Սուրբ Էջմիածնի արձագանքը՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստայօդ հայտարարություններին

Սուրբ Էջմիածնի արձագանքը՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստայօդ հայտարարություններին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են «Կովկասի մուսուլմանների վարչութեան» նախագահի ստայօդ յայտարարութիւններին․

Յայտարարութեան մէջ նշւում է. «Օրերս Բաքւում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական անգամ ատելութեամբ ու թշնամանքով թիրախաւորել է Հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն։

Ալլահշուքյուր Փաշազադե

Կեղծիքի տարածման մէջ գերազանցելով ինքն իրեն, Փաշազադէն յայտարարել է, թէ իբր Հայաստանում եւ տարածաշրջանում տասնեակ դարեր գործող հայկական սրբավայրերը՝ անգամ 1700-ամեայ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնւում են «պատմական ադրբեջանական հողերում» եւ հայերը որպէս թէ «իւրացրել են» այդ տարածքները։ Անհեթեթ պնդումների շարքը Փաշազադէն եզրափակում է Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելով որպէս սպառնալիք տարածաշրջանի երկրների համար։

Զաւեշտալի է թւում, որ Խորհրդային իշխանութիւնների ազգաշինարարութեան արդիւնքում 1930-ական թթ․ երկրորդ կէսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգեւոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականութիւնը հայ ժողովրդի, որի հազարամեակների ստեղծագործ կեանքի ու հոգեւոր-մշակութային ժառանգութեան արժէքն ու պատկանելութիւնը համընդհանուր ճանաչում ստացած իրողութիւններ են։ Առաւել քան զարմանալի է, որ այլոց արժէքների իւրացման մէջ հայ ազգին ուղղուած մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետութեան անուանումն իսկ իւրացուած է այլ երկրից ու ժողովրդից։

Նոյն էժանագին գործելաոճն է ընկած նաեւ Ռուսատանի ու Նոր Նախիջեւանի թեմի անուան շուրջ Փաշազադէի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտութիւն պէտք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակայ բնակավայրերը անուանուել են «Նոր Նախիջեւան» հէնց ցարական Ռուսաստանի իշխանութիւնների որոշմամբ, որպէս յարգանքի արտայայտութիւն պատմականօրէն հայկական Նախիջեւանից այդ տարածք տեղափոխուած հայերի։

Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հրապարակային խօսքերում շարունակաբար տեղ գտնող թշնամանքի ու կեղծարարութեան նման դատապարտելի դրսեւորումներն ինքնին վկայութիւնն են այն իրողութեան, որ Ադրբեջանը հէնց ինքն է, Փաշազադէի խօսքերով ասուած, սպառնալիք տարածաշրջանի հարեւան երկրների համար։

Եւ վերջում՝ հարկ է մէկընդմիշտ արձանագրել, որ սուտն ու կեղծիքը երբեք չէն կարող ճշմարտութեան վերածուել, որքան էլ յաճախ ու խանդավառութեամբ կրկնուեն»։

Share