Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն խստօրէն դատապարտում է Հայաստանի իշխանութիւնների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու, հասարակական հայրենասիրական կառոյցների եւ ընդհանրապէս ընդդիմադիր շարժման դէմ շարունակուող ճնշումները։ Յունիսի 25-ին ՀՅԴ-ի առնուազն տասնչորս անդամների, այդ թւում՝ ՀՅԴ Հայաստանի Ուսանողական միութեան ներկայացուցիչների եւ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանի ձերբակալութիւնը, «բռնի պետական յեղաշրջման փորձի» անհիմն մեղադրանքով, վկայում են իշխանութեան կողմից հայոց հիմնարար հաստատութիւնների նկատմամբ համակարգուած յարձակման գործընթացի նոր և վտանգաւոր սրացումների մասին։
Քաղաքական նպատակներով իրականացուած ձերբակալութիւնները հետեւանքն են տարիներ շարունակուող իշխանութեան ապազգային քաղաքականութեան ու ազգային շահերի դէմ դաւաճանական քայլերի նկատմամբ հանրային խաղաղ բողոքների եւ աճող դժգոհութեանը։ Իշխանութեան ներկայացրած հիմնաւորումները, հիմնուած են կասկածելի հեռախօսային գաղտնալսումների, օրինական զէնքերի առկայութեան եւ անորոշ ժամանակագրութեան վրայ, անհաւաստի են եւ նպատակ ունեն վարկաբեկել ազգային փրկութեան շարժումը։ Այն հանգամանքը, որ այս կոչուած մեղադրանքները վերաբերում են 2024 թուականի ամռանը, սակայն դրանք բարձրացուել են միայն այսօր՝ հանրային դժգոհութեան աճի պայմաններում, աւելի է խորացնում դրանց անհաւաստիութիւնը։
Իրավիճակը յատկապէս սրուեց Յունիսի 27-ին, երբ Ազգային անվտանգութեան ծառայութեան գործակալները փորձեցին Էջմիածնում ձերբակալել Արքեպիսկոպոս Միքայէլ Աջապահեանին։ Նրանք հանդիպեցին հոգեւորականների եւ հաւատացեալների ինքնաբուխ դիմադրութեանը, ովքեր ֆիզիկապէս արգելափակեցին գործողութիւնը՝ առաջացնելով լարուածութիւն եւ բախումներ։ Հազարաւոր ուժայիններ շրջափակեցին Մայր Աթոռը, բայց 30 րոպէ անց հեռացան, վերադառնալով նոյն օրը, երբ Աջապահեանը կամաւոր ներկայացաւ հարցաքննութեան։ Նրա նկատմամբ յարուցուած «բռնի իշխանափոխութեան կոչ» կատարելու մեղադրանքը, որի հիմքում դրուած են իբրեւ թէ 2024 թուականի Փետրուարին արուած յայտարարութիւններ, նոյնպէս դրսեւորում է հետաձգուած եւ քաղաքականացուած գործի բնոյթ՝ ինչպիսին է նաև Գալստանեանի գործը։
Ձերբակալութիւններից բացի, ակնյայտ է ընդլայնուող պատկերը՝ Հայ Եկեղեցին, մասնաւորապէս նրա հոգեւոր առաջնորդներին, հեղինակազրկելու եւ ազգային ընդդիմադիր ուժերին, մասնաւորապէս ՀՅԴ-ին, լռեցնելու նպատակով։ Այս գործողութիւնները ռազմավարական են եւ նպատակ ունեն ներսից թուլացնել հայկական պետութիւնը՝ թիրախաւորելով այն հաստատութիւնները, որոնք պատմականօրէն պահպանել են հայ ժողովրդի ոգին, ինքնիշխանութիւնը եւ գոյատեւումը։
Տարիներ շարունակ, ՀՅԴ-ն դարձել է Փաշինեանի վարչակարգի նպատակայարմար թիրախը։ Կուսակցական գրասենեակների ապօրինի խուզարկութիւններից եւ կեղծ մեղադրանքներից մինչեւ լրատուական զրպարտանքներ, իշխանութիւնը դիտարկում է ՀՅԴ-ն ոչ իբրև քաղաքական մրցակից, այլ իր արտերկրից թելադրուող օրակարգի հիմնական խոչընդոտը։ Այս ճնշումները առաւել սրուել են կառավարութեան կողմից դաւաճանաբար Արցախը յանձնելու, Ադրբեջանին արուած զիջումներին եւ արտաքին ուժերին ենթարկուելուն զուգահեռաբար։ Ժողովրդավարական երկխօսութեան փոխարէն, իշխանութիւնը փորձել է չէզոքացնել Դաշնակցութեան ներկայութիւնն ու ազդեցութիւնը՝ սպառնալիքների, զրպարտութեան եւ բիրտ ուժի միջոցով։
Ճնշամիջոցները տարածուել են նաեւ սփիւռքի հայկական կառոյցների դէմ, որոնք յանձնառու են ազգային արժէքներին։ Իշխանութեան գործակալները փորձել են պառակտել եւ հեղինակազրկել ամերիկահայ համայնքը, խաթարել ազգային և հասարակական կառոյցների գործողութիւնները եւ թուլացնել համահայկական կառոյցները։ Այս քայլերը ուղղուած են եղել համաշխարհային հայութեան համերաշխութեան եւ ազգային միասնութեան համար տարիներ և սերունդներ աշխատած կառոյցների դէմ:
Այսօր նոյն բռնաճնշման գործիքակազմը գործածւում է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ։ Հոգեւորականների ձերբակալութիւններով, կաթողիկոսին զրպարտելով եւ Եկեղեցու հեղինակութիւնը թուլացնելով՝ վարչակարգը նպատակ ունի վերացնել իր օրակարգին դիմակայող բոլոր ազգային, բարոյական եւ կազմակերպական ու կառուցային դիմադրութիւնը։ Եկեղեցին եւ ՀՅԴ-ն՝ հայկական պետականութեան երկու պատմական սիւները, այսօր թիրախաւորուած են մի իշխանութեան կողմից, որը այլեւս չի էլ ձեւացնում, թէ ծառայում է հայ ժողովրդին։
Այս մարտավարութիւնը կրկնում է Անկարայի եւ Բաքուի վաղեմի նպատակները՝ խաթարելու հայկական պահանջատիրութիւնը, ջնջելու մեր պատմական յիշողութիւնը եւ պառակտելու մեր միասնականութիւնը։ Այսօր այդ նպատակներն առաջ են տարւում ոչ թէ արտաքին թշնամիների, այլ Երեւանի ներկայ իշխանութեան կողմից։
Մենք պահանջում ենք անյապաղ ազատ արձակել Արքեպիսկոպոսներ Գալստանեանին, Աջապահեանին եւ բոլոր անօրինաբար ձերբակալուածներին, դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ վերականգնել բոլոր հայ քաղաքացիների սահմանադրական իրաւունքները։
ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆի շրջանը կանգնած է հայ ժողովրդի կողքին եւ կոչ է անում բոլորին միաւորուել այս վտանգաւոր միտումների դէմ՝ վերահաստատելով մեր յանձնառութիւնը ազատ, անկախ եւ արդար հայրենիքի նկատմամբ։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