2026-ի յունիսին սպասուող ընտրութիւնների ժամանակ ռեժիմն արտաքին օգնութիւն է խնդրել ընտրութիւններում “հպարտ քաղաքացիներին” յաղթելու համար:
Ստեփան Դանիելեան
ԵՄ արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայայ Կալասն ասել է, որ 2026 թուականի յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից առաջ Հայաստանը օգնութիւն է խնդրել ԵՄ-ից։
Կալասն ասել է, որ այդ հարցը քննարկուելու է այսօր Բրիւսելում՝ ԵՄ անդամ պետութիւնների ԱԳ նախարարների եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի աշխատանքային նախաճաշի ընթացքում, հաղորդում է Ազատութիւնը:
«Հայաստանում յաջորդ տարի ընտրութիւններ են, եւ մենք պէտք է տեսնենք, թէ ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մէզ՝ խնդրելով արտաքին միջամտութեան դէմ պայքարում նոյնպիսի աջակցութիւն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», — նշել է Կայայ Կալասը։
Մեդիամաքսը նշում է, որ դեկտեմբերի 9-ին ելոյթ ունենալով Եւրոպական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստում, Կայայ Կալասն ասել էր.
«Մենք տեսնում ենք, որ որքան մերձենում է երկիրը Եւրոպական միութեան հետ, այնքան ուժգնանում է ճնշումը չարամիտ արտաքին ազդեցութեան կողմից:

Ռուսաստանը եւ նրա պրօքսիները ուժեղացնում են ապատեղեկատուական արշաւները, այդ թւում Հայաստանում՝ յաջորդ տարուայ ընտրութիւններին ընդառաջ: Մոլդովան այս տարուայ հիմնական թիրախն էր, բայց նաեւ լաւագոյն ապացոյցը, որ այդ մարտահրաւէրը յաղթահարելի է:
Մենք կը շարունակէնք մոբիլիզացնել Արտաքին գործողութիւնների ծառայութեան միջոցները, որոնք ստեղծել ենք վերջին տասնամեակում՝ միաժամանակ աջակցելով քաղաքացիական հասարակութեանը եւ ազատ մեդիային: Ինչպէս սովորեցինք Մոլդովայից, արտաքին միջամտութեանը հակազդելու եւ ընտրութիւնների մաքրութիւնը պաշտպանելու համար անհրաժեշտ է «ամբողջ հասարակութիւն» մօտեցումը»:
2026-ի յունիսին սպասուող ընտրութիւնների ժամանակ ռեժիմն արտաքին օգնութիւն է խնդրել ընտրութիւններում “հպարտ քաղաքացիներին” յաղթելու համար: Սա Սահմանադրութեան եւ ինքնիշխանութեան ոչ միայն կոպիտ խախտում է, այլ՝ պետական յանցագործութիւն, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիելեանը:
«Փաստօրէն, հրապարակայնօրէն Հայաստանն արտաքին կառավարման տակ է յայտնւում ու դա արւում է բացայայտօրէն, Հայաստանի պաշտօնական իշխանութեան խնդրանքով:
Բացարձակապէս կարեւոր չի, թէ որ աշխարհաքաղաքական կենտրոնին ես յանձնում ինքնիշխանութիւնդ, կարեւորը փաստն է։
Արդէն ոչ մի կարմիր գիծ, ոչ մի օրէնք ու օրինականութիւն, Սահմանադրութիւն գոյութիւն չունի: Մնում է վերջին կարմիր գիծը, պաշտօնապէս պետականութեան լուծարումը, որն, իհարկէ, կարուի հանուն «ինքնիշխանութեան» ու «անկախութեան», նշել է քաղաքագէտը:
