Ռուսաստանն ու Թուրքիան աւելի են հեռանում միմեանցից

Ռուսաստանն ու Թուրքիան աւելի են հեռանում միմեանցից

Ներկայացնում ենք Carnegie հիմնադրամի փորձագէտ, արեւալագէտ Ռուսլան Սուլեյմանովի Время выбирать. Почему Россия и Турция все больше отдаляются друг от друга յօդուածի հայերէն թարգմանութիւնը, որե հրապարակել է Մէդիամաքս կայքը:

Թարգմանութիւնը՝ Մարիա Սադոյեանի

Թուրքիային համար աւելի ու աւելի դժուար է կողմնորոշուել Ռուսաստանի եւ արեւմտեան երկրների միջեւ։ 2022 թուականին ռուս-թուրքական առեւտրաշրջանառութեան գրեթէ կրկնապատկուելուց յետոյ համագործակցութեան մասշտաբները արագօրէն նուազում են։ Սա յատկապէս նկատելի է էներգէտիկ ոլորտում. նաւթ, գազ եւ միջուկային էներգիայ։ Իսկ թուրքական զէնքի մատակարարումը Ուկրաինայ, թուրքամէտ ապստամբների իշխանութեան գալը Սիրիայում, Մոսկուայի դուրս մղումը Հարաւային Կովկասից եւ Թուրքիայի դերի վերագնահատումը ՆԱՏՕ-ում՝ Ռուսաստանի հետ բախման սպառնալիքի պայմաններում, միայն մեծացնում են անվստահութիւնը Մոսկուայի եւ Անկարայի միջեւ։

Ուկրաինական իրավիճակը

Նոյեմբերի 17-ին ռուսական ուժերը Օդեսայի շրջանում հրետակոծութեան ժամանակ հարուածեցին թուրքական դրօշի ներքոյ նաւարկող հեղուկացուած բնական գազի լցանաւին։ Ամբողջ անձնակազմը տարհանուեց, ոչ ոք չտուժեց։ Միջադէպը կարելի էր փորձել սխալի վերագրել, բայց խնդիրն այն է, որ սա ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին նման դէպքը չէ։

Այս տարուայ օգոստոսին, օրինակ, Մոսկուան յարձակուեց Կիեւի մօտ կառուցուող Bayraktar գործարանի վրայ, որն արտադրում է թուրքական անօդաչու թռչող սարքեր, իսկ 2023 թուականի օգոստոսին նախազգուշական կրակոցներ արձակեց Սեւ ծւում Պալաուի դրօշի ներքոյ նաւարկող թուրքական «Şükrü Okan» նաւի վրայ։

Ռուսաստանի իշխանութիւնները բազմիցս դժգոհել են, որ Անկարան զէնք է մատակարարում Ուկրաինային։ Իր հերթին Թուրքիան, որը մնում է երկու պատերազմող երկրների միջեւ հիմնական միջնորդը, ակնյայտօրէն դժգոհ է կարգաւորման հարցում Մոսկուայի մօտեցումից։ Որպէս միջնորդ՝ Անկարան ոգեւորուած չէ ո՛չ Կրեմլի մաքսիմալիստական պահանջներով, ո՛չ էլ Ստամբուլում բանակցութիւններին ուղարկուած ցածր մակարդակի պատուիրակութեամբ։

Թուրքական իշխանութիւնները, որոնք հետեւողականօրէն պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը, ինչպէս նաեւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու իրաւունքը, շարունակում են պնդել, որ բանակցութիւններում լուրջ առաջընթացի համար անհրաժեշտ է երկու պատերազմող կողմերի առաջնորդների հանդիպումը։

(Ան)վստահութեան խնդիրը

Ուկրաինայի շուրջ տարաձայնութիւնները պատերազմի չորս տարուայ ընթացքում
Մոսկուայի եւ Անկարայի միջեւ կուտակուած բազում խնդիրների սառցաբեկորի գագաթն են միայն։

«Իմ սիրելի՛ բարեկամ։ Դուք գիտեք, որ մենք ցանկանում ենք Ձեզ հիւրընկալել մեր երկրում։ Սա ուժի մէջ է մնում, եւ մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը»։ Այս խօսքերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակներում, սկսեց բանակցութիւնները Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպէս երեւում է այս մէջբերումից, Ռուսաստանի նախագահը չի շտապում ընդունել հրաւէրը։ Եթէ անցեալ տարի Կրեմլը դեռեւս քննարկում էր այցի նախապատրաստական աշխատանքները եւ Թուրքիան նոյնիսկ նշում էր դրա մօտաւոր ամսաթուերը, այսօր այդ հարցն օրակարգում չէ։ Հասկանալի է, որ Պուտինի՝ ճանապարհորդելու դժկամութիւնը կապուած է թէ՛ Հաագայի ձերբակալութեան հրամանագրի, թէ՛ այն փաստի հետ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, թէ՛ թուրքական կողմի նկատմամբ ընդհանուր անվստահութեան հետ։

