Վահէ Հովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Արտահերթ ընտրութիւնների թեման քննարկւում է իմպուլսիւու վերջնական որոշում չի ստանում՝ մնալով օդում կախուած հնարաւորութիւն։ Ինչո՞ւ է այդպէս. մի երկրում, որտեղ մէկ հոգին առանց որեւէ դիմադրութեան կայացնում է իրեն յարմար ցանկացած որոշում, ինչո՞ւ պէտք է այս հարցում տատանուի կամ հաշուի առնի ուրիշ փաստարկներ՝ ընդդէմ իր շահի։ Ամենայն հաւանականութեամբ՝ կայ պատճառ։
Արդյօք որոշումը կայացւում է Երեւանո՞ւմ
Անկարայ այցից, Աբու-Դաբիի հանդիպումից, եւ ամենակարեւորը՝ Վաշինգտօնեան ստորագրումներից յետոյ ստեղծուել է նոր իրականութիւն, որտեղ ծագում է հարց՝ արդյօք արտահերթ ընտրութիւնների որոշումը կայացւում է Երեւանո՞ւմ։
Միանշանակ է, որ ՀՀ իշխանութեան նեղ խումբը կցանկանայ արտահերթ ընտրութիւններ, եւ դրա համար նրանք ունենք փաստարկներ.
- Կայ որոշակի հետփաստաթղթային ֆոն, «բերուած խաղաղութեան լեգենդը», եւ այն ուժեղ է, քանի դեռ թարմ է։ Ինչո՞ւ ձգել։
- Իշխանութիւնը բանտերը լցրել է ակտիւ դէմքերով, կոպիտ ասած՝ակտիւութիւնը փողոցից տեղափոխել է բանտեր։ Բայց սա չի կարող անվերջ տեւել, արդէն իսկ անցել է «ահաբեկչական շոկը», եւ դատավարութիւնները սկսում են աշխատել հօգուտ դատուողների։
- Նոր ձեւաւորուող պոտենցիալ ուժերը դեռեւս ձեւաւորուած չէն, եւ տրամաբանական կը լինէր ընտրութիւններն անցկացնել առանց նրանց։
Թւում է, թէ միայն այս երեք կէտէրը բաւարար են, որպէսզի իշխանութիւնը գնայ արտահերթի (թէեւ սա նոյնպէս չի երաշխաւորում յաջողութիւն, սակայն հերթականով շատ աւելի բարդ է լինելու), բայց չի գնում։ Ինչ-որ կարեւոր բան նրան հետ է պահում, արգելափակում է այդ պրոցեսը։
Հայացք դրսից
Փորձենք հասկանալ Վաշինգտօնեան ստորագրութեան միւս երկուսի արձագանքը արտահերթի գաղափարին։ Նրանց համար, յատկապէս՝ Թրամփի, ստորագրումից յետոյ արտահերթը կնշանակի «թռնել» պայմանաւորուածութիւններից։ Թրամփի վարչակազմը կասի՝ ստորագրել ես, ու առջեւում մէկ տարի ունես՝ ինտենսիւ զբաղուիր ստորագրուածի իմպլեմենտացիայով։ Մի տարում այնքան գործ կարելի է անել։ Պատկերացրեք Թրամփի ռէակցիան, եթէ մեծ շուքով, նոբելեան մրցանակի շեմին, իր հետ թուղթ ստորագրածը յայտարարի արտահերթ ընտրութեան մասին եւ մեծ յաւականութեամբ պաշտօնանկ արուի։ Հետեւաբար, ամերիկեան կողմը կտրուկ դէմ է լինելու արտահերթին։
Ալիեւը պարագայում գրեթէ նոյն վիճակն է, իհարկէ՝ որոշ առանձնայատկութիւններով։ Իշխանութեան նեղ խմբի՝ մի քանի տարի շատ լաւ աշխատող փաստարկները Ալիեւի համար արդէն կորցնում են ակտուալութիւնը։ Այ սա է հէնց իրավիճակի փոփոխութեան կարեւոր պահը։ Նիկոլը կասի՝ արտահերթ անեմ, որպէսզի վերարտադրուեմ ու սկսենք աշխատել։ Բայց Ալիեւն արդէն թղթի վրայ ստացել է այն ամէնը, ինչ ուզում էր։ Եւ հիմա նա շահագրգիռ է ոչ թէ Նիկոլի վերարտադրմամբ, այլ՝ ստորագրուածի իրականացմամբ։ Մեկ տարին բաւարար ժամանակ է՝ շատ բաներ անշրջելի դարձնելու, իրական հողի վրայ կեանքի կոչելու համար։
Նիկոլի հակափաստարկին՝ թէ բա որ հերթական լինի, ես կարող է չընտրուեմ, լուռ պատասխանում են՝ դա արդէն քո պրոբլեմն է։ Ալիեւն ու Թրամփը ստացել են թղթի վրայ՝ ինչ ուզում են, հիմա հայկական կողմի ստորագրողին ասում են՝ սկսիր իրականացնել։
Եթէ առաջ Նիկոլն ասում էր՝ ես չլինեմ չեք ստանայ ձեր ուզածը, հիմա բոլորը ստացել են իրենց ուզածը։ Հիմա նրանք ուզում են ոչ թէ ստորագրութիւն, այլ՝ ստորագրուածի ինտենսիւ իրականացում։ Սրանք լրիւ տարբեր բաներ են, եւ ուզում են այս մէկ տարում հրապարակուած եւ չհրապարակուած պայմանաւորուածութիւնների իրականացում։ Եւ այստեղ նրանց քիչ է հետաքրքրում անձամբ Նիկոլի կոմֆորտը կամ նրա անձնական հեռանկարները։ Եւ իհարկէ, այս բոլորին միասին ընդհանրապէս չէն հետաքրքրում Հայաստանի ու նրա իրական ժողովրդի շահերն ու ցանկութիւնները։