Կանադայի թեմի առաջնորդը ուղերձով դիմել է Հայ Առաքելական Եկեղեցու քահանայ հայրերին

Կանադայի թեմի առաջնորդը ուղերձով դիմել է Հայ Առաքելական Եկեղեցու քահանայ հայրերին

Կանադայի թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմեանը ուղերձով դիմել է Հայ Առաքելական Եկեղեցու քահանայ հայրերին՝ Հայաստանում եւ սփիւռքում:
Ուղերձում, մասնաւորապէս, ասուած է.

«Այս օրերին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անցնում է ծանր փորձութիւնների միջով, երբ վտանգուած է նրա միասնութիւնը, առկայ է պառակտման սպառնալիք, երբ խռովութեան ու գայթակղութեան ալիքները փորձում են խաթարել ներէկեղեցական եւ ներազգային խաղաղութիւնը, յատկապէս դոյ՛ւք, որ ծառայում եք Հայաստանում, ձեր կեցուածքով վկայեցիք, թէ ի՛նչ է նշանակում լինել ճշմարիտ հովիւ. դուք չխոնարհուեցիք իշխանութեան պահանջների եւ ճնշման առջեւ, չտատանուեցիք, չուախեցաք՝ հաւատարիմ մնալով դարերով սրբագործուած Աւանդութեանը, Հայ Առաքելական Եկեղեցու սկզբունքներին ու կանոններին, մեր հոգեւոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:

Այն պահին, երբ ձեզանից սպասւում էր զիջում, դաւաճանութիւն եւ դաւադրութիւն, ճշմարտութեան խեղաթիւրում, դուք ցուցաբերեցիք անսասանութիւն եւ բարձր պահեցիք քահանայի արժանապատուութիւնը: Երբ առաջարկւում էր յարմարաւետութիւն, դուք ընտրեցիք խաչը՝ հաւատարիմ մնալով քահանայական կոչմանը, կանգնեցիք Աստծու եւ ժողովրդի միջեւ՝ առանց խեղաթիւրելու ճշմարտութիւնը եւ առանց դաւաճանելու խղճին»:

Share