՝ պատրա՞ստ է արդեօք յանձնել նոր տարածքներ, գնալ անօրինական քայլերի՝ Սահմանադրութիւնը փոխելու համար, եւ ե՞րբ է ծրագրում փոխանցել այսպէս կոչուած անկլաւները։ Սաղաթելեանը յաւելել է, որ ապօրինի ձերբակալութիւնների օգնութեամբ իշխանութիւնը փորձում է արհեստական օրակարգ ստեղծել եւ բնակչութեան ուշադրութիւնը շեղել հիմնարար մարտահրաւէրներից, եւ ամփոփել է, որ Փաշինեանը չունի ո՛չ լեգիտիմութիւն, ո՛չ մանդատ՝ Ալիեւին տուած խոստումները կատարելու համար։
