Երեւան: Մեդիամաքս: Հայ բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) նուիրումը Հայաստանի Հանրապետութեանն ու Հայ Առաքելական Եկեղեցուն անսասան է։
Այդ մասին ասել է ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնեանը՝ միութեան 120-ամեակի կապակցութեամբ ուղերձում:
«Այն, ինչ սկիզբ առաւ 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի Կահիրէ քաղաքում՝ մի ժողովասրահում, այսօր վերաճել է աշխարհում ամենախոշոր շահոյթ չհետապնդող հայկական կազմակերպութեան. անուն, որին ծանօթ են աշխարհի բոլոր հայերին ու որը վայելում է նրանց վստահութիւնը։
Այս տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն հաւատարիմ է մնացել իր հիմնադիրների տեսլականին ու յանձնառութեանը, այն է՝ կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական եւ մարդասիրական ծրագրերի միջոցով բարելաւել աշխարհասփիւռ հայութեան կեանքը՝ վերջնանպատակը դարձնելով ողջ հայութեան բարգաւաճումն ապահովելը։
Պետք է նշեմ նաեւ, որ հիմնադիրները վճռական են տրամադրուած եղել՝ զերծ մնալու քաղաքական որեւէ պատկանելութիւնից եւ ուշադրութիւնը սեւեռել են հայ ժողովրդի համընդհանուր բարօրութեանը ծառայելու գործին։ Այս ոգին իր արտացոլումն է գտել նրանց կարգախօսի մէջ՝ «Միութիւնը զօրութիւն է», որը սերունդներից իւրաքանչիւրին յիշեցնում է, որ հայերի հզօրացման բանալին տեսակէտների, համոզմունքների, տնտեսական կարգավիճակի կամ ծագման բազմազանութիւնն ընդունելն ու այդ ամէնը բոլորին միաւորող նպատակին ծառայեցնելն է», — ասուած է ուղերձում:
«Հայաստանի Հանրապետութեանն ու Հայ Առաքելական Եկեղեցուն մեր նուիրումն անսասան է։ Դա մէզ թոյլ է տալիս առաջնորդել նպատակային, գործել արդիւնաւետ եւ մարտահրաւէրների մէջ գտնել հնարաւորութիւններ։ Համաշխարհային պատերազմների, տեխնոլոգիական յեղափոխութիւնների, փոփոխուող ժողովրդագրութեան, վերաձեւուող քարտէզների ու քաղաքական վերադասաւորումների պայմաններում ՀԲԸՄ-ն յաջողում է շարժուել ժամանակին համընթաց։
Մեզ բաժին է հասել մի ժառանգութիւն, որով անսահման հպարտ ենք, սակայն երբեք չենք թուլացնում մեր զգօնութիւնը, քանզի աշխարհը փոփոխւում է առաւել արագ, քան երբեւէ, իսկ անորոշութիւնն այսօր պարտադրում է, որ մէկ քայլ առաջ մտածենք վաղուայ օրուանից», — ասել է Սեմ Սիմոնեանը:
