Ընթերցողին է ներկայացւել «Դրօշակ»-ի մայիսի համարը։ 2026 թ. մայիսը անհանգիստ, եթէ չասենք փոթորկուն էր Հայաստանի համար։ Վերջին տարիներին մայիսը խառն եւ հակասական զգացումներ է առաջացնում հայ ժողովրդի մօտ։ Իսկ այս անգամ այդ տրամադրութիւնները դրսեւորւում էին խորհրդարանական ընտրութիւնների խորապատկերին, որոնքն իրենց մէջ էին ներառել, ողջ Հանրապետութիւնը։ Բնականաբար այս ամէնը չէր կարող իր արտացոլումը չգտնել «Դրօշակ»-ի մայիսեան համարում։ Շատերի գնահատմամբ այս տարւայ ընտրութիւնները չի կարելի հերթական կամ սովորական համարել, դրանք ունեն ճակատագրական բնոյթ Հայաստանի ու հայ ժողովրդի համար։
«Դրօշակ»-ի հեղինակները իրենց ներկայ հրապարակումներում զուգահեռներ են տանում 1918 թւականի պատմական օրերի եւ ներկայ իրողութիւնների միջեւ, վկայակոչում են հայութեան համար շարունակւող մեծագոյն կորուստների պահին սեփական ներուժին ապաւինելով հայրենիքի վերջին բեկորները փրկելու փաստին եւ, ինչպէս հարիւր տարի անց այլ իշխանութիւններ պառակտեցին ազգը, սերմանեցին վախի ու յուսահատութեան տրամադրութիւններ, եւ սկսեցին պաշտպանութիւն ու խաղաղութիւն մուրալ օտարներից, անգամ թշնամուց՝ որի հետ երկիրը փաստացի պատերզմական վիճակի մէջ է։
Պաշտօնաթերթի հեղինակները անդրադառնում են այն արմատական կորուստներին, որոնք երկիրը դեռ կարող է կրել, գործող իշխանութեան վերարտադրութեան պարագայում։ Ընտրութեան հարցը իհարկէ առանցքային է եւ կարմիր թելի նման անցնում է ներկայացւող յօդւածների միջով։
Արեւելագէտներ Լիանա Պետրոսեանը եւ Նարէ Գէորգեանը լուսաբանում են համապատասխանաբար Ադրբեջանում եւ Թուրքիայում պետականօրէն կազմակերպւած այն քարոզչական եւ քաղաքական նախաձեռնութիւններին, որոնց միջոցով տւեալ երկրները փորձում են ազդել Հայաստանի ընտրութիւնների վրայ։ Քաղաքագէտ Վահէ Դաւթեանը անդրադառնում է Հայաստանի էներգետիկ համակարգերի շուրջ խմորւող գործընթացներին, որոնք կարող են Հանրապետութեան այս ներուժի համար կործանարար հետեւանքներ ունենալ ներկայ ընթացքով շարունակւելու դէպքում։
Քաղաքագէտ Մարի Յովհաննիսեանը անդրադառնում է 1991 թւականի մայիսին Գետաշէնի ու Մարտունաշէնի անկման ողբերգական իրադարձութիւններին։ Հեղինակը ներկայացնում է այն վայրագութիւնները, որոնք պետականօրէն կազմակերպւած «Օղակ» գործողութեան միջոցով իրականացւեցին բնիկ հայութեան նկատմամբ, երբ վայրագ, սադիստական ոճրագործութիւններով դատարկւեցին հազարամեայ հայկական գիւղերի բնակիչները։
Ընթերցողը «Դրօշակ»-ի մայիսեան համարում կը գտնի այլ հետաքրքրական հրապարակումներ եւս:
«Դրօշակ»-ի 2026 թ. 5-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:
Ներբեռնել համարը «Դրօշակ» թիւ 5 2026 թ.
