Բագրատ սրբազանը կալանաւորուած է, Աջապահեանին մեղադրանք է առաջադրուել

Բագրատ սրբազանը կալանաւորուած է, Աջապահեանին մեղադրանք է առաջադրուել

վերջին օրերի իրադարձութիւնները՝ ամփոփ

Արմէն Ղազարեան-hetq.am

Յունիսի 25-ին ձերբակալուեց «Սրբազան շարժման» առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը։ Իրաւապահները նրան մեղադրում են ահաբեկչութեան եւ իշխանութիւնը իւրացնելու յօդուածներով։ Մեղադրանքը հաստատուելու պարագայում նրան սպառնում է 18 եւ 12 տարի ազատազրկում։

Յունիսի 24-ին իշխանամերձ «civic.am» կայքը «Ընդդիմութեան յեղաշրջման պլանը» վերտառութեամբ յօդուած էր հրապարակել։ Յոդուածում ներկայացւում էր 7 էջանոց մի փաստաթուղթ, որը, լրատուամիջոցի պնդմամբ, ընդդիմութեան կողմից մշակուած յեղաշրջման պլան էր։

civic.am-ի յօդուածն իրենց սոցցանցերի էջերում ակտիւօրէն սկսեցին տարածել իշխանութեան ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինեանը ՖԲ իր էջում տարածելով յօդուածը՝ գրել էր. «Այս պրոցեսը պատմութեան մէջ կը մնա որպէս «ստահակների ձախողուած յեղաշրջում»»։

Այս հրապարակումից յետոյ մի շարք ընդդիմադիր գործի չներ յայտարարեցին, որ փաստաթուղթը իրականութեան հետ կապ չունի եւ տարածւում է, որպէսզի հիմք նախապատրաստուի ապագայում ընդդիմադիր գործիչներին ձերբակալելու համար։

Ձերբակալութիւնները չուշացան։

Երեկ առաւօտից Ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ ՆԳՆ Ոստիկանութիւնը համատեղ խուզարկութիւններ սկսեցին «Սրբազան պայքար» անուանումը կրող շարժման ղեկավարների եւ անդամների բնակարաններում։

Աւելի ուշ Քննչական կոմիտէն տարածեց ձայնագրութիւններ, որոնցում, ենթադրաբար, լսւում է Բագրատ Սրբազանի ձայնը։ Այդ ձայնագրութիւններում նկարագրւում էին զանգուածային անկարգութեան գործողութիւններ, որոնք պիտի յանգեցնէին իշխանափոխութեան։

Քննչական կոմիտէն օրուայ ընթացքում հրապարակեց նաեւ «Սրբազան պայքար»-ի անդամների տներից յայտնաբերուած զէնք-զինամթերքի լուսանկարները։

Այսօր՝ յունիսի 26-ին յայտնի դարձաւ, որ ձերբակալուել է «Սրբազան պայքար»-ի 15 անդամ՝ 

  1. Վազգէն Գալստանեանը (Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեան) 
  2. Տիգրան Գալստեանը (գործարար)
  3. Արման Իսրայելեանը 
  4. Իգոր Սարգսեանը (ՀՅԴ անդամ)
  5. Կարոյ Օկումուշեանը 
  6. Արսէն Ղազարեանը 
  7. Արայ Ռոստոմեանը 
  8. Աղուան Արշակեանը 
  9. Տիգրան Թոփալեանը 
  10. Լիդեայ Մանթաշեանը 
  11. Դաւիթ Գալստեանը (Արցախի ԱԺ պատգամաւոր)
  12. Հրայր Յակոբեանը (սարկաւագ)
  13. Արմէն Ալեքսանեանը (բլոգեր)
  14. Մովսես Շարբաթեանը 
  15. Միհրան Մախսուդեանը (պահեստազօրի գնդապետ)

Յիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ ձերբակալուել էր ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերութիւնների խմբի սեփականատէր Սամուել Կարապետեանը։ Ձերբակալման առիթը «News.am»-ին տուած հարցազրոյցում յայտնած միտքն էր. «Փօքրիկ խմբակ, մոռանալով հաեօց պատմութիւնը, Հայ եկեղեցու հազարաւոր տարիների պատմութիւնը, յարձակուել ա Հայ եկեղեցու վրայ, հայ ժողովրդի վրայ: Քանի որ ես միշտ եղել եմ Հաեօց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցութիւն: Եթէ չյաջողուի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու էդ ամէն ինչին»։

Այս տեսանիւթի հրապարակումից յետոյ Նիկոլ Փաշինեանը գրառում արեց ֆեյսբուքեան իր էջում՝ հերթական անգամ թիրախաւորելով հոգեւորականներին. «Պոռնկաբարոյ «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարոյ «բարեգործներն» ինչու՞ են ակտիւացել։ Ոչինչ՝ նորից կպասիւացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Այս գրառումից յետոյ ԱԱԾ-ն խուզարկեց Սամուել Կարապետեանի տունը։ Նոյն օրը ուշ երեկոյեան Ոստիկանութիւնը ձերբակալեց նրան։

Այսօր յայտնի դարձաւ նաեւ, որ մեղադրանք է առաջադրուել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանի նկատմամբ։ 

«Քրեական օրէնսգրքի 422-րդ յօդուածի 2-րդ մասով է յարուցուել, որը ենթադրում է  իշխանութիւնը զաւթելուն, տարածքային ամբողջականութիւնը խախտելուն, ինքնիշխանութիւնից հրաժարուելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղուած հրապարակային կոչեր անել»,- 24news-ի հետ զրոյցում ասել են Գլխաւոր դատախազութիւնից։

Share