«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդիւնքները որպէս պատմական խաղաղութիւն եւ տարածաշրջանային փոխկապակցուածութեան ու ապաշրջափակման բեկումնային հանգրուան ներկայացնելը խիստ չափազանցուած է ու մոլորեցնող»: Այս մասին նշուում է, դիւանագէտների համահայկական խորհրդի տարածած հայտարարութեան մէջ։
«Հասարակութեան թիկունքում գաղտնի պայմանաւորուածութիւններ կնքելը դարձել է օրինաչափութիւն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականօրէն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորութեան որոշումներ կայացնելիս։
Այսպէս կոչուած TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղութեան և բարգաւաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնութիւնը պարունակում է դրոյթներ, որոնք լրջօրէն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրոյնութիւնը՝ կենսական ենթակառուցուածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրեայ դերակատարների ազդեցութեան տակ։ Չնայած այն պնդումներին, որ ներդրուելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանութեան և իրաւասութեան ներքոյ, հիմնաւոր մտահոգութիւններ են առաջանում տարածքային ամբողջականութեան և պետութեան երկարաժամկէտ կենսունակութեան վերաբերեալ։
Նոյնքան խաբուսիկ է նաև այն պնդումը, որ վերացուում է Հայաստանի շրջափակումը։ Փոխանակ փոխադարձ և ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրուած փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները և «միջանցքային տրամաբանութիւնը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափօրէն խորացնում են Հայաստանի տնտեսական և անվտանգային խոցելիութիւնը։
Աւելին, այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տէրութիւնների շահերին, որոնք արդէն իսկ արտայայտել են իրենց վերապահումները։ Այս պայմանաւորուածութիւնը վտանգում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։ Ռազմավարական ենթակառուցուածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարաւային Կովկասում ուժերի նուրբ հաւասարակշռութիւնը և վտանգում է աւելի լայն տարածաշրջանային անվտանգութիւնը։
Յատկապէս յատկանշական է, որ գործարքից յետոյ Հայաստանի կառավարութիւնը մոբիլիզացրել է իր ողջ քարոզչական ապարատը՝ հանրութեանը մոլորեցնելու և համաձայնագրի իրական բնոյթը թաքցնելու համար։ Հաշուարկուած այս ապատեղեկատուութեան արշաւը բացայայտում է գործարքի կործանարար հետևանքների վերաբերեալ իշխանութիւնների գիտակցումը: Եթէ համաձայնագիրը իսկապէս բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլացիաների կարիք չէր լինի։
Միևնոյն ժամանակ, միջազգային ծափահարութիւնները Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպէս կոչուած խաղաղութեան հաստատման կապակցութեամբ վտանգաւոր կերպով անտեսում են այն հարկադրանքի պայմանները, որոնց ներքոյ ձեռք է բերուել համաձայնագիրը՝ շարունակական սպառնալիքների, օկուպացիայի և Արցախի հայ բնակչութեան իրաւունքների կոպտագոյն խախտման ֆոնին։ Իրական խաղաղութիւնը չի կարող պարտադրուել արտաքին ճնշման և հաստատուել անարդարութեան միջոցով։
Դիւանագէտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թէ խաղաղութեան համար, այլ խթանել մշտական անկայունութիւնն և Հայաստանի ինքնիշխանութեան շարունակական քայքայումը: Մենք խորապէս համոզուած ենք, որ տարածաշրջանում յարատև խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ բոլոր ներգրաւուած կողմերը՝ տեղական և տարածաշրջանային, իրական շահագրգռուածութիւն ունեն պատուաւոր, ներառական և արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղութիւն, որը կառուցուած է բացառման, հարկադրանքի կամ խաբէութեան վրայ, դատապարտուած է ձախողման։
Հազարամեայ հայրենիքի մի մասի կորստի, հարիւր հազարաւոր հայերի հայրենազրկման, հոգևոր և մշակութային ժառանգութեան ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացութեան մատնող և ապագայում դրանք բարձրաձայնելու իրաւունքից հրաժարուող իշխանութիւնների կողմից որևէ համաձայնութիւն որպէս նուաճում մատուցելը երեսպաշտութիւն է և վիրաւորական է մեր ժողովրդի համար:
Մենք կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, Սփիւռքին և միջազգային հանրութեանը չտրուել վտանգաւոր պատրանքներին և ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձևաւորուող վերահաս մարտահրաւէրները»,–նշուում է յայտարարութեան մէջ։