Այս անվստահութիւնն աւելի է սրւում, քանի որ եւրոպական անվտանգութեան ամրապնդման գործում Վաշինգտօնի եւ Բրիւսելի միջեւ տարաձայնութիւնների ֆոնին Թուրքիայի դերի հարցն առաւել հրատապ է դառնում։ Շատ պաշտօնեաներ եւ փորձագէտներ, այդ թւում՝ ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէն, կոչ են անում ԵՄ առաջնորդներին ակտիւացնել պաշտպանական ոլորտում համագործակցութիւնը Էրդողանի հետ։

Արդիւնքում, օրինակ, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, որոնք մի քանի տարի դէմ էին Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչներ վաճառելուն, հաշուած ամիսների ընթացքում համաձայնութեան եկան Անկարայի հետ ինքնաթիռների վաճառքի վերաբերեալ։ Հոկտեմբերին Անկարան ու Լոնդոնը ստորագրեցին 10,7 միլիարդ դոլարի համաձայնագիր՝ Թուրքիային քսան Eurofighter Typhoon մատակարարելու համար։ Նշանակալից է նաեւ, որ 2026 թուականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կ’ունենայ հէնց Անկարայում։

Թրամփի էֆեկտը

Կրեմլի անվստահութիւնը Թուրքիայի նկատմամբ աճում է նաեւ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմի արագ մերձեցման պատճառով: Թեեւ տարօրինակ կը լինէր Անկարայից այս պահին այլ բան սպասել: Թուրքիայի տնտեսական վիճակը վատթարանում է, եւ երկիրը արտասահմանեան ներդրումների խիստ կարիք ունի, իսկ ԱՄՆ-ն մնում է թուրքական տնտեսութեան ամենախոշոր ներդրողներից մէկը:

Բացի այդ Անկարան կցանկանար ապահովել Վաշինգտօնի աջակցութիւնը Սիրիայի քրդերի հետ դիմակայութեան մէջ: Նախկինում ԱՄՆ-ն աջակցում էր քրդերին «Իսլամական պետութեան» դէմ պայքարում, բայց Թրամփի օրօք սկսեց դուրս բերել իր զօրքերը Սիրիայից: Այդ պատճառով Թուրքիան կցանկանար, որ ամերիկացիները կայ՛մ օգնէն քրդական ուժերին ինտեգրուել նոր սիրիական բանակում, կայ՛մ համաձայնէն Սիրիայում թուրքական նոր ռազմական գործողութեանը: Կրեմլի դիրքորոշումն այս հարցում Անկարայի համար այլեւս էական չէ:

Ամերիկացիների հետ ակտիւ բանակցութիւններ վարող Թուրքիային աւելի ու աւելի դժուար է դիմադրել ԱՄՆ ճնշմանը հակառուսական պատժամիջոցների առումով: Մոսկուայի եւ Վաշինգտօնի միջեւ ընտրութեան առաջ կանգնած Անկարան աւելի ու աւելի յաճախ ընտրում է Վաշինգտօնը, քանի որ ԱՄՆ-ն Թուրքիայի համար մի շարք հարցերում այլընտրանք չունի, իսկ Ռուսաստանի դերը այլեւս նոյնքան անփոխարինելի չի թւում, որքան նախկինում։

Ջոյ Բայդենի օրօք Թուրքիան սառեցրեց ռուսական «Միր» վճարային համակարգը, արգելափակեց պատժամիջոցների տակ գտնուող ապրանքների տարանցումը Եւրամիութիւնից Ռուսաստան, իսկ թուրքական բանկերը կասեցրին բոլոր ֆինանսական գործարքները ռուս գործընկերների հետ։

Հիմա էլ Թրամփը պահանջում է հրաժարուել ռուսական նաւթից։ Արդիւնքում միայն հոկտեմբերին Ռուսաստանից Թուրքիայ նաւթի մատակարարումը նուազեց աւելի քան 60%-ով՝ օրական 67,000 տօննայից մինչեւ 26,000 տօննայ, եւ ընդհանրապէս դադարեցուեց նոյեմբերի 3-ից 9-ը։ Հոկտեմբերին 19%-ով նուազել էին նաեւ ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները թուրքական նաւահանգիստներ։

