Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ յունուարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսեանը։

Ժողովը բացուեց Տերունական աղօթքով, որից յետոյ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Ժողովի օրակարգում ընդգրկուած էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին առնչուող հարցեր։ Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների եւ ստեղծուած իրավիճակի մասին զեկոյցով հանդէս եկաւ ի.գ.դ. տիար Գեւորգ Դանիելեանը։


Ընդգծուեց, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն յուզող խնդիրները քննւում են եկեղեցական սահմանուած կարգով համապատասխան կառոյցներում ու առաջադրւում համարժէք լուծումներ։ Նշուեց, որ շրջանառուող «ներէկեղեցական հակադրութիւնների» թեզը արհեստածին է եւ նպատակ ունի օրինականացնել իշխանութիւնների ապօրինի միջամտութիւնը Եկեղեցու ներքին գործերին։ Արձանագրուեց նաեւ, որ 2025թ. մայիսի վերջից իշխանութեան նախաձեռնած հակաեկեղեցական արշաւը ստացել է համակարգուած բնոյթ՝ ուղեկցուելով հակասահմանադրական գործողութիւններով, քրէական հետապնդումներով եւ հոգեւորականների նկատմամբ բռնաճնշումներով։
Գերագոյն հոգեւոր խորհուրդն իր գնահատանքը յղեց Հայ Եկեղեցուն իրենց աջակցութիւնը ցուցաբերած հաւատաւոր ժողովրդին, ինչպէս նաեւ կառոյցներին եւ առանձին անհատներին, ովքեր օրինական քայլերով իրենց վճռական դիրքորոշումն են արտայայտում ի պաշտպանութիւն Եկեղեցու իրաւունքների։ Քաղաքականութեան մէջ Եկեղեցու ներգրաւուած լինելու մեղադրանքը անհիմն եւ անընդունելի համարելով՝ ԳՀԽ-ը մերժելի նկատեց իշխող ուժի կողմից արհեստական օրակարգերի ձեւաւորմամբ Հայ Եկեղեցին քաղաքական գործընթացների մէջ ներքաշելու փորձերը, ինչը նոր բաժանումներ ու հակառակութիւններ է առաջ բերում ազգային կեանքում։
ԳՀԽ-ն նաեւ իր մտահոգութիւնն արտայայտեց տասը եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ կեցուածքի, հանրային ելոյթներում Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին հնչեցրած զրպարտիչ յայտարարութիւնների ու մեղադրանքների առնչութեամբ։ Ժողովականները խստօրէն դատապարտեցին եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնուած եւ անթաքոյց հովանաւորուող «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարէնորոգման ծրագրին», ինչպէս նաեւ ՏԻՄ ղեկավարների, իրաւապահ եւ ուժային կառոյցների ներգրաւմամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրուող ապօրինի ճնշումներն ու սպառնալիքները։
Գերագոյն հոգեւոր խորհուրդը յորդորեց հոգեւորականներին չտրուել հակաօրինական պարտադրանքներին եւ, հաւատարիմ մնալով իրենց կոչմանը, առաջնորդուել բացառապէս Հայոց Եկեղեցու կանոնական կարգով։
Քննարկելով առկայ իրադրութեան յաղթայարման ուղիները՝ որոշուեց նախորդ տարեվերջին հրաւիրուած եւ ժամանակաւորապէս յետաձգուած Եպիսկոպոսաց ժողովը եւ աղոթական առանձնացումը կազմակերպել փետրուար ամսուայ ընթացքում։

Share