«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արեգնազ Մանուկեանը վայր է դնում մանդատը. այս մասին նա գրել է իր ֆեյսբուքեան էջում։
«Յարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,
Վայր եմ դնում ԱԺ պատգամաւորի մանդատս: Որոշումս պայմանաւորուած է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թեւանեանի գլխաւորած «Մայր Հայաստանին», որը կուսակցութիւն դառնալու յայտ է ներկայացրել:
Ամբողջութեամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառոյցում ունեմ բազմաթիւ ընկերներ եւ բնական է, որ պէտք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցութեանը։ Մանդատից հրաժարուելն այս պարագայում լիովին տեղաւորւում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների եւ տրամաբանութեան մէջ:
Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալութիւն եմ յայտնում ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանին, դաշնակցական իմ ընկերներին, դաշինքի անդամ միւս պատգամաւորներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրուայ ապազգային իշխանութեան դէմ մեր պայքարի առաջնագծում:
Շնորհակալ եմ նաեւ այն քաղաքացիներից, ովքեր մէզ հետ հաւասար կամ նոյնիսկ աւելի մեծ ջանքերով կռիւ են տուել սրանց դէմ տարբեր հարթակներում: Համոզուած եմ, որ իրենց արածն իր արդիւնքները տալու է:
Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխութեան եւ ազգային իշխանութեան ձեւաւորման մեր պայքարը շարունակուելու է, պարզապէս ամէն մէկն իր պատկերացումների ու ձեւաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:
