Pax Americana-ն ու «ռազմավարական մոռացկոտութիւնը» Կովկասում

Pax Americana-ն ու «ռազմավարական մոռացկոտութիւնը» Կովկասում

Լորենս Բրոերս

Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացում նոր էջ բացուեց օգոստոսի 8-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ եռակողմ գագաթնաժողովից յետոյ։

Օվալաձեւ գրասենեակում հանդիպման ժամանակ ստորագրուեցին մի քանի փաստաթղթեր (այլ ոչ իրական խաղաղութեան պայմանագիր)։ Երկրների միջեւ վերջին պատերազմն աւարտուեց 2020 թուականին Ադրբեջանի թերի յաղթանակով, որին յաջորդեցին մի շարք սրացումներ եւ գագաթնակէտին հասան 2023 թուականին, երբ Ադրբեջանը գրաւեց Լեռնային Ղարաբաղը եւ ամբողջ հայ բնակչութիւնը զանգուածաբար տեղահանուեց։

Սպիտակ տան գագաթնաժողովի եւ դրա հետեւանքների վերաբերեալ քննարկումներում գերիշխում են աշխարհաքաղաքական ընկալումները։ Սակայն վերջին հաշուով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների նորմալացումը աւելի շատ կախուած կը լինի ներքաղաքական տեղաշարժերից, որոնց նպատակն է հրաժարուել խոր արմատներ ունեցող հակամարտութեան պատումներից։

Կարգաւորման նախաստորագրում

Գագաթնաժողովը յանգեցրեց խաղաղութեան գործընթացի երկու կարեւոր, բայց նախնական արդիւնքների։

Առաջինը յարաբերութիւնների կարգաւորումը կառավարող 17 յօդուածից բաղկացած պայմանագրի տեքստի նախաստորագրումն է։ Սա նոր կամ ամերիկեան միջնորդութեամբ մշակուած տեքստ չէ, այլ Բաքուի եւ Երեւանի միջեւ 2023 թուականից ընթացող եւ այս տարուայ մարտին աւարտուած երկկողմ բանակցութիւնների արդիւնք։ Պայմանագրի տեքստը հրապարակուեց օգոստոսի 11-ին, ինչն ինքնին կարեւոր արդիւնք է, որն «ամրագրում է» բովանդակութիւնը եւ թոյլ է տալիս հանրային քննարկում սկսել։

Պայմանագրի տեքստն ինքնին շատ անակնկալներ չի պարունակում։ Այն հիմնականում տեխնիկական փաստաթուղթ է, որի հիմքում Խորհրդային Միութիւնից ժառանգած հանրապետական սահմաններն են, եւ այն հաստատում է միմեանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայութիւնը՝ բացառելով նման պահանջների առաջ քաշումը ապագայում (յօդուած 2)։

Սպիտակ տանը լուծուեց ստորագրման համար Ադրբեջանի կողմից ներկայացուած նախապայմաններից մէկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ առաջարկը։

Սակայն մնում է Ադրբեջանի մէկ այլ պահանջ, ըստ որի Հայաստանի սահմանադրութիւնը պէտք է վերանայուի եւ դրանից պէտք է հանուէն Լեռնային Ղարաբաղի հետ միաւորման անուղղակի յղումները։ Այս նախապայմանի կատարման խոչընդոտը Հայաստանի անկանխատեսելի ներքին քաղաքականութիւնն է։

Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման ուղին (TRIPP)

Ամերիկեան ներդրումն աւելի կարեւոր է երկրորդ արդիւնքի համար, որը համաձայնութիւն է ճանապարհային կապի վերաբերեալ բարդ տարաձայնութիւնները լուծելու շուրջ։

2020 թուականից ի վեր Ադրբեջանը կապում էր իր հեռանկարները 27 մղոն երկարութիւն ունեցող հարաւային երթուղու հետ, որը միացնում է Ադրբեջանը իր Նախիջեւան էքսկլաւի հետ եւ անցնում է Հայաստանի եւ Իրանի սահմանի երկայնքով։ Բաքուն այս երթուղին անուանում է «Զանգեզուրի միջանցք» եւ պատկերացնում է այն առանց հայկական մաքսային եւ անվտանգային ստուգումների։ Հայաստանը հակադարձել էր այդ ծրագրին իր «Խաղաղութեան խաչմերուկով», որի հիմքում են ազգային ինքնիշխան վերահսկողութիւնը եւ ճանապարհային կապի փոխադարձութեան սկզբունքներ։

ԱՄՆ միջամտութեամբ այժմ հարաւային երթուղին վերաձեւակերպւում է որպէս «Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման ուղի» (TRIPP)՝ որը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ համատեղ ձեռնարկութիւն է։ ԱՄՆ մասնաւոր ձեռնարկութիւններին երկարաժամկէտ վարձակալութեան պայմանագրի համաձայն՝ TRIPP-ը կը պահպանի Հայաստանի ինքնիշխանութիւնը եւ «անարգել» կապ կապահովի մայրցամաքային Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Երեք առաջնորդները համաձայնութեան եկան Ադրբեջանի տարածքով հայկական տարանցման «փոխադարձ օգուտների» վերաբերեալ, չնայած դեռեւս պարզ չէ, թէ խօսքն ինչի մասին է։

TRIPP համաձայնագիրը նախնական է, քանի որ գործնական իրականացման եղանակները դեռեւս պէտք է մշակուեն։ Շատ բան կախուած կը լինի ԱՄՆ հետեւողականութիւնից եւ ապագայ վարչակազմերի յանձնառութիւնից։

Հօգուտ TRIPP-ի պէտք է ասել, որ այն մարմնաւորում է մէկ ընդհանուր դիրքորոշում, որը Հայաստանն ու Ադրբեջանը կիսել են վերջին 35 տարիների ընթացքում.երկուսն էլ չէն ցանկանում, որ Ռուսաստանը մենաշնորհ ունենայ իրենց հակամարտութիւնը կառավարելու հարցում։ TRIPP համաձայնագիրն աւելորդ է դարձնում հարաւային երթուղու ռուսական վերահսկողութիւնը, ինչպէս համաձայնեցուած էր 2020 թուականի Ռուսաստանի միջնորդութեամբ կնքուած հրադադարի ժամանակ։

Pax Americana/Ամերիկեան խաղաղութիւն

Շեշտադրել այս արդիւնքների նախնական բնոյթը նշանակում է ճանաչել դրանց իրականացման ռիսկերը: Նախ՝ Հարաւային Կովկասի խիստ մրցակցային աշխարհաքաղաքականութեան մէջ Pax Americana-ի ընկալումները, հաւանաբար, կառաջացնեն արձագանքներ պարտուող կողմ համարուողների մօտ:

Այս ռիսկն ակնյայտօրէն վերաբերում է Ռուսաստանին՝ հաշուի առնելով Մոսկուայի պատմական գերիշխանութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդութեան գործում: Մոսկուան արդէն դժգոհութիւն է յայտնել «արտատարածաշրջանային» ներգրաւուածութիւնից: Կարելի է սպասել, որ Ռուսաստանը TRIPP-ի նկատմամբ շարունակաբար թշնամանք կարտայայտի, գուցէ նաեւ փորձի ճնշել Ադրբեջանի էներգէտիկ ենթակառուցուածքների, Եւրասիական միութիւնում Հայաստանի առեւտրի եւ Ռուսաստանում երկու ազգութիւնների համայնքների վրայ:

Զգալիօրէն աւելի քիչ լծակներ ունեցող Իրանը նոյնպէս մտահոգութիւն է արտայայտել է իր սահմանի երկայնքով ամերիկեան ներկայութեան ամրապնդման վերաբերեալ, նոյնիսկ եթէ առաջարկուող լուծումը բաւարարի Իրանի մտահոգութիւնները՝ միջազգային սահմանները յարգելու վերաբերեալ:

Երկրորդ վտանգն այն է, որ ժամանակի ընթացքում ամերիկեան հետաքրքրութիւնը կթուլանայ: TRIPP-ի աշխարհաքաղաքական դրոշմը կարող է տպաւորութիւն ստեղծել, որ այն պարզապէս իրավիճակային որոշում է, որը կարող է բաւականաչափ երկար չտեւել երթուղին աւարտելու համար։:

Նախաձեռնութիւնն աւելի մեծ հաւանականութեամբ յաջողութեամբ կպսակուի, եթէ դրան նախեվառաջ աջակցէն Թուրքիան (մասնաւորապէս՝ Անկարայի կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում առաջընթացը), ու Եւրամիութիւնը։ Շարունակականութիւնը պահպանելու համար անհրաժեշտ կը լինի տարածաշրջանի ներսում եւ դրանից դուրս գտնուող ուժերի լայնածաւալ կոալիցիայի կայուն յանձնառութիւնը, երբ խնդիրները անխուսափելիօրէն սկսէն կուտակուել։

