Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ ՀՀ կառավարութեան ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էութեան, ուղղուած է քրիստոնեութեան դէմ։
Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդէն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցութեան ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամաւորներ փորձեն հակառակը համոզել , դա պարզից էլ պարզ է։
Իրավիճակի ու հրապարակային աղբիւրների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ այս արշաւը եկեղեցու դէմ տեղաւորւում է Հայաստանի զաւթման ադրբեջանական պետական ծրագրի շրջանակներում, հետեւաբար նպատակների սկզբնաղբիւրները, իրական շարժառիթները պէտք է փնտրել այդտեղ։
Ակնյայտ տպաւորութիւն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց վերջին յենասիւնն է, որը պէտք է քանդի Ադրբեջանը Նիկոլ Փաշինեանի ձեռքով՝ առաջ տանելու համար «արեւմտեան Ադրբեջանի» զաւթողական ծրագիրը որը ենթադրում է, որ ոչ միայն Հայաստանի տարածքն է «ադրբեջանական», այլեւ «հարիւր հազարաւոր, այսպէս կոչուած, փախստականներ պէտք է բնակութիւն հաստատէն Հայաստանում»։ Սա, իրականում, հումանիտար շղարշի ներքոյ Հայաստանի զաւթման ադրբեջանական պետական ծրագիր է:
Այս համատեքստում է տեղաւորւում եւ առնուազն հարցեր է առաջացնում այն, որ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենեակի նախագահ Ալլահշուքիւր Փաշազադէն ուղիղ յայտարարել է, որ «հայկական եկեղեցին մեծ ապառնալիք է ներկայացնում Հայաստանին հարեւան տարածաշրջանային բոլոր երկրների համար»։
Յետաքրքիր է, որ այս յայտարարութիւնն այդպէս էլ անպատասխան մնաց ՀՀ վարչապետի կամ պետական որեւէ մարմնի կամ պաշտօնեայի կողմից: Փոխարէնը, այդ յայտարարութիւնից անմիջապէս յետոյ ՀՀ վարչապետը մայիսի 29-ից սկսեց սաստիկ եկեղեցահալած քաղաքականութիւն` զուգորդուած ատելութեան ու վիրաւորանքների արշաւով:
Սա բնոյթով արդէն հակաքրիստոնեական արշաւ է, քանի որ ինքնին քրիստոնէութիւնը խաղաղութեան, հանդուրժողականութեան ու համերաշխութեան մասին է, իսկ այն, ինչ անում է ՀՀ վարչապետը եւ ՔՊ կուսակցութեան որոշ պատգամաւորներ ակնհկայտ հակաքրիստոնեական մեթոդներ են:
Խաղաղութիւնը բոլորիս համար բարձրագոյն արժէք է, մենք ուզում ենք ապրել խաղաղ ու ապահով երկրում, բայց այն, ինչ անում է ՀՀ վարչապետը, պառակտման ու թշնամանքի, հալածանքի մասին է, իսկ այդպէս խաղաղութեան չէն հասնում, դա միայն աղէտ է բերում` խաթարելով մեր ներքին կայունութիւնն ու պետականութեան հիմքերը, խարխլելով անվտանգութիւնը:
Արման Թաթոյեան
ՀՀ նախկին ՄԻՊ