Գազի ոլորտում նոյնպէս զգալի փոփոխութիւններ են տեղի ունենում։ Վերջին չորս տարիների ընթացքում ռուսական գազի մասնաբաժինը թուրքական շուկայում նուազել է 45%-ից մինչեւ 36%։ Անկարան ձգտում է է՛լ աւելի կրճատել այս ցուցանիշը։ «Կապոյտ հոսք» եւ «Թուրքական հոսք» գազատարներով դէպի Թուրքիայ տարեկան 22 միլիարդ խորանարդ մետր ծաւալով գազի մատակարարման ռուսական պայմանագրերը լրանում են տարեվերջին։ Դրանք երկարաձգելու վերաբերեալ դեռեւս համաձայնութիւն չի ձեռք բերուել, չնայած բանակցութիւնները շարունակւում են։

Որպէս ռուսական գազի այլընտրանք Թուրքիայում հանդէս է գալիս հեղուկացուած բնական գազը (ՀԲԳ)։ 2024 թուականի վերջին դրա բաժինը թուրքական շուկայում կազմում էր 31%, իսկ այս տարուայ առաջին եռամսեակում արդէն հասել է 44%-ի։

Սեպտեմբերին Անկարան եւ ամերիկեան Mercuria ընկերութիւնը ստորագրեցին 43 միլիարդ դոլար արժողութեամբ 20-ամեայ պայմանագիր՝ տարեկան 2.15 միլիարդ դոլարի ՀԲԳ ներմուծման մասին, ինչն անկասկած կնպաստի ռուսական մասնաբաժնի նուազմանը շուկայում։

Դրանից բացի Թուրքիան աւելացնում է գազի ներքին արտադրութիւնը։ Արդիւնքում կանխատեսւում է, որ մինչեւ 2028 թուականը ներքին արտադրութեան եւ ՀԲԳ ներմուծման համակցուած ծաւալները կաւելանան աւելի քան 70%-ով՝ հասնելով 26 միլիարդ խորանարդ մետրի։ Սա կբաւարարի Թուրքիայի գազի կարիքների գրեթէ կէսը, իսկ մնացած գազի մեծ մասը կարող է մատակարարուել Ադրբեջանից (22%, որի հետ համաձայնագիրը ուժի մէջ է մինչեւ 2030 թուականը) եւ Իրանից (13.5%, որի հետ համաձայնագիրը պէտք է երկարաձգուի յաջորդ տարի)։

Այս իրավիճակում լիովին սպասելի էր, որ Թուրքիայում գազային հանգոյց ստեղծելու վերաբերեալ բանակցութիւնները Մոսկուայի եւ Անկարայի միջեւ վերջնականապէս փակուղի մտնէն։ Ինչպէս յունիսին յայտնել էր Bloomberg-ը, «Գազպրոմ»-ն ինքն էր հրաժարուել Պուտինի կողմից 2022-ին առաջարկուած գաղափարից, երբ «Հիւսիսային հոսքերը» խափանուեցին։

Ոչ միայն Ռոսատոմը

Լուրջ մարտահրաւէրների առջեւ է կանգնած նաեւ ռուս-թուրքական համագործակցութիւնը ատոմային էներգիայի ոլորտում: «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի ճակատագիրը, որը նախատեսւում էր գործարկել 2024 թուականին, մնում է անյայտ: Հիմնական խնդիրներից մէկն այն է, որ գերմանական Siemens-ը թոյլ չի տալիս մատակարարել տուրբինները հակառուսական պատժամիջոցների պատճառով, իսկ այլընտրանք գտնել դեռեւս չի ստացւում:

Մայիսին թուրքական լրատուամիջոցները յայտնեցին, որ Ռոսատոմը պէտք է 7 միլիարդ դոլար յատկացներ «Ակկույու» ԱԷԿ-ին, ինչը չարեց, ինչի պատճառով միանգամից երեք ռէակտորների կառուցումը ժամանակաւորապէս դադարեցուեց: Հնարաւոր պատճառներից մէկն այն է, որ ԱՄՆ Արդարադատութեան նախարարութիւնը այս տարուայ սկզբին թոյլ չտուեց Ռուսաստանի «դոլարային պահուստ» ստեղծել Թուրքիայում՝ «Ակկույու» ԱԷԿ-ի ֆինանսաւորման պատրուակով ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար:

Թուրքիան միաժամանակ երկխօսութիւն է վարում ԱՄՆ-ի հետ միջուկային համագործակցութեան զարգացման շուրջ: Թրամփի եւ Էրդողանի միջեւ սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ստորագրուեց ռազմավարական քաղաքացիական միջուկային համագործակցութեան մասին յուշագիր, որը նախատեսում է միջուկային ոլորտում գործընկերութեան խորացում: Այս փաստաթղթի համաձայն՝ կողմերը կը համագործակցէն նոր միջուկային ռէակտորների մշակման գործում։