Ռազմավարական ամնեզիայ

Երկրների ներսում արմատացած հակամարտութեան պատումները վերափոխելու ջանքերին սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ակնյայտ պատրաստակամութիւնը՝ կնքելու «մոռացութեան պայմանագիր», որը խաղաղութեան անցումը հեշտացնելու քաղաքական ռազմավարութիւն է՝ պատասխանատուութիւնից խուսափելու միջոցով: Ըստ պայմանագրի 15-րդ յօդուածի՝ ստորագրումից յետոյ մէկ ամսուայ ընթացքում կողմերը հրաժարւում են հակամարտութեան հետ կապուած միջազգային արդարադատութեան մեխանիզմներին դիմելու ցանկացած իրաւական ձեւից:

Պրագմատիկ փաստարկներով՝ անցումային արդարադատութեան արդիւնաւետ մեխանիզմների կիրառումն անհաւանական է, առնուազն երկու երկրների յարաբերութիւնների այս փուլում: Այնուամենանիւ, ռազմավարական ամնեզիայի քաղաքականութիւնը ենթադրում է, որ բազում մարդիկ կտուժէն այս գործընթացից. հարիւր հազարաւոր հայեր եւ ադրբեջանցիներ, որոնք վերջին չորս տասնամեակների ընթացքում մարդկային եւ նիւթական կորուստներ են ունեցել: Նրանց խնդրում են հրաժարուել արդարադատութեան ցանկութիւնից եւ տնտեսապէս օգուտ քաղել ճանապարհային սխեմաներից, որոնց հիմքում մրցակցային աշխարհաքաղաքականութիւնն է եւ որոնց իրականացումը ժամանակ կը պահանջի:

Այս խոչընդոտը կամրապնդի Հայաստանի ընդդիմութիւնը եւ կեանգեցնի պայքարի սահմանադրական հանրաքուէի ժամանակ: Նիկոլ Փաշինեանի ժողովրդականութիւնը ամենացածր մակարդակի վրայ է, ուստի նրա ճակատագիրն այժմ կապուած է Օվալաձեւ գրասենեակի համաձայնագրերի կատարման հետ եւ, հետեւաբար, աշխարհաքաղաքականութեան հետ, որից նրա ղեկավարած 2018 թուականի Թաւշեայ յեղափոխութիւնը փորձում էր խուսափել: Փաշինեանի գոյատեւումը կախուած կը լինի նաեւ Բաքուի հռետորաբանութեան փոփոխութիւնից։

Ադրբեջանի աւտօրիտար իշխանութեան կառուցուածքն ապահովագրուած է հասարակական արձագանքներից: Այստեղ Սպիտակ տան համաձայնագրերը բախւում են այլ խնդրի. 2020-ից յետոյ ռազմական յաղթանակը ղեկավարութեան լեգիտիմութեան կարեւոր բաղադրիչ դարձաւ եւ միաձուլուեց նոր տարածքներ նուաճելու պատումին։

Բարձր մակարդակով պարբերաբար հնչող պատումները, որ Հայաստանը «Արեւմտեան Ադրբեջան» է, թափ էին հաւաքում, բայց այժմ լիովին հակասում են պայմանագրի պայմաններին եւ ռազմավարական ամնեզիային: Անկախ նրանից, թէ դա ճնշման մարտավարութիւն է, թէ ապահովագրութիւն հայկական պահանջներից, «Արեւմտեան Ադրբեջան» խօսոյթի մարումը պայմանագրի հեռանկարի համար ոչ պակաս կարեւոր կը լինի, քան աշխարհաքաղաքական արդիւնքները։


Ներկայացուածը միջազգային յարաբերութիւնների «Չեթեմ հաուս» բրիտանական թագաւորական ինստիտուտի Ռուսաստանի եւ Եւրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսի US intervention opens new page in Armenia–Azerbaijan peace talks but challenges remain յօդուածի հայերէն թարգմանութիւնն է, որը հրապարակուել է mediamax.am կայքի միջոցով:
Թարգմանութիւնը՝ Մարիայ Սադոյեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ: Յոդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլէն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակէտները:

Share