«Բլոկադա»-ն ստիպում է վերյիշել Արցախի 287 օրը

«Բլոկադա»-ն ստիպում է վերյիշել Արցախի 287 օրը

Եթէ հնարաւոր լինէր գոնէ մէկ օրով վերադառնալ Արցախ: Հաստատ այս միտքը շատերիս գլխում է պտտւում։ Թեեւ հիմա դա տեսականօրէն անել հնարաւոր չէ, բայց ոչինչ չի կարող խանգարել յիշողութիւններով հասնել այնտեղ։

«Բլոկադա» ներկայացումը նման հնարաւորութիւն է տալիս ու ստիպում վերյիշել 287 օր տեւած շրջափակման տխուր ու երջանիկ, քաղցած ու հայրենիքով կուշտ օրերը, երբ կարեւորը՝ չէր մարել յոյսն ու ոտքերով ամուր զգացւում էր հայրենի հողը։

Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միջանցքներում ու դահլիճում լսւում էին Արցախի բարբառով զրոյցներ։ Բեմում այն հնչում էր Մարջան Աւէտիսեանի (Աստղիկ) ու դեդոյի՝ Շանթ Հովհաննիսեանի շուրթերից։ Նրանք Արցախի երկու պատերազմների թոհուբովով անցած ու իրենց սիրելինէրին կորցրած հարս ու սկեսրայր են, որոնց փրկում են Աստղիկի հումորով սուր լեզուն եւ դեդոյի լաւատեսութիւնը, ինչպէս նաեւ տան դուստրը՝ Մանէն (Էլէն Գեւորգեան)։

Երբ թւում է՝ նրանց կեանքում ոչինչ տեղի չի ունենում ու շուրջը ոչինչ չի փոխւում, պապիկի հրաւէրով հիւր են գալիս Արցախում վիրաւորում ստացած Հայկը (Բորիս Մելքոնեան), նրա քոյր Աննան (Մարիամ Ալեքսանեան) ու ամուսինը՝ Աւետիքը (Վաչէ Երիցեան)։

Յաջորդ օրուանից սկսւում է շրջափակումը՝ շատացնելով ամէն տեսակ զրկանքները, բայց մեծացնելով մարդկանց սրտէրն ու փոխելով նրանց ներաշխարհը։ Թեեւ շրջափակման հանգուցալուծումը բոլորիս յայտնի է, բայց կարեւոր է, թէ հերոսներից իւրաքանչիւրն ինչ է իր հետ տանում ու ինչպէս գտնում Արցախում մնալու ելքը։

Ներկայացման աւարտին սեղանին դրուած աթոռները, տնական օղու շիշը, հէնց լքելու պահին մաքրուած յատակն ու ընտանեկան ալբոմը յուշում են, որ դա դեռ աւարտը չէ։ Հերոսները հեռանում են, որ մի օր վերադառնան:

Ռեժիսոր Սեդրակ Գոջամանեանը պատմում է, որ ներկայացումը ստեղծելու գաղափարն Արմէն Պետրոսեանինն է. «Մի քիչ անսովոր է թւում, որ առաջարկել է Մենչը, քանի որ նա աւելի շատ յայտնի է իր հումորային նախագծերով։ Միշտ ասում եմ, որ մի գարնանային առաւօտ ես ու Արմենը նախաճաշի էինք գնում, եւ նա պատմեց՝ նկարահանումների գնալիս արցախցի վարորդների է հանդիպում, որոնք այս քաղաքում իրենց լքուած են զգում։ Արագ մտայղացումը ծնուեց, եւ Արմենի առաջարկով ընտրեցինք շրջափակման թեման։ Ամէն ինչ շատ արագ տեղի ունեցաւ. մի քանի օրից սցենարիստ Անի Մաղաքեանի հետ խօսեցինք ու դերասանական կազմն ընտրեցինք»:

Գոջամանեանի խօսքով՝ թեման բարդ ու պատասխանատու է։ Նա զուգահեռ է տանում քաղցկեղով հիւանդների հետ: Բուժուելու համար հոգեբանները նրանց խորհուրդ են տալիս նախ ընդունել հիւանդութիւնը։ Միայն դրանից յետոյ է հնարաւոր լինում պայքարել. «Պետք է հասկանանք պարտուելու պատճառները։ Եթէ դա կարողանանք անել, ապագայում շատ յաղթանակներ կը լինէն։ Հասկանում էինք, որ պէտք է ներկայացման աւարտին հանդիսատեսին յոյս տանք, ինչն էլ արեցինք»։

Սցենարիստ Անի Մաղաքեանը «Բլոկադա» ներկայացմամբ նորամուտը նշեց թատրոնում։ Խոստովանում է, որ պիեսը գրելը բարդ է եղել, քանի որ թեման ու դրա հետ կապուած վէրքերը դեռ շատ թարմ են. «Սեդրակի հետ փորձել ենք իրականութիւնը ցոյց տալ։ Գրելիս վերյիշել եմ, թէ պատերազմի ու շրջափակման ժամանակ արցախցի ընկերներս ինչ են ինձ պատմել: Նաեւ շատ եմ ուսումնասիրել համացանցում եղած հարցազրոյցներն ու արցախցիների յուշերը։ Օգտուել եմ բոլոր հասանելի աղբիւրներից, որպէսզի պատկերը հնարաւորինս ճշգրիտ լինի»։

Մաղաքեանի խօսքով՝ հայերի գլխաւոր խնդիրն այն է, որ իրար տարանջատում են ըստ մարզերի ու բարբառների։ Ուզում էին ցոյց տալ, որ էական չէ, թէ ամէն մէկս որտեղից ենք ու ինչ բարբառով ենք խօսում, բոլորս էլ հայ ենք ու մեր դռները պէտք է միմեանց առաջ բաց լինէն։

«Վախենալու է, թէ յատկապէս արցախցիներն ինչպէս կ’ընդունեն ներկայացումը։ Այդ ամէնի միջով անցած մարդիկ որքա՞ն իրական կը համարէն մեր արածն, կդիպչի՞ իրենց սրտին։ Երբ նրանց դուր գայ, գործը ստացուած կը համարեմ»,- աւելացրել է պիեսի հեղինակը։

Յաջորդ անգամ հանդիսատեսը «Բլոկադա»-ն դիտելու հնարաւորութիւն կ’ունենայ մայիսին երբ թատերախումբը հիւրախաղերով կմեկնի Միացեալ Նահանգներ:

Պատրաստեց՝ Յասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դաւիթ Ղահրամանեանի
BRAVO.am


Կիրակի, Մայիսի 17-ին, ՀԲԸՄ ներկայացումների կենտրոնում(Փասադինա) կը բեմադրուի «Բլոկադա» ներկայացումը: Սա բացառիկ առիթ է Հարաւային Կալիֆորնիայի հանդիսատեսի համար:

Տոմսերի համար այցելել այստեղ, կամ հեռախօսել 818.256.0506 համարով:

Share