Միացեալ Նահանգները համարւում են նաեւ Սինոպում Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման առաջատար յաւակնորդը։ Դեռ մէկ տարի առաջ «Ռոսատոմ»-ի գլխաւոր տնօրէն Ալեքսեյ Լիխաչեւը պնդում էր, որ Էրդողանը առաջարկել է հէնց ռուսական պետական կորպորացիային կառուցել այդ օբյեկտը։

Այլ մասշտաբ

Թրամփին զիջումներ անելով՝ Էրդողանը, բացի ամերիկեան ներդրումները մեծացնելուց եւ սիրիական քրդերի նկատմամբ Վաշինգտօնի դիրքորոշումը փոխելուց, յոյս ունի նաեւ վերադարձնել ամերիկեան F-35 կործանիչների ծրագիրը, որից Անկարան հեռացուել էր 2019 թուականին՝ Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։

Անկարան բազմիցս ընդգծել է, որ S-400-ը մնում է թուրքական բանակի սպառազինութեան մէջ։ Սակայն պահեստներում փոշի հաւաքօղ այս համակարգերը, որոնք Էրդողանը սկզբում գովազդում էր որպէս ինքնիշխանութեան խորհրդանիշ, այժմ, կարծես, քիչ գործնական արժէք ունեն Թուրքիայի համար՝ առնուազն ՆԱՏՕ-ի չափանիշներին անհամապատասխանութեան պատճառով։ S-400-ը, օրինակ, չի ներառուել Թուրքիայում այս տարի մշակուած «Պողպատէ գմբէթ» հակաօդային պաշտպանութեան համակարգում։

Այլ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձութիւնները նոյնպէս չէն նպաստում ռուս-թուրքական համագործակցութեանը։ Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը եւ զինուած ապստամբների իշխանութեան գալը (որոնց աջակցեց Թուրքիան՝ խախտելով նախորդ համաձայնագրերը) միայն խորացրել են Մոսկուայի եւ Անկարայի միջեւ անվստահութիւնը։

Հարաւային Կովկասում Թրամփի միջնորդութեամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքուած համատեղ հռչակագիրը ամրապնդեց ոչ միայն Վաշինգտօնի, այլեւ Անկարայի դիրքերը: Այս փաստաթղթի շրջանակներում Թուրքիան ստանում է ցամաքային կապ Ադրբեջանի հետ, մուտք դէպի Կենտրոնական Ասիայ եւ Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու հնարաւորութիւն: Այս ամէնը կ’իրականացուի Մոսկուային տարածաշրջանից դուրս մղելու հաշուին։

Ի վերջոյ Ուկրաինայի հետ պատերազմի վրայ հսկայական ռեսուրսներ ծախսելը, Անկարայի հակուելը դէպի Վաշինգտօն, Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափի (Ռուսաստան-Իրան-Թուրքիայ) անյետանալը եւ թուրքական արտաքին առեւտրի դիւերսիֆիկացիան զգալիօրէն նուազեցրել են ռուս-թուրքական համագործակցութեան մասշտաբները՝ համեմատած ընդամէնը երեք տարի առաջուայ հետ: Եթէ 2022 թուականին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրը աճել էր ռեկորդային 90%-ով՝ հասնելով 65 միլիարդ դոլարի, 2024 թուականի վերջին այն նուազել է մինչեւ 52.6 միլիարդ դոլարը, իսկ Ռուսաստանը զիջել է Չինաստանին՝ որպէս Թուրքիայի ներմուծման հիմնական աղբիւր։

Իհարկէ, Մոսկուան եւ Անկարան դեռեւս պահպանում են տնտեսական կապերի լայն ցանցը՝ նաւթի եւ գազի ոլորտից մինչեւ միջուկային էներգիայ, որը կազմում է տասնեակ միլիարդաւոր դոլարներ: Հետեւաբար երկու երկրները չէն կարող պարզապէս յանկարծակի խզել կապերը։ Նոյնը վերաբերում է որոշ միջազգային հարցերին, որտեղ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը հատւում են, այդ թւում՝ Հարաւային Կովկասում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակին։ Ուստի ռուս-թուրքական համագործակցութեան որոշ հայեցակէտէր կը շարունակուեն, բայց դրա մասշտաբները կնուազէն՝ այն էլ շատ արագ։


Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի և Օրակարգի տեսակէտները:

Share