Արցախի ԱԺ նախագահի հարցաքննութեանը զուգահեռ արխիւային կադրեր են ցուցադրուել։
Բաքւում կայացել է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատաւարութեան հերթական նիստը։
Հարցաքննուել է Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը: Զուգահեռ ցուցադրուել են արխիւային կադրեր։
Այնուհետեւ ցուցմունք են տուել «տուժած» ադրբեջանցիները։
Յաջորդ նիստը տեղի կ’ունենայ մայիսի 8-ին։

Բաքւում շինծու գործերով նիստում Մարտունիի եւ Լաչինի ազատագրման հետ կապուած տեսանիւթեր են ցուցադրուել
Բաքուի զինուորական դատարանում այսօր շարունակուել է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտօնեաների շինծու գործերով հերթական դատական նիստը դատաւոր Զեյնալ Աղաեւի նախագահութեամբ։ Ադրբեջանական լրատուամիջոցների հաղորդմամբ՝ դատաւարութեան ընթացքում ուսումնասիրուել է, իբր, «Մարտունու շրջանի օկուպացիայի վերաբերեալ տեսանիւթ»։ Հաղորդւում է, թէ 1993 թուականի ապրիլին հայերի կողմից նկարահանուած տեսանիւթում Մարտունիում զինծառայողներ են երեւում, այդ թւում՝ Մոնթէ Մելքոնեանը, Մովսես Յակոբեանը, նրանց հետ՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսեանը եւ Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը։

Արցախի ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը, պատասխանելով դատախազների հարցերին, իր կարծիքն է յայտնել տեսանիւթում Սերժ Սարգսեանի կողմից, իբր, «նոր տարածքներ գրաւելու» մասին յայտարարութիւնների վերաբերեալ՝ ասելով, որ չի կարող մեկնաբանել։

Նիստում նաեւ ցուցադրուել են տեսանիւթեր՝ կապուած, իբր, «1992 թուականին Հայաստանի զինուած ուժերի կողմից Լաչինի շրջանի օկուպացիայի հետ»։ Նշւում է նաեւ, թէ, իբր, ներկայացուել են «1992 թուականի օգոստոսի 28-ին Գերանբոյի շրջանի Բալիգայայ գիւղում տեղի ունեցած կոտորածի վերաբերեալ արձանագրութիւնները եւ ցուցադրուել դէպքի վայրից լուսանկարներ»։
Յաջորդ դատական նիստը նշանակուել է մայիսի 8-ին